Երկրորդ զգուշացումը Հայաստանին. Ջիանի Բուքիքյոն մտահոգված է ՍԴ-ի շուրջ առկա կոնֆլիկտով
                    
                    
                        
                                    
                                    
                        
                     
                    
                    Վենետիկի հանձնաժողովի նախագահը մտահոգված է Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակով
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքյոն մտահոգված է Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակով և կիսում է այդ խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները: 
Այս մասին ասված է Ջիանի Բուքիքյոյի տարածած հայտարարության մեջ, որտեղ նա նշել է, որ շարունակում է մտահոգված լինել ՍԴ-ի շուրջ կոնֆլիկտով: 
Վենետիկի հանձնաժողովի նախագահը հղում է կատարել 2019-ի հոկտեմբերին հրապարակած իր կարծիքում ներկայացված խորհուրդներն այն մասին, որ Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է լինի կամավոր և բացառվի դատավորների վրա ցանկացած տեսակի քաղաքական ու անձնական ճնշում: Այն չպետք է ազդի նաև ՍԴ-ում քննվող գործերի ելքի վրա: 
«Հրապարակային վերջին հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն հանգեցնի իրավիճակի լարվածության թոթափման: Ժողովրդավարական մշակույթն ու հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»,- նշում է նա: 
Բուքիքյոն ևս մեկ անգամ կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ապաէսկալացնել մտահոգիչ իրավիճակը Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիթորինգի հարցերով համազեկուցողների տարածած հայտարարության մեջ ևս նշվում էր Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության մտահիգիչ փաստը։
Նրանք մտահոգված են այն այն երկարաժամկետ վնասով, որ «աննախադեպ մակարդակի հասած այս լարվածությունը կարող է ընդհանուր առմամբ հասցնել դատական համակարգին, որի նկատմամբ վստահությունն առանց այդ էլ շատ ցածր է»: