Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ևս 4 անձի գործով դատաքննությունն ըդհատվեց այն բանից հետո, երբ երկրորդ նախագահի փաստաբան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին:
Բացարկ դատախազին
«Սույն գործով նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ», - ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ ՀՔԾ քննիչի ծանուցագրով Սերժ Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կանչվել է հարցաքննության որպես վկա, հարցաքննության ավարտից րոպեներ անց կատարվել է առերեսում նրա եւ սույն գործով մեկ այլ մեղադրյալի միջեւ:
Նույն օրը, նշում է նա, ժամը 16:10–ին առերեսումն ավարտվել է, իսկ ժամը 16։12-ին քննիչն իր գրասեղանին դրված փաստաթղթերի մի փաթեթը ուղղակի շրջել է՝ հայտարարելով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:
«Դա եղել է արդեն իսկ կազմված, տպագրված եւ ստորագրված է եղել, իսկ որոշման մեջ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ժամը հասկանալի պատճառներով բացակայել է։ Հետեւաբար, վկայի կարգավիճակով հարցաքննություն եւ առերեսում կատարելը կրել է ձեւական բնույթ, դրա արդյունքները քննիչի համար որեւէ նշանակություն չեն ունեցել, եւ որպես մեղադրյալ ներգրավվելու հանգամանքը նախապես որոշված է եղել ամենայն հավանականությամբ այլ պաշտոնատար անձի կողմից», - նա նիստի ժամանակ՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքն ապօրինի է.
«ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը կազմված է մեկ ապացույցի՝ մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի»։
Նրա ներկայացրած միջնորդությանն առարկեց մեղադրող դատախազը՝ նշելով, որ պաշտպան Հակոբյանը վերացական դատողություններ է ներկայացրել, որոնք քրեադատավարական օրենքներից չեն բխում. «Ինձ բացարկ հայտնելու միջնորդության մեջ որեւէ խախտման մասին չներկայացվեց, ներկայացվածները սուբյեկտիվ բնույթի դատողություններ էին։ Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածով սահմանված է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը, նրա կողմից արարքի կատարումը վկայումը բավարար ապացույցների ամբողջությունն է։ Դատարանի համար ակնառու կդառնա մեղադրական եզրակացությունը ուսումնասիրելուց հետո ապացույցների ամբողջությունը ակնառու կլինի»։
Դատախազը նաև անդրադարձավ պաշտպանի՝ «Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում միայն մեկ ցուցմունք է» հայտարարությանը, ընդգծելով. «Դա քրեական գործերի նյութերից չբխող, վերացական հայտարարություն է։ Այդ հիմքերը սուբյեկտիվ մեկնաբանման արդյունք են, հետեւաբար օբյեկտիվ իրականության հետ որեւէ կապ չունեն։ Դա հիմք չէ ինձ բացարկ հայտնելու համար»։
Դատավորն ընդհատեց նիստը
Դատավորն ընդհատեց նիստը և հեռացավ խորհրդակացական սենյակ որոշում ընդունելու: Որոշումը կհրապարակվի փետրվարի 26-ին, որից հետո դատավորը նշանակելու է հաջորդ դատական նիստի օրը:
Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նրկայացված «մեղադրանքն անհիմն է»: «Սա չէր կարող լինել քրեական գործ, հետո դառնալ մեղադրանք և ներկայացվեր դատարան: Մենք դատավարությա ընթացքում հերթով ներկայացնելու ենք այս գործի հիմնազուրկ լինելու մասին փաստեր», - ասաց նա՝ հավելելով, որ գործը կառուցված է մեկ ցուցմունքի վրա, որն ըստ էության «ապացույց չի կարող համարվել»: «Դատավարության ընթացքում պարզ կդառնա, թե արդյոք այդ դա ցուցումնք է և կարելի արդյոք այն համարել ապացույց», - բազմաբովանդակ հայտարարեց Մակինյանը՝ չհայտնելով, թե ով է այդ «մեկ ցուցումնքի» հեղինակը:
Նա նաև չհերքեց մամուլում շրջանառվող տեղեկություններն առ այն, որ Սերժ Սարգսյանի դեմ «դիզվառելիքի գործով» ցուցումնք է տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: վիջեինս ի դեպ մասնակցում էր դատական նիստին, որի ավարտից հետո հեռացավ դատարանի շենքից առանց մեկնաբանությունների: «Հետևեք դատավարության ընթացքին», - կարճ ասաց նա լրագրողներին ու հեռացավ դատարանի շենքից:
Ի՞նչ մեղադրանք է նրկայացվել Սարգսյանին
VERELQ-ը հիշեցնում է, որ տվյալ գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։
Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ համարելով այն շինծու: Իսկ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն իրենց ղեկավարին ներկայացրած մեղադրանքը կապում են արցախյան գործընթացում «բացասական զարգացումների հետ»: