24.11.2024
Բեռլինում Թումո կենտրոն կբացվի
prev Նախորդ նորություն

Ալկոհոլ է օգտագործել և 35 կրակոց է արձակել պատին. մանրամասներ Կուտոյանի մահվան դեպքի մասին

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:  Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:


Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը:


ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է քննչական խումբ:


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:


Մշակվել է քննչական և դատավարական գործողությունների պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասնեյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը/ դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի:


Հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:


Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սևակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան:


Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին:


Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:


Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու-երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:


2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:


Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել և հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ:


Նախաքննությունը շարունակվում է: