23.11.2024
Հայաստանը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տուրիստական ուղղություններից մեկը. UNWTO
prev Նախորդ նորություն

Բերման է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը

Փաստաբան Ամրամ Մակինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ բերման է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը։


«Հրատապ


Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:


Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»,- գրել է Մակինյանը։



Նշենք, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ չորս հոդվածով քրեական գործ է հարուցված: Դրանք են 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):


Անցյալ տարի, նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։


Ըստ մամուլի հրապարակումների, Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: