Անցյալ տարի իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ. Դավիթ Տոնոյան
Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ «ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի և զինված ուժերի հստակ մարտավարության ու գործողությունների շնորհիվ 2019թ.-ին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ»:
Տոնոյանն ասել է, որ «պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը և շարունակել լրացուցիչ ջանքերի ներդրումը՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով»:
Դավիթ Տոնոյանն առաջիկա անելիքների վերաբերյալ որոշակի խնդիրներ է առաջադրել և հանձնարարականներ տվել։
Նիստը եզրափակվել է ՀՀ ԶՈՒ 2019թ. ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ստորաբաժանումների և սպաների պարգևատրման արարողությամբ: