24.11.2024
Իրանի ընտրություններ. «Բազեների» հաղթանակը՝ցածր մասնակցության ֆոնին
prev Նախորդ նորություն

Հայաստանը երկու շաբաթով դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը

Հայաստանի կառավարությունը հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։


Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։


Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։


Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են», - ասված է հայտարարության մեջ։



Իրանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է գրանցվել փետրվարի 23-ին: Ըստ այդմ, մահվան ցուցանիշով Իրանը երկրորդն է աշխարհում` Չինաստանից հետո: Միաժամանակ, հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ևս 15 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, այս պահին իրանական հիվանդանոցներում բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 43 մարդ, 785-ն էլ կարանտինի մեջ են:


Իրանի բոլոր համալսարանները մեկ շաբաթով փակվել են։ Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է խուսափել Ղոմ այցելելուց, և միևնույն ժամանակ Ղոմի բնակիչներին հորդորել անհրաժեշտության դեպքում դուրս գալ քաղաքից»:


Փետրվարի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց: Վրաստանը ևս խորհուրդ է տվել խուսափել այցելությունից: Օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Քուվեյթն ու Իրաքը դադարեցրել են չվերթների մեծ մասը Իրան:


Հիշեցնենք`2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին: Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի նոր տեսակից մահացածների թիվը փետրվարի 23-ի դրությամբ հասել է 2 442 մարդու, վարակվածներինը` 76 936 է: