24.11.2024
Ինձ ապահով եմ զգում. Տուսկը պատասխանեց Փաշինյանի՝ կորոնավիրուսի վերաբերյալ կատակին
prev Նախորդ նորություն

Ռուբլին արժեզրկվում է. սպասե՞լ 2014-ի սցենարի կրկնությունը

Նավթի գնանկումով պայմանավորված ռուբլու կտրուկ արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն կունենա, սակայն ոչ վճռորոշ: Տնտեսագետները չեն սպասում 2014-ի սցենարի կրկնությունը Հայաստանում, քանի որ արժութային ու ֆինանսական իրավիճակը Հայաստանում առավել կայուն է և դրա համար կան նախադրյալներ:


Տնտեսագետ Գոռ Ծառուկյանը վստահ է, որ արտարժույթի շուկայում խուճապ ստեղծելու կարիք չկա, ոչ էլ անհրաժեշտ է դոլար կամ եվրո գնելու կոչեր անել:


Նախ՝ տրանսֆերտների մասով, որոնք սովորաբար կրճատվում են Ռուսաստանում բացասական տնտեսական զարգացումների պարագայում: 2014-ին հենց տրանսֆերտների կրճատումը և ՌԴ-ում գնողունակ պահանջարկի անկումը հանգեցրեց Հայաստանում դոլարի կտրուկ արժևորման և տնտեսական իրավիճակի վատթարացման՝ հարվածելով թե՛ ներքին պահանջարկին, թե՛ Ռուսաստանի շուկայում հայկական ապրանքների գնողունակ պահանջարկին, այն է մրցունակությանը:


Տրանսֆերտներից կախվածությունը նվազել է


«Տրանսֆերտներից ունեցած կախվածության մակարդակն այժմ Հայաստանի տնտեսության համար ցածր է, քան երբևէ: 2019-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 3.7%-ը, համեմատության համար՝ 2014-ին նույն ցուցանիշը եղել է 10.5%, իսկ 2013-ին ավելի բարձր՝ 13%: Սա նշանակում է, որ տրանսֆերտների նկատմամբ Հայաստանի տնտեսության զգայունությունը նշանակալի նվազել է, և Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների հնարավոր նվազումից այլևս պետք չի վախենալ էնպես, ինչպես վախենում էինք 2013-14 թվերին», - նշում է տնտեսագետ Գոռ Ծառուկյանը:



Երկրորդը, նրա խոսքով, Հայաստանի արտարժութային պահուստները բարձր մակարդակի վրա են: 2020-ի փետրվարին միջազգային պահուստները կազմել են 2.6 մլրդ դոլար, իսկ Կենտրոնական բանկը մինչև վերջերս շարունակում էր արտարժույթ գնել շուկայից, որ թույլ չտա դրամի էլ ավելի արժևորումը դոլարի նկատմամբ:


«Այս գործոններով պայմանավորված՝ Հայաստանն ունի բավական մեծ բուֆեր՝ արտարժութային ինտերվենցիայի միջոցով ֆինանսական համակարգի կայունությունը պահպանելու համար: Սա կրկին վստահեցնում է, որ ռուբլու հնարավոր արժեզրկումից պետք չի վախենալ էնպես, ինչպես վախենում էինք 2013-14 թվերին», - նշում է նա:


Ամենաէական գործոնը, որ հնարավոր է բացասաբար ազդի Հայաստանի տնտեսության վրա, պղնձի գնի նվազումն է: «Տարվա սկզբից պղնձի գինը նվազել է մոտ 10%-ով: Իսկ Հայաստանի արտահանման կառուցվածքում պղնձի հանքաքարի ու խտանյութի արտահանման կշիռը 2019-ին մեծացել է՝ մինչև 24%», - նշում է նա ու հավելում.


«Խոշոր տնտեսություններն արդեն արձագանքել են՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցնելով: Կորանավիրուսի հետ կապված խուճապը երկու-երեք շաբաթից կանցնի, նավթի գնի շուրջ մինչ էդ կպայմանավորվեն, ու դեռ նախորդ տարվա սկզբին մեկնարկած մինիճգնաժամը, կարծում եմ, չի խորանա: Այնպես, որ դոլար գնելու կոչեր մի շտապեք անել»:


Պետությունն ուսումնասիրում է իրավիճակը


Այժմ, ըստ պաշտոնական լրատվության, Հայաստանի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նավթի համաշխարհային գների անկմամբ պայմանավորված ռուբլու արժեզրկման խնդրով իրականացնում է համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցի հայաստանյան արտադրողներին և արտահանողներին:


Ռուսաստանի դաշնությունը, ինչպես նշում է նախարարության մամուլի խսնակ Աննա Օհանյանը, Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, և «մեր պատրաստի արտադրանքի զգալի մասի շուկան Եվրասիական տնտեսական միությունն է և, մասնավորապես, Ռուսաստանը»: Բնականաբար, այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը:


«Այլ հավասար պայմաններում ռուբլու արժեզրկումը այլ հիմնական արտարժույթների նկատմամբ կարող է ազդել հայաստանյան արտադրողների մրցունակության վրա: Ամեն ինչ կախված է նրանից, թե նշված փոփոխությունները որքանով են կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Հաշվի առնելով, որ փոփոխությանը նախորդել է նավթի համաշխարհային գների անկումը՝ պետք է սպասել, որ նավթի գների վերականագնման հետ միասին կվերականգնվի նաև ռուբլու գնողունակությունը»,-ասել է Աննա Օհանյանը:


Էկոնոմիկայի նախարարի մամուլի խսնակ Աննա Օհանյան


Նա նկատել է, որ նման իրավիճակներում կարճաժամկետ գնահատականները չեն կարող արտացոլել իրավիճակի բոլոր կողմերը: «Ուստի մենք իրականացնում ենք իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցենք մեր արտադրողների և արտահանողներին»,-ասել է նախաարրության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ վստահեցնելով, որ շարունակում են հետևել զարգացումների և առաջիկայում կներկայացնեն իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականները, որպեսզի մասնավոր հատվածում ձևավորվող սպասումները լինեն օբյեկտիվ և իրավիճակին համապատասխան»


«Ակնհայտ է, որ այս օրերին նկատվող զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են մեր ապրանքների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը»,-նկատեց նա:


Նավթի համաշխարհաին գները նվազել են շուրջ 30 տոկոսով: Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքն աճել է 9,5 տոկոսով եւ գերազանցել 75 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը վեր է բարձրացել 85 ռուբլուց (փակման նախորդ նստաշրջանի մակարդակի նկատմամբ աճը կազմել Է 10 տոկոս): Վերջին անգամ դոլարի փոխարժեքը 75 ռուբլուց բարձր Է եղել 2016 թվականի մարտին, իսկ եվրոյի փոխարժեքը 85 ռուբլին գերազանցել Է նույն տարվա փետրվարին:


Այժմ դոլարը վաճառվում Էր 75,22 ռուբլով (+9,8 տոկոս): Եվրոյի փոխարժեքը գտնվում Էր 86 ռուբլու նշագծին (+11,2 տոկոս): Ռուբլին ամերիկյան եւ եվրոպական արժույթների նկատմամբ Էժանանում Է նավթի համաշխարհային գների փլուզման ֆոնին: