Ինչի՞ էր պետք օրենքը, եթե օպերատորները բաժանորդներին տեղորոշել չեն կարող. ԼՀԿ պատգամավոր
Կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրն, ինչի համար նախատեսված էր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Եղիազարյանը, ով ապրիլի 1-ին դիմել է Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում:
«Հարցրել եմ նաև, թե, օրինակ, 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումը ինչպե՞ս է հնարավոր իրականացնել: Արդյոք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X,Y,Z հարթությունում թե՞ միայն X,Y- ում:
Ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100մ է։
Փաստորեն կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրն, ինչի համար նախատեսված էր։
Ուստի կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել»,- գրել է պատգամավորը, հրապարակելով Հայաստանում գործող ընկերությունների պատասխանները:
Հիշեցնենք, համաձայն օրենքի՝ նախատեսվում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ հետևել քաղաքացիների հեռախոսազանգերին, հաղորդագրություններին, տեղորոշել նրանց գտնվելու վայրը։