Ազգային ժողովն ընդունեց նախօրեին քննարկված մի շարք օրինագծեր
Ազգային ժողովն այսօր ընդունեց նախօրեին քննարկված մի շարք օրինագծեր:
Մասնավորապես, առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվի ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: Նախագծով սահմանվում է, որ մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ԺՊ ոչ ավել, քան 6 ամիս ժամկետով: Իսկ եթե մրցույթը հայտարարվում է չկայացած, ապա ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել ընդամենը 1 անգամ` 3 ամիս ժամկետով:
Բացի այս, առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է գործող օրենքի հասկացությունները լրացնել նոր սահմանումներով: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար որպես պարտականություն սահմանվել է բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ՀՀ ոստիկանություն հաղորդում ներկայացնելը, եթե ԲԿ տեղափոխված պացիենտը գիտակցությունը կորցրած վիճակում է կամ ունի որոշակի վնասվածքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ տեղի է ունեցել բռնի կամ հակաօրինական գործողություն:
Սահմանվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրմանը և գործունեության ապահովմանն ուղղված դրույթներ:
Խորհրդարանը շարունակում է աշխատանքը: