23.11.2024
Հայաստանը պատրաստվում է ակտիվ շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ում
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հորդորին

Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


«Որպես Արցախի Հանրապետությունում առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին հայտ ներկայացրած նախագահի թեկնածու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու Ձեր կոչին արձագանքում եմ ազատագրված Քաշաթաղի շրջանի Որոտան (նախկին Կուբաթլու) քաղաքից: Այս պահին տեղի կուսակցական ակտիվի հետ հանդիպման եմ:


Մեր քաղաքական թիմի, և համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։ Այս առթիվ հրապարակավ հանդես գալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, թե՛ որպես ԱՀ վարչապետ, թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար։

Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ, և առիթն օգտագործելով, նույն ասելիքս ուղղում եմ համայն հայությանն ու ողջ աշխարհին»,- գրել է Հարությունյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորեց Արցախի նախագահի թեկնածուներին մեկնաբանել նախորդ իշխանությունների թողած ժառանգությունը, որոնց հիմքում մադրիդյան սկզբունքներն են: