"Սուպերնախարարությունը" տրոհվեց. ՊԵԿ-ը կառանձնացվի Ֆինանսների նախարարությունից
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով վերակազմակերպում է Ֆինանսների նախարարությունը: Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպվում է` դրանից առանձնացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
Նախագահ Սերգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը, որոշում է կայացրել
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպել՝ դրանից առանձնացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի վերնագրի «կառավարության կառուցվածքը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը» բառերով, իսկ հրամանագիրը II բաժնի 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով՝
«1.1. Պետական եկամուտների կոմիտե»:
3. Սահմանել, որ «Մաքսային կարգավորման մասին», «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված վերադաս մաքսային եւ հարկային մարմինների ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահն է:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
Տեղեկությունները, որ ֆինանսների նախարարությունից անջատված Հարկային ու Մաքսային ծառայությունների ղեկավար է նշանակվելու Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, դեռ պաշտոնական հաստատում չեն ստացել, բայց կարծես խիստ հավաստի են, հայտնում է
Հայկական ժամանակը:
Նույն տեղեկությունների համաձայն, ֆինանսների նախարար կնշանակվի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: