Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է արտակարգ դրության պայմաններում Ապրիլի 24-ին կազմակերպած միջոցառումների ու դրանց վերաբերյալ որոշակի քննադատություններին:
«Եղան պրոթուրքական շրջանակների կողմից քննադատություններ, թե տեսեք՝ ուզում են արգելել զոհերի հիշատակը հարգել, ուզում են՝ մոռացության տալ Ապրիլի 24-ը: Այո՛, մենք ասում ենք, որ շատերն ազգային, ազգային ասելով՝ ժողովրդին թալանել են, վնասել են եւ դա արել են ազգային կարգախոսների ներքո: Ազգին մատուցած մի շարք ծառայություններ ծառայել են ժողովրդին՝ թալանելու համար», - ասել է վարչապետը:
Նա նշել է, որ չգիտեին՝ այդ մտահղացումը կստացվի, թե ոչ: «Չգիտեիքն՝ կկարողանանք պարզերես լինել մեր հանրության, մեր ժողովրդի, Սփյուռքի առաջ, թե ոչ, բայց մենք առաջնորդվեցինք՝ ճգնաժամը որպես հնարավորություն թեզով», - ասել է նա՝ հավելելով, որ «մեր պատմությունը պատմեցինք առանց աղմուկ-աղաղակի, մենք շատ ուժեղ, լսելի, տեսանելի ոգեկոչեցինք, բայց՝ առանց ողբի»:
«Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից, եւ մեր այդ կերպարը համոզված եմ՝ բոլորիս շատ դուր եկավ, որովհետեւ մենք հասկացանք, որ ահա այսպիսի ազգ ենք, այսպիսի ժողովուրդ ենք: Շատերը սոցցանցերում հարց էին բարձրացնում, թե ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալ՝ արեւածաղիկ չրթելով, շատերը բարձրացնում էին հարցը, որ փողոցների երկայնքով գետնին թափված ծաղկի վաճառք է տեղի ունենում եւ այլն», - ասել է նա:
Նրա խոսքով, եղան շատ կոնկրետ մեկնաբանություններ, ինչպես եւ կարելի էր սպասել, որ ահա, այս ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է Ծիծեռնակաբերդը, որպեսզի մոռացության մատնի Ցեղասպանության պատմությունը եւ այլն:
«Այդպիսի անհեթեթություններ էին հնչում, բայց մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը եւ այո, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետեւ ոմանք նաեւ չեն խորշել ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել», - ասել է նա:
Նա ընդգծել է, որ ժամանակին ազգային ասելով ազգին թշվառացրել են, ազգին թալանել են եւ դա արել են ազգային ամենաբարձր կարգախոսների ներքո: «Ես չեմ հավատում այն մարդկանց, որոնք ազգային կարգախոսների ներքո, այդ թվում շահարկելով թեկուզ ընդունելի, ազգին մատուցած իրենց մի շարք ծառայություններ, դա համարել են լեգիտիմություն ազգին նվաստացնելու, ազգին թալանելու, միլիոններ, միլիարդներ վաստակելու, փողեր լվանալու»,-ասել է Փաշինյանը: