Հայաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպաններ Ռիչարդ Միլսը և Պյոտոր Սիվիտալսկին կրկին անդրադարձել են երկրում սահմանադրական հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին՝ հիշեցնելով գրանցված ընտրախախտումների բացահայտման, մեղավորների պատժման և հարուցված քրեական գործերի թափանցիկ քննության անհրաժեշտության մասին: Դեսպանների հռետորաբանությունը, ըստ վերլուծաբանների և քաղաքական գործիչների, եթե «թարգմանենք դիվանագիտականից մարդկային լեզու», հիշեցնում է երկրի ներսում ընթացող գործընթացների արտաքին կառավարման փորձ:
Նմանատիպ մի իրավիճակում այժ հայտնվել է ԵՄ Արևելյան գործընկերության երկրներից Մոլդովան, որտեղ ներքին կայունությունն այնքան է խարխլվել, որ իշխանությունն ավելի արագ փոխվում է, քան հասցնում իշխել:
«Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մինչ այժմ ձեռնարկված նախնական քայլերը: Հաշվի առնելով ոչ-կուսակցական դիտորդների և Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ընտրախախտումների վերաբերյալ ներկայացված արժանահավատ հաղորդումները՝ մենք ակնկալում ենք, որ դատարաններ կներկայացվեն հավելյալ գործեր, ինչը կապացուցի, որ ՀՀ կառավարության պաշտոնյաները հավատարիմ են արժանահավատ հաղորդումներով թափանցիկ ու հրապարակային մեթոդների կիրառմամբ լիարժեք քննություններ իրականացնելու վերաբերյալ հրապարակավ ստանձնած պարտավորության կատարմանը», - ԱՄՆ կոնգրեսից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը:
Հայտարարությանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ փետրվարի 5-ի դրությամբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ ահազանգերի հիման վրա հարուցված քրեական գործերի թիվը 67–ն է, 28 քրեական գործով 32 անձ է ներգրավված՝ որպես մեղադրյալ, իսկ 18 քրեական գործ էլ՝ 21 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Երկու քրեական գործով երկու անձի վերաբերյալ արդեն կայացվել է մեղադրական դատավճիռ: Այս տվյալները, ըստ դատախազության, «բաց են և հասանելի ցանկացած քաղաքացու համար»:
Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման և անցկացման ողջ գործընթացը քննարդատության էր ենթարկվել նաև ընտրությունների հարցում մասնագիտացած կառույցի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական խմբի վերջնական զեկույցում: Զեկույցում սահմանադրական հանրաքվեն որակվել էր որպես «մարտահրավեր» ՀՀ միջազգային պարտավորություններին:
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտոր Սվիտալսկին ևս վերջերես հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ և ընգծեց, որ միջազգային հանրության համար «կարևոր ցուցիչ է, թե Հայաստանի իշխանություններն ինչպես կարձագանքեն վերջին հանրաքվեի ժամանակ տեղ գտած ընտրախախտումների մասին ահազանգերին»: «Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, հույս ունի, որ նման դեպքերը լուրջ արձագանքի կարժանանան՝ համաձայն Հայաստանի օրենքների: Մեզ համար դա շատ կարևոր ազդանշան կլինի, թե ինչպես նախապատրաստվենք հայաստանյան հաջորդ ընտրություններին», - ասել է Սվիտալսկին:
Նրա կարծիքով, Հայաստանում սահմանադրական փոփոխությունները կարևոր ճամփաբաժան են և կարող են հանգեցնել երկու հիմնական արդյունքի՝ հանրության համար անհրաժեշտ փոփոխությունների կամ լճացման: Իսկ այդ ճանապարհին, ըստ դեսպանի, կարևոր դերակատարում կունենան նոր Սահմանադրության օրոք առաջին՝ 2017 թվականի ընտրությունները:
Սվիտալսկին, ի տարբերություն ԱՄՆ դեսպանի, իր խոսքն ավելի է մանրամասնում և մտնում Հայաստանում իրականացվող օրենսդրական փոփոխությունների դաշտ՝ ուրվագծելով Եվրամիությանը ձեռնտու ՀՀ ապագա Ընտրական օրենսգրքի բովանդակությունը: Նոր պայմաններում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դժվար է գերագնահատել, քանի որ ապագա խորհրդարանական կառավարման համակարգով Հայաստանում այն սահմանելու է քաղաքական խաղի հիմնական կանոնները: Ենթադրվում է, որ այս հանգամանքը հաշվի առնելով է Սվիտալսկին շեշտը դնում Ընտրական օրենսգրքի մշակման խնդրի վրա:
«Տեղյակ ենք, որ իշխող (Հայաստանի Հանրապետական) կուսակցությունում քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Կան հստակ ակնկալիքներ, հույս ունենք, որ օրենսգրքի ձևավորման ընթացքում հաշվի կառնեն ԵԱՀԿ-ի ու Եվրոպայի խորհրդի առաջարկությունները: Հույս ունենք նաև, որ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան ազատորեն քննարկել Ընտրական օրենսգրքի տարրերը: Եվ մեծ հույս ունենք, որ Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը փոխհամաձայնեցված բնույթ կունենա», - նշել է Սվիտալսկին` հավելելով, որ 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման որակից պարզ կդառնա «Հայաստանը ճիշտ ուղղու» վրա է, թե ոչ:
Հատկանշական է, որ իր մի քամի ամսիների գործունեության ընթացքում ԵՄ դեսպանը հասցրել է առաջացնել մի շարք հայաստանցի բարձրաստիճան պաշտոնայների դժգոհությունը: «Նա ոչ թե խորհուրդ է տալիս, այլ փորձում է ասել՝ ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ մեր երկրում կամ մեր երկրի համար: Բացի այդ դժվար է Սվիտալսկիին կոչել դիվանագետ, քանի որ նա ավելի շատ շեշտը դնում է խնդիրների, այլ ոչ թե մեզ կապող, միացնող ընդհանրությունների վրա: Տպավորություն է, որ նա այստեղ է խնդիրներ հարուցելու, այլ ոչ թե դրանց լուծման ուղղությամբ ԵՄ-ի և Հայաստանի ջանքերում շփման կետերի որոնման կամ այդ ջանքերի համադրման համար», - հայտարարեց
VERELQ-ի հետ զրույցում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Մեր զրուցակցի խոսքով, հնարավոր է դեսպանին թվում է, թե եկել է Հայաստան որպես վերահսկիչ, սակայն նա «շփոթվում է»: «Քանի˜ իր նման մտածողներ են եկել ու գնացել: Ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը», - եզրափակեց նա: