Ջավախքում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է
Սամցխե Ջավախքի վեց մունիցիպալիտետներից հինգի՝ 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից:
Ըստ Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի Սամցխե Ջավախքի բաժնի տվյալների, Ախալցիխեում ինքնամեկուսացվել է 18 մարդ, Բորջոմիում՝ 8, Ասպինձայում՝ 4, Նինոծմինդայում՝ 4, Ադիգենիում՝ 2 մարդ:
Ալիք Մեդիայի հետ զրույցում Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը հաստատեց տեղեկատվությունը: Նրա խոսքով, նախօրեին Հայաստանից Վրաստան է ժամանել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ, Վրաստանի 5 քաղաքացի: Նրանցից մեկը 37 աստիճան ջերմություն է ունեցել, ինչի պատճառով տեղափոխվել է Աբասթումանիի կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ նրա մոտ ջերմություն չի արձանագրվում: Ինչ վերաբերում էմնացած 4 ուղևորներին, նրանք ինքնամեկուսացվել են, առողջական որևէ գանգատ չունեն:
Հիշեցնենք, Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների 33 դեպք է արձանագրվել, այստեղից մեկն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 637 մարդ, հատուկ ուշադրության տակ՝ 54 մարդ:Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից փակել Վրաստանի բոլոր սահմանները, արգելել արտասահմանցիների մուտքը Վրաստան:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը: Պետությունը կոչ է անում ինքնամեկուսացվել, չհաճախել մարդաշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքները ևս: Ի դեպ, Վրաստանը երկու շաբաթով փակում է սահմանները բոլոր պետությունների հետ: