Կառավարությունը նախատեսում է ոստիկանությունը դարձնել նախարարություն
ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությունը, որով առաջարկում է ստեղծել ներքին գործերի նախարարություն:
Նախագծը տեղադրված է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, որում նշվում է, որ նախարարությունը անհրաժեշտ է համարում ստեղծել ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը։
«Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե խորհրդարանական, և թե քաղաքացիական վերահսկողությանը։ Այս փոփոխությունը կենթադրի օրենսդրական բազայի, ինչպես նաև որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ»,- ասված է նախագծում:
Ըստ նախագծի` քրեական նոր օրենսդրության կարգավորումների ու սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է ոլորտային օրենսդրությամբ հստակեցնել նաև ոստիկանության ֆունկցիաները քրեական դատավարության կարգով իրականացվող նախաքննության առումով։
«Մյուս կողմից, անհրաժեշտ է հստակեցնել վարչական իրավախախտումների կանխարգելման ու քննության ոլորտներում ոստիկանության տարբեր ծառայությունների գործառույթները, համագործակցության մեխանիզմները։ Կարևոր է լինելու նաև վերանայել սահմանային համալիր կառավարման պետական գործառույթները ոստիկանությանը վերապահելու հարցը»,- նշված է նախագծում: