Ազգային ժողովում հորնվարի 21-ին քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենսդրական խստացումների մասին քննարկումների ժամանակ տեղի ունեցավ միջադեպ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված եղավ մի քանի անգամ բարձր տոնով պատգամավորներին կոչ անել զբաղեցնել տեղերը։ ԲՀԿ-ական պատգամավորները, սակայն, չէին հանդարտվում։ Ի վերջո, նրանք որոշեցին լքել նիստերի դահլիճը։ Սկսվեցին հայհոյանքներն ու փոխադարձ վիրավորանքները:
ԱԺ նախագահի՝ հանդարտվելու կոչերն իզուր էին։ Վեճի ավարտից հետո Միրզոյանն ասաց՝ ելույթ ունեցողները չեն կարող հետապնդվել իրենց ելույթի համար։ «Ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի պատգամավորական մանդատից ու գնա բեսեդկում լռվի»,-ասաց ԱԺ նախագահը։
Վեճը շարունակվեց նաև Տաթևիկ Գասպարյանի ելույթից հետո։ Այս անգամ մասնակիցներն ավելի շատ էին։ Դժվարությամբ հանդարտվեցին։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի, Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ։ Այսօր մինչև նիստի ավարտը նրան զրկված են նիստին ներկա լինելու իրավունքից։ «Կարգադրիչներին խնդրում եմ ապահովել սրա կիրառումը»,-ասաց նա։
Միջադեպի պատճառ դարձավ Արման Բաբաջանյանի ելույթը, որում նա խսիտ քննադատաբախ խոսեց ԲՀԿ-ական պատգամավորների հասցեին:
Մին այդ նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, որը օրինագծի հրապարակման հենց առաջին օրվանից դեմ է արտահայտվել ու անհասկանալի համարել առաջարկվող կարգավորումը, այսօր ԱԺ-ում այնպիսի ելույթ ունեցավ, որը սրեց իրավիճակը։
Պետրոսյանը, մասնավորապես, ասաց, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրության սկզբունքից։ Նա դժվարանում է հասկանալ, թե ինչու է կառավարությունն այս պայքարը գերակայություն հռչակել, որովհետեւ իր համար անորոշ պայքար է։
«Էդ գողական աշխարհը ես չգիտեմ՝ ինչ է նշանակում, ո՞վ կարող է դրա սահմանն ընդգծել»,- ասաց ԲՀԿ-ականը՝ ապա արդարադատության նախարարին դիմելով՝ ասաց՝ մի խորհուրդ է ուզում տալ․ «Էդ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ՝ դրա դեմ պայքարեիք»։
Ըստ ամենայնի՝ հենց այս նախադասությունը բարկացրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։
Նա իր ելույթում ասաց, որ ԲՀԿ-ի անունից ինչ-որ մեկը պիտի ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, իր ձեւակերպմամբ, «այս խայտառակ պահվածքի համար»։ Բաբաջանյանն ԱԺ նախագահին կոչ արեց, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին։ Պատգամավորի ելույթի ժամանակ ԲՀԿ-ականները տեղից ռեպլիկներ արեցին, Բաբաջանյանն էլ բարձր տոնով գոչեց՝ «Լռե՛ք, երբ ես խոսում եմ»։