24.11.2024
Հետևողական ենք լինելու կանխիկ շրջանառությունը կրճատելու առումով. ՀՀ վարչապետ
prev Նախորդ նորություն

Բացահայտվել են պետական գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքեր. ՀՀ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ պետական սեփականություն հանդիսացած գույքի՝ նախկինում իրականցված օտարման գործընթացների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրությունները, որոնց ընթացքում պարզվում են միևնույն հանցավոր սխեմայով առերևույթ թույլ տրված հանցավոր չարաշահումներ:


Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես, հերթական երկու գործարքների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումանսիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։

Նշված առաջարկների հիման վրա ՍՊԸ-ն 01.12.2016թ. իրականացրել է Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոց 22 շենք, թիվ 16 հասցեում գտնվող 101.07 քմ մակերեսով նկուղի, ինչպես նաև առանձին՝ Աջափնյակ համայնքի 16 թաղամասի թիվ 19 հասցեում գտնվող 115.5 քմ մակերեսով տարածքի գնահատում, որոնց արդյունքում առաջին հասցեում նշված անշարժ գույքը գնահատվել է 4.8մլն, իսկ երկրորդ հասցեում նշված գույքը՝ 7.8մլն ՀՀ դրամ:

Նշված գնահատումների հիման վրա առաջին նշված գույքը մրցութային կարգով օտարվել է 3.6մլն ՀՀ դրամով, իսկ երկրորդը՝ 5.6մլն ՀՀ դրամով:

Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքերի 2016թ. շուկայական արժեքների վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված մի գույքի շուկայական արժեքը 2016թ. դրությամբ կարող էր կազմել 10մլն ՀՀ դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2 անգամ ավել, իսկ մյուսը՝ 18մլն ՀՀ դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2.5 անգամ ավել:

Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից նշված անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես, հաշվի չի առնվել դրանց նպատակային նշանակությունը, մակերեսը:

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել պետական սեփականություն հանդիսացող նշված գույքերի գնահատում, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չառնելով գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը, կազմել է կեղծ եզրակացություն, որով 2 կամ 2.5 անգամ նվազեցվել են դրանց իրական արժեքները: Արդյունքում համապատասսխան պաշտոնատար անձանց կողմից դրանք հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթի համար և դրանք օտարվել են հավանական շուկայական արժեքից շուրջ 3 անգամ, պակաս գնով՝ պետությանը պատճառելով էական վնաս:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է 2 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: