24.11.2024
Կիպրոսը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին ու հարգում նրանց հիշատակը. նախագահ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն կոչ է արել Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հորդորում է նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա ևս ճանաչի ու ընդունի 1915 թվականի դեպքերը՝ որպես ցեղասպանություն: Այդպիսով ապագայում կկանխվի նման դեպքերի կրկնությունը:


«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրուցում Ջուդի Չուն հույս է հայտնել, որ այդ օրը կգա, և այդ խոսքերը Սպիտակ տան ղեկավարը կարտասանի: Դա կլինի անչափ կարևոր ուղերձ համայն մարդկությանը:


«Ես հպարտ եմ Փասադենայի շրջանից մեծ հայկական համայնքը կոնգրեսում ներկայացնելու փաստով: Ինձ բախտ է վիճակվել մոտիկից ծանոթանալ հայկական համայնքին և լսել հայերի պատմությունը: Առիթ եմ ունեցել հանդիպելու ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին, որոնք տարիների ընթացքում իրենց պատմությունը փոխանցել են սերունդներին: Ես տեսել եմ, թե ինչպես է Միացյալ Նահանգների մեծ հայկական համայնքը երկար ժամանակ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար: Ես առիթ եմ ունեցել մաս կազմելու բողոքի ու պահանջատիրության այդ երթերին: Կոնգրեսում առաջին իսկ օրվանից ես հայանպաստ բոլոր բանաձևերի մաս եմ կազմել: Երբ կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման բնաձևերն ընդունվեցին, ես ասացի՝ վերջապես արդարությունը հաղթեց: Ես երբեք այդ օրը չեմ մոռանա: Չեմ մոռանա նաև այդ օրը կոնգրեսում ներկա հայերի ուրախության արցունքները, քանի որ այդ պահին մենք բոլորս երկար էինք սպասել»,- ասաց Ջուդի Չուն: Նրա խոսքով՝ բանաձևերի ընդունումով՝ Միացյալ նահանգների կոնգրեսը ճանաչեց 1915 թվականի դեպքերը՝ որպես ցեղասպանություն և ասաց, որ նման դեպքերի կրկնությունն անթույլատրելի է:


Կոնգրեսականը նկատեց, որ այս տարի համաճարակի պատճառով հայ համայնքի հետ չեն կարող միասին ևս մեկ անգամ ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, բայց ընդգծեց, որ հոգեպես միասին են: Ըստ նրա՝ հպարտությամբ կարող ենք ասել, որ 105 տարի անց կարողացան համատեղ ձեռքբերում ունենալ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում:


«1,5 մլն հայերի կյանքը թանկ է մեզ համար, և մենք երբեք չենք մոռանա հայերի հետ տեղի ունեցածը: Համատեղ աշխատանքով կարողացանք Հայոց ցեղապսանության ճանաչման և պատմական փաստերը ընդունելու համատեքստում մեծ առաջընթաց գրանցել: Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում պետք է աշխատանքներ իրականացնել՝ վստահ լինելու համար, որ կրթական բոլոր բնագավառներում Հայոց ցեղասպանության պատմությունը կդասավանդվի, և համապատասան գիտելիքներ կփոխանցվեն գալիք սերունդներին: Այս ամենին զուգահեռ ես կարևորում եմ նաև Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը և տարածաշրջանում խաղաղության հաստատումը: Խիստ կարևորում եմ նաև ականզարծման աշխատանքների շարունակությունը, որպեսզի ապագյում կարողանանք փրկել մարդկային կյանքեր»,- հավելեց նա: