Թուրքիան ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում չունի. ԱԳՆ
Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությանը:
Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այդ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել էր ԼՂ կարգավորմանը՝ նշելով, որ Մինսկի խումբը պետք է ավելի արդյունավետ աշխատի այդ խնդրի լուծման ուղղությամբ:
«Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերվող միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ», - ի պատասխան ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպել է Թուրքիայում՝ նրանց հորդորելով ավելի արդյունավետ աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Չավուշօղլուին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը աստվածաշնչյան պատգամով էր պատասխանել՝ մեջբերելով Ղուկասի Ավետարանի 4:23 խոսքերը. «Բժի՛շկ, քո անձը բժշկիր»: