Արցախն աջակցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին
Արցախն աջակցում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Twitter-ի միկրոբլոգում:
«Արցախը վերահաստատում է իր լիարժեք հավատարմությունը Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս ճգնաժամային պահին ողջ մարդկության ջանքերը պետք է ուղղվեն COVID-19-ի դեմ պայքարին»:
Ավելի վաղ Twitter-ի իր միկրոբլոգում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ևս իր աջակցությունն էր հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչին. «Հայաստանն իր լիակատար աջակցությունն է հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ ուղղված աշխարհի տարբեր անկյուններում համաշխարհային զինադադար հաստատելուն, մինչ մարդկությունն առերեսվում է ընդհանուր թշնամի՝ կորոնավիրուսին», - գրել էր նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը կոչ է արել պատերազմող կողմերին ամբողջ աշխարհով մեկ վայր դնել զենքերը՝ ի աջակցություն առավել մեծ պայքարի ընդդեմ COVID-19- ի։
«Ընդհանուր թշնամին այժմ սպառնում է ամբողջ մարդկությանը: Վիրուսի կատաղությունը ցույց է տալիս պատերազմի հիմարությունը։ Այդ պատճառով այսօր ես կոչ եմ անում անհապաղ գլոբալ հրադադար հաստատել աշխարհի բոլոր անկյուններում: Ժամանակն է զինված բախումը դնել փակման տակ և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»,- ասել է նա։