23.11.2024
ՀՀ-ի և Մոլդովայի վարչապետերը կարևորում են առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը
prev Նախորդ նորություն

Հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով. Մարուքյանը՝ Միրզոյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ փետրվարի 6-ին նախատեսվող ԱԺ արտահերթ նիստի օրակարգի առնչությամբ: Նիստը, ինչպես պարզվեց այսօր, ԱԺ նախագահի որոշմամբ հետաձգվել է:


Մարուքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․


«Լուրեր են շրջում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 06-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։


Այս մասին Ազգային ժողովի պաշտոնական կայքում երեկ դրված տեղեկատվությունը հանվել է, սակայն նախագծերն արդեն հրապարակված են։


Փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝


- Մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր; նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով,


- Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին,


- Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։


Գտնում ենք, որ նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով։


Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության, Հանրապետության նախագահի լիազորությունների կրճատման հետ կապված փոփոխությունները, կարծում ենք, պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին:


Առայժմ այսքանը»:


Ավելի վաղ Արարատ Միրզոյանի որոշում էր կայացրել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին, որում պետք է քննարկվեր «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերը: Այսօր հայտարարվեց, որ նիստը չեղարկվել է:


«Արտահերթ նիստի համար ներկայացված փաթեթն ամբողջական չի եղել, այն վերադարձվել է հեղինակներին, որ շտկվի»,- պատճառաբանել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը:


Արտահերթ նիստ անցկացնելու փաթեթի հեղինակները եղել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: