25.11.2024
Հեղափոխությանը ասում եմ Այո, ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ. Փաշինյանի բանաստեղծությունը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Քաղաքական առևտուր՝ Ծառուկյանի «այո»-ի գինը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն կարծես հավակնում է ԼՀԿ-ից խլել «երրորդ ճանապարհի» մենաշնորհը։ Երեկ ԲՀԿ-ում խոսում էին, որ հանրաքվեի հարցով չեն ընտրի ո՛չ «այո»-ի, ո՛չ էլ «ոչ»-ի ճանապարհը, կգնան երրորդ ճանապարհով՝ դիտորդի։ Առաջիկա օրերին կուսակցությունը, հավանաբար, հայտարարություն կտարածի այդ մասին, մոտավորապես այն բովանդակությամբ, որ իրենց համար կարեւորը ժողովրդի կարծիքն է՝ հանրաքվեի արդյունքում ժողովուրդն ինչ որոշում կայացնի, այն էլ ԲՀԿ-ի համար կլինի ընդունելի։ Ի դեպ, չնայած երեկ Գագիկ Ծառուկյանը հերքեց Նիկոլ Փաշինյանի հետ այս հարցով հանդիպելու եւ քննարկում ունենալու մասին հարցը, բայց տեղեկություններ տարածվեցին, որ քաղաքական առեւտուր է կայացել՝ իշխանությունը կարճել է Ծառուկյանի որդու եւ մերձավորների հետ կապված որոշ գործեր, մի շարք այլ հարցերում եւս զիջումների է գնացել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է գլխավորելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Խնդիր է դրված գնալ հնարավորինս մեծ թվով քաղաքներ ու գյուղեր և հասարակությանը համոզել ու ապացուցել, որ այս հանրաքվեն ոչ թե Հրայր Թովմասյանի, այլ քոչարյանա-սարգսյանական իշխանության տապալման վերջն է»:


«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես մեր աղբյուրն է հայտնում, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ծիծաղելի սցենարն են մշակում: Մեր աղբյուրի տեղեկություններով՝ վարչապետ Փաշինյանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին առաջարկել է տևական ժամանակ լռել և հերքել բոլոր այն լուրերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, թե Վահե Գրիգորյանն է հավակնում դառնալ ՍԴ նախագահ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ հանրության մի ստվար հատված տանել չի կարողանում Վահե Գրիգորյանին, ուստի Գրիգորյանը ապրիլի 5-ի հանրաքվեին կարող է խոչընդոտ հանդիսանալ: Այդ պատճառով Փաշինյանն առաջարկել է Վահե Գրիգորյանին մի որոշ ժամանակ մարդկանց աչքին հնարավորինս քիչ երևալ, որից հետո գործ ցույց կտա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չնայած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ հանրաքվեի դրվող յուրաքանչյուր հարցով պետք է գործեն «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբներ, սակայն այս պահի դրությամբ վերջինիս ճակատագիրը դեռեւս մշուշոտ է: Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է. «ՈՉ» քարոզչության կողմ կարող են ձեւավորել համապատասխանաբար հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողով ներկայացված օրենքի նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները»:  Այսինքն՝ ստացվում է, որ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները պետք է լինեն խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները: Սակայն ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ արդեն իսկ հայտարարեց, որ իրենք ձեռնպահ են մնում եւ չեն մասնակցելու քարոզչությանը: Եվ չնայած խորհրդարանական մյուս ընդդիմադիր՝ ԲՀԿ խմբակցությունը որոշել է չմիանալ իր ընդդիմադիր գործընկերներին եւ չդիմել Սահմանադրական դատարան, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, չի բացառվում, որ, ամեն դեպքում, այս կուսակցությունը մասնակցի «Ոչ»-ի քարոզարշավին:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ԲՀԿ-ն ակտիվ քննարկումների մեջ է այս հարցով, սակայն որոշել են մինչեւ այս շաբաթվա վերջ սպասել, հասկանալ՝ ինչ իրավիճակ է «Ոչ»-ի ճամբարում, եւ վերջնական որոշում կայացնել: Ամեն դեպքում, մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ չի բացառվում՝ հենց նրանք էլ ձեւավորեն «Ոչ»-ի ճամբարի մի կողմը: Սակայն «Հանրաքվեի մասին» նույն օրենքը հնարավորություն է տալիս ձեւավորել «Ոչ»-ի ճամբար նաեւ արտախորհրդարանական ուժերից, սակայն այն հստակ կանոններ է սահմանում: Այսինքն՝ եթե ձեւավորվի այլընտրանքային շտաբ, ապա այն պետք է բաղկացած լինի առնվազն 50 քաղաքացիներից: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, արտախորհրդարանական ընդդիմադիր ուժ հանդիսացող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ինչպես նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը եւս չեն մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին: Նման որոշում չունեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Եվ այս ամենին զուգահեռ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ չի լինելու: Երեկ արդեն «Հայ ազգային կոնգրեսը» եւ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն են տարածել, որ իրենք կողմ են Ազգային ժողովի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը եւ մասնակցելու են «Այո»-ի քարոզչությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը նորմալ, բնականոն հունով իր գործն է անում` ոչ մի ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում իր շուրջը․ այսօր ՍԴ ենք հրավիրել արդարադատության նախարարին՝ միջազգային պայմանագիր ենք քննարկելու, զեկուցողն ինքն է»,- երեկ ասաց ՍԴ մեր աղբյուրը: «Նաեւ իրավական հոդվածների մրցույթ ենք հայտարարել՝ մինչեւ հունիսի 5-ը, նույն օրը պատրաստվում ենք տոնել ՍԴ-ի ձեւավորման 25-ամյակը»: Բա հանրաքվե՞ն։ «Կարծում եմ` Հայաստանի հպարտ քաղաքացին հակաօրինական ճանապարհով չի գնա»: Իսկ կա՞ դատավոր, որ հնարավոր է` վաղաժամ թոշակի գնա․ Ֆելիքս Թոխյանի անունն են հոլովում։ «Այս պահին` ոչ, բոլորն ակտիվ աշխատում են, բացառությամբ մեկի։ Փաստ է, որ իշխանություններն ինչ քայլ արել են, սխալ է դուրս եկել, այս մեկը եւս բացառություն չէ՝ կարճաժամկետ կտրվածքով գուցե թվացյալ հաջողություններ ունեն, սակայն երկարաժամկետով չեն կարող հաջողություն ունենալ՝ 3 պատճառով. իրենց նպատակներում անազնիվ են, այդ ամենը չեն անում արդարադատության համակարգը բարեփոխելու ազնիվ մղումով։ Գործողություններն ապօրինի են. օրենքներից հատկապես ընտրում են այն, ինչ չի կարելի անել, եւ անցնող ամեն օր իրենց դարձնում է ավելի խոցելի։ Տեսեք` արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ նախարարը խոսել է Բուքիքիոյի հետ, ու ոչ մի բառ, թե ինչ։ Հանրաքվեի մասին օրենքը առաջին նախադեպն է, որ չի ուղարկվել Վենետիկ: Չի բացառվում, որ Բուքիքիոն եզրակացություն գրի, ներկայացնի ԵԽ, ասել է թե` երկիրն ավելորդ թուլացնում ենք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն հանրաքվեի մասնակցության մասով, մանավանդ որ հասունանում է բոյկոտի տարբերակը: «Իմ քայլում» պնդում են, որ պետք է վերադառնալ նախկին ընտրակարգին` թույլ տալ, որ դրսում ապրող ՀՀ քաղաքացիները քվեարկեն ՀՀ դեսպանատներում, սակայն տեխնիկապես դա հնարավոր չէ, որովհետեւ բախվում են Ընտրական օրենսգրքի փոփոխության խնդրին: Իշխանությունները փորձում են գնալ ավելի օպտիմալ ճանապարհով. 2 խոշոր քաղաքների՝ Գյումրի եւ Վանաձոր, քաղաքապետերի ընտրությունը եւս նշանակել ապրիլի 5-ին` մասնակցության մեծ թիվ ապահովելու համար: Հիշենք, որ Գյումրիում ընտրությունը պետք է կայանար 2021-ին, սակայն որոշել էին տեղափոխել այս աշուն, հիմա ուզում են տեղափոխել գարուն` խոշորացման պատրվակով: Նույնը` Վանաձորի դեպքում: Սակայն Գյումրիի քաղաքապետի թեկնածու չունեն։ Համոզում են Հայկ Մարությանի տեղակալ, Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանին, սակայն վերջինս համաձայն չէ։ «Չի ուզում մտնել նման պատասխանատվության տակ, համ էլ իրեն քաղաքապետարանում կոմֆորտ է, էլ չենք ասում, որ նրա դեմ իր թեկնածությունը կդնի «Արմենիա» ՀԸ նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որի ընտրվելու շանսերը մեծ են»,- ասաց մեր աղբյուրը»:


«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս որոշել է ոչ թե մնալ որպես հայաստանյան նոր իշ­խանության քաղաքական հոր դերում, այլև կոնկրետ «պապայություն» անել՝ տեր կանգնելով առաջիկա գործընթաց­ներին: Իշխանական «Իմ քայլում» սկսել են գիտակցել, որ միայնակ հանրաքվեի տակից դուրս չեն գա, ուստի որոշել են բացել խաղաքարտերը, այլևս բացեիբաց հայտարարելով, որ իրենք, այնուա­մենայնիվ, մեկ իզմ ունեն, դա ՀՀՇ-իզմն է: Այսպիսիով՝ ՀԱԿ-ից ծվեն-ծվեն եղած ուժերն ու անձինք կրկին միավորվում են: Իշխանության նախաձեռնած հան­րաքվեի «Այո» ճամբարին շտապել է մի­անալ լևոնտերպետրոսյանական ՀԱԿ-ն ու Արամ Սարգսյանի «Հանրապետու­թյուն» կուսակցությունը»


«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը ազգությամբ հայ հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանին դատապարտել է 5 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման: Այս քրեական գործը լայն արձագանք է գտել սփյուռքում. մեր տեղեկություններով, մի շարք համաշխարհային դեմքեր նույնիսկ նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին այս գործը վերանայելու խնդրանքով: Հիշեցնենք, որ գործը կապվում է «Հայբիզնեսբանկի» սեփականատեր Վիտալի Գրիգորյանցի հետ: Ստեփան Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, սակայն վերջինս պնդում է, որ Վիտալի Գրիգորյանցը կարողացել է Սերժ Սարգսյանի հետ ունեցած լավ հարաբերությունների շնորհիվ «գործ կարել» Մարտիրոսյանի վրա: Նշենք, որ Ստեփան Մարտիրոսյանը տեւական ժամանակ ԱՄՆ-ում զբաղված է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությամբ, փորձել է կապ հաստատել հայտնի ռեժիսորների հետ եւ այդկերպ հանրայնացնել Հայոց ցեղասպանությունը: Նրա լոբբինգի շնորհիվ է, որ նկարահանվեց «Խոստումը» ֆիլմը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտպանության նախարարությունում նոր սկանդալ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում հետաքննություն են իրականացրել եւ նոր բացահայտումներ արել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանի մասով: Մասնավորապես, գնդապետ Գալստյանը 2018-2019 թվականի՝ Պաշտպանության նախարարության կարիքների համար երկու փուլով մրցույթ է հայտարարել՝ մի քանի 100 միավոր նավիգացիոն սարքերի գնման համար: Եվ երկու փուլով անցկացված եւ հաղթած ընկերությունները ինչ-ինչ հանգամանքներում մրցույթից դուրս են մնացել: Գնդապետ Գալստյանը կրկին ՊՆ կարիքների համար մրցույթի մասին է հայտարարել, որին մասնակցել է իր կնոջ քրոջը՝ Քրիստինե Մեսրոպյանին պատկանող «Գեոշին գրուպ» ընկերությունը, եւ հենց նրա հետ էլ կնքվել է շուրջ 30 միլիոն դրամի պայմանագիրը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պն գնդապետ Արթուր Գալստյանը հայտնեց. «Ընդհանրապես կապ չունեմ, դրանով զբաղվում է նյութատեխնիկական ապահովվման դեպարտամենտը, ես ո՛չ հանձնաժողովի անդամ եմ, ո՛չ էլ հայտ կազմող անձ»: Չնայած գնդապետը հերքում է իր կապը, սակայն նախարարությունում կասկածում են, թե Արթուր Գալստյանը իր ազգականների միջոցով ՊՆ-ում բիզնես է իրականացնում. մի մրցույթում հաղթում է կնոջ քրոջ ընկերությունը, մյուս դեպքում՝ հորեղբոր տղայի ընկերությունը, որոնցից մեկով էլ իրավապահները այս օրերին քննություն են իրականացնում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 8-ին Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ պետությանը ավելի քան 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել ֆինանսների նախկին փոխնախարարի նկատմամբ, և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս գործով անցնող մեղադրյալը ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանն է։ Նա պաշտոնավարել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ժամանակ՝ 2014-2016 թվականներին։ Մինչ այդ էլ Աֆրիկյանը ՊԵԿ փոխնախագահ էր։ Առհասարակ, Արթուր Աֆրիկյանը, սկսած 1980-ականներից, աշխատել է հարկային և մաքսային մարմիններում՝ ցածր օղակներից հասնելով փոխնախարարի պաշտոնի։ Արթուր Աֆրիկյանն անպաշտոն մնաց միայն այն ժամանակ, երբ վարչապետ դարձավ Կարեն Կարապետյանը և ՊԵԿ նախագահ դարձրեց իր մտերիմ Վարդան Հարությունյանին։ Մինչ այդ, սակայն, Աֆրիկյանին հաջողվել էր հսկայական կարողություն դիզել, բիզնեսներ ունենալ արտերկրում»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը քննարկում է Արցախի ռազմական էլիտային «հարցաքննության» կանչելու հարցը։ Ավելի ճիշտ՝ դա որոշված է, սակայն դեռ չեն կողմնորոշվում՝ սկզբում ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի՞ն կանչել, թե՞ առաջնագծի զորամասերի հրամանատարներին։ Հիշեցնենք, որ Մնացականյանն այդ օրերին ՊԲ հրամանատարն էր, եւ նրան ամենածանր հարցերն են սպասվում։ Իսկ Սերժ Սարգսյանի հերթը չի՞ հասնում։ «Բան չմնաց»,- ասաց մեր աղբյուրը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի միգրացիոն ծառայությունների կողմից փախստական ճանաչված և Հայաստանում ապաստան ստացած ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինը մտադիր է առաջիկայում մամուլի ասուլիս կազմակերպել և հանդես գալ սենսացիոն բացահայտմամբ: Մասնավորապես՝ Շիշկինը պատրաստվում է հայտարարել, որ նախորդ տարվա սեպտեմբերի վերջին Ռուսաստանի հատուկ ծառայությունները թունավորել են իրեն՝ վարակելով հեպատիտի հատուկ տեսակով: Այժմ Շիշկինը սպասում է արյան հետազոտությունների վերջնական պատասխանին»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս կառավարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանում գտնվող ՎԶԵԲ պատվիրակությանը, որը ղեկավարում էր ՎԶԵԲ փոխնախագահ Պիեռ Հեյլբրոնը: Կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գործակցությունը թե՛ միջկառավարական, թե՛ մասնավոր սեկտորում: «Փաստ»-ին հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որը կապված է Ամուլսարի հանքի շահագործման հարցի հետ: Ի դեպ, այս մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ոչ մի տառ չկա։ ՎԶԵԲ-ը «Լիդիանի» բաժնետերերից է եւ հանդիսանում է Ամուլսարում ոսկու շահագործման ծրագրի գլխավոր ֆինանսավորողներից մեկը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Ամուլսարի խնդրի հետ կապված հստակեցում մտցնելու անհրաժեշտությունը։ Փաստացի, մոտ երկու տարի ՀՀ կառավարությունը կանգնած է հանքի շահագործման թնջուկի առաջ: Ըստ էության, հարցի մի հատվածում հանրային պահանջն է, որը կարող է վերածվել «քաղաքական ձնագնդի», մյուս կողմում՝ միջազգային ներդրումային շրջանակները, հեղինակավոր կառույցները, արբիտրաժի ու ներդրումային վարկի ռիսկը: Թերթին կառավարության կուլիսներից փոխանցել են, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու են Ամուլսարի հարցը առկախել մինչեւ ապրիլի 5-ը։ Ներկա փուլում իշխանություններն ամեն ինչ անում են իրենց համար ռիսկային հարցերի հետ կապված հստակեցումներ մտցնել, որպեսզի խուսափեն հավելյալ թիրախավորումից ու շահարկումից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ ռեկտորի պաշտոնի թեկնածուների շրջանակը համալրվել է նոր անունով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան: Նա դասավանդում է Ամերիկյան համալսարանում եւ չնայած ռեկտորի համար պահանջվող դոկտորի գիտական աստիճան չունի՝ արտերկրում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում, որը Հայաստանում համազոր է թեկնածուի կոչմանը, սակայն ԲՈԿ-ը փաստաթուղթ է տվել, որ կարողանա մասնակցել ընտրությանը: Գաբրիելյանի թեկնածությանը դեմ են ԵՊՀ-ում՝ կարծում են, որ իրենց կադրը պետք է ռեկտոր դառնա, սակայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր «ընտրությունն» արդեն կատարել է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ներկայացրել է «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը»: Այս ռազմավարության և բարեփոխումերի իրականացման նպատակ է հռչակվում «ժամանակակից մարտահրավերները դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումը»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքում հայտնվել են անձինք, ովքեր մուտք են գործում տարբեր ԱՊՊԱ ընկերություն­ների բազաներ եւ գտնում քաղա­քացիների, որոնց ԱՊՊԱ-ների ժամկետ­ները մոտ օրերս լրանում է: Նրանք փոր­ձում են նոր պայմանագիր առաջարկել նաեւ այն հաճախորդներին, որոնք արդեն իսկ հասցրել են ԱՊՊԱ գործա­կալություններում կնքել եկող տարվա պայմանագիրը: Թե այդ անձինք ում օգնությամբ են կարողանում ձեռք բերել ապահովագրվող քաղաքացիների անձ­նական տվյալների բազան, եթե դրա տակ կա մինչեւ իսկ քրեորեն հետապնդելի արարք, այլ հարց է: Հարցի պա­տասխանը երեկ ողջ օրը փորձեցինք ստանալ ԱՊՊԱ բյուրոյից, սակայն բա­ցի ինքնապատասխանիչից, այլ աշխա­տողի գտնել չստացվեց: Մինչդեռ կան խոսակցություններ, որ այդ ամբողջա­կան տեղեկատվական ցանկերի արտա­հոսք կարող է լինել նաեւ այս հաստա­տությունից՝ հաշվի առնելով, որ դրա հաշվին հնարավոր է լավ «փողեր սար­քել»: Ամեն դեպքում այն, որ քաղաքա­ցիների անձնական տվյալներն ապօրի­նաբար տարածվում են, արդեն իսկ լրջագույն ահազանգ է, որ ԱՊՊԱ համա­կարգը պարզապես չի աշխատում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա փետրվարի 10-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.09 դոլար՝ հունվար ամսվա 1.11 դոլարի դիմաց: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ բենզինի եւ դիզելային վառելիքի գները 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիումը՝ 420 դրամով: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում: Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 220 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 390 դրամ, Ռուսաստանում՝ 346 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 298 դրամ: Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս անցած տարեվերջին Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովը հայտարարել է, որ հայկական կողմը համաձայնել է բենզին ներկրել Ղազախստանից, ինչի արդյունքում ակնկալվում է արձանագրել գների նվազում»: