24.11.2024
Մադրիդյան փաստաթուղթը փոխարինվել է «Մյունխենյան սկզբունքներո՞վ». ԱԳ նախարարի պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս է Հայաստանը վերաբերում Թրամփի առաջարկած «Դարի գործարքին». ԱԳ նախարար

Հայաստանն ուշադրությամբ հետևում է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ընթացող զարգացումներին, որը պայմանավորված է Սուրբ քաղաքում հայկական դարավոր ներկայությամբ, հայկական հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայ առաքելական եկեղեցին Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկն է:


Այս մասին փետրվարի 24-ին Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որի համոզմամբ՝ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում:


Այսպես նախարարը մեկնաբանեց Վաշինգտոնի առաջարկված Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ կարգավորման պլանը («Դարի գործարք»): Նրա խոսքով, Հայաստանը դիտում է Արևելյան Երուսաղեմը որպես 1967թ. գրավված տարածքների մի մաս և գտնում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի շահագրգիռ կողմերի միջև բանակցությունների արդյունքում:


Հայաստանը, նրա խոսքով, սատարում է Պաղեստինյան հիմնահարցի՝ երկու պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը և կողմերի միջև բանակցությունների վերսկսման ջանքերը: «Ընդունելով իր քաղաքացիների համար խաղաղ և անվտանգ պետություն ունենալու Իսրայելի իրավունքը՝ միաժամանակ աջակցում ենք Պաղեստինի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի իրագործմամբ՝ անկախ պետության ստեղծման ձգտմանը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը:


Հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել էր պաղեստինաիսրայելական խաղաղ կարգավորման պլանի մասին, որը հիմնված է երկու պետությունների փոխադարձ ճանաչման վրա:


Ըստ այդմ, ԱՄՆ-ն առաջարկում է Գազայի հատվածից եւ Հորդանան գետի Արևմտյան ափից բաղկացած պաղեստինյան տարածքն անխզելիորեն կապել արագընթաց տրանսպորտային օղակներով, իսկ Արևելյան Երուսաղեմը ճանաչել արաբական պետության մայրաքաղաք:


Միևնույն ժամանակ, Երուսաղեմն անվանվում է Իսրայելի անբաժանելի մայրաքաղաք եւ հայտարարվում հրեաների բնակավայրերը որպես Իսրայելական տարածք ճանաչելու Վաշինգտոնի մտադրության մասին: Որպես խաղաղության գործընթացի պայմաններ` Ամերիկայի նախագահը նշել է, որ Պաղեստինի իշխանությունները պետք է հրաժարվեն աջակցել «ՀԱՄԱՍ» արմատական շարժմանը Գազայի հատվածում, ինչպես նաեւ պետք է հրաժարվեն զինված պայքարի մեթոդներից: Կարգավորումը առաջ տանելու համար Միացյալ Նահանգները պաղեստինցիներին 50 միլիարդ դոլար ներդրում են առաջարկում:


Այս նախագաիծը սուր քննադատության են ենթարկել Պաղեստինի իշխանություները, Իրանն ու Թուրքիան: Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի «դարի գործարք» նախագիծը «դարի դավաճանություն է» պաղեստինցիների նկատմամբ: