«Իմ քայլը» խմբակցությունն այլևս չի արձագանքելու Արթուր Վանեցյանին
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չունի քաղաքական կապիտալ, նրա հայտարարությունները մակերեսային են: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով, դեռ հարկ է հասկանալ, թե ինչպե՞ս պետք է վերաբերվել Վանեցյանի հայտարարություններին՝ որպես ԱԱԾ նախկին տնօրենի, թե՞ ենթադրյալ քաղաքական հայտ ներկայացնողի Արթուր Վանեցյանի։ Միևնույն ժամանակ, ասաց Կոնջորյանը, նրա հանրային գործունեությունը բացառապես տեղավորվել է ԱԱԾ ղեկավարի շրջանակներում:
«Վանեցյանի հայտարարություններն իրականությունից կտրվածության դրսևորումներ ունեն և ավելի շատ համացանցում երևալու համար են»,- շեշտեց նա։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ավելացրեց, որ իրենք այլևս չեն անդրադառնալու Վանեցյանի հայտարարություններին, որովհետև նա հանրային կերպով հայտ չի ներկայացրել.
«Երբ ԱԱԾ նախկին տնօրենը կհայտարարի այն մասին, որ զբաղվում է քաղաքականությամբ, այդ ժամանակ հստակ կլինեն բոլոր դիրքավորումները և կհասկանանք, թե որպես ինչ ենք արձագանքում»,- հավելեց Մակունցը։