Մնացականյանը հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացում ու զարգացում է ակնկալում
Հունվարի 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Նախարար Մնացականյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը եւ զարգացմանը:
ԱԳ նախարարը եւ դեսպանը բարձր են գնահատել Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող տեղի հայ համայնքի դերը՝ որպես կամրջող օղակ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:
Երկուստեք ուղենշվել է հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման, տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման միջոցով։ Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Կողմերը կարեւորել են նաեւ համագործակցության խորհրդարանական հարթակը եւ համոզմունք հայտնեցին, որ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերը կնպաստեն հայ-ուկրաինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:
Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: