Վիեննայում հանդիպել են Եվրոպայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները
Փետրվարի 11-ին Վիեննայում մեկնարկեց Եվրոպայում եւ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։
ԱԳՆ-ից հայտնում են, որ հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով կարեւորեց նման ձեւաչափով անցկացվող արդեն իսկ ավանդական դարձած հավաքները՝ որպես տեղում Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ։
Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին եւ դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Քննարկման օրակարգում էին ինչպես միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման, այնպես էլ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին առնչվող հարցերի լայն շրջանակ։