24.11.2024
Աբխազիայի նախագահն առաջարկել է ցուցարարներին բանակցել. դեռ պատասխան չկա
prev Նախորդ նորություն

Ծանոթանալ տարրական մեթոդոլոգիային. Փաշինյանի գրառումը իրարանցում է առաջացրել Վրաստանում

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետը այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4,527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4,289:


Վրաստանի «Լելո» ընդդիմադիր հասարակական շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեն այս գրառումից հետո հայտարարել էր.


«Վրաստանը կորցնում է առաջատարի դիրքը տարածաշրջանում. մենք արդեն կորցրել ենք մեր տնտեսական դիրքը մեր տարածաշրջանում: Իհարկե, մենք գոհ ենք մեր հարևան երկրների` Հայաստանի և Ադրբեջանի հաջողություններից, բայց միևնույն ժամանակ կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը։ Վրաստանի տնտեսությունը կանգ է առնում, և Վրաստանի ներքին և արտաքին պարտքը վերջին 7 տարում աճել է 2,5 անգամ՝ հասնելով 22,5 միլիարդ լարի»։


Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է հարցին, թե արդյո՞ք առաջ է անցել Հայաստանը այս ցուցանիշով Վրաստանից:


«Սա սխալ գնահատական է, քանի որ նրանում հաշվի առնված չեն տարրական մեթոդոլոգիական հարցեր: Ընդհանուր առմամբ, երբ որևէ քաղաքական գործիչ կամ վերլուծաբան նմանատիպ ցուցանիշներով հաղթելուն կձգտի և կսկսի Վրաստանը համեմատել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ կոչ եմ անում նրանց նախ ծանոթանան տարրական մեթոդոլոգիային:


Նշեմ, որ Վրաստանում 2019 թվականի նոյեմբերին վիճակագրական ծառայությունը (GeoStat) ՀՆԱ-ի հաշվարկման նոր մեթոդ է ներմուծել, որը դեռևս արտացոլված չէ միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ամփոփման մեջ: Մեր տարածաշրջանի երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան նույնպես կատարել են իրենց ՀՆԱ-ի վերահաշվարկը նոր մեթոդոլոգիայով, սակայն սա տեղի է ունեցել ավելի շուտ, հետևաբար նրանց տվյալները արդեն արտացոլվել են ԱՄՀ-ի տվյալներում: Հավատացեք, որ այս բարձր տնտեսական աճի պայմաններում, մեր գնահատմամբ, ՀՆԱ-ն մեկ շնչին Վրաստանում կհասնի 4, 700 դոլարի: Հետևաբար, ԱՄՀ-ի հաջորդ ամփոփման մեջ այս ամենը կարտացոլվի»,- մեջբերում է աղբյուրը Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի խոսքերը:


Հիշեցնենք, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը րապարակել էր Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, համաձայն որի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) Հայաստանը 2020 թվականին առաջ է անցնելու Վրաստանից ու Ադրբեջանից։ Հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակված թվերի համաձայն՝ 2020-ին Հայաստանում մեկ շնչին բաժին կընկնի 4 հազար 760 դոլար, այն պարագայում, երբ հարևան Ադրբեջանում այն կկազմի 4 հազար 720, իսկ Վրաստանում՝ է՛լ ավելի քիչ՝ 4 հազար 630 դոլար։


«2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»,- գրել էր վարչապետը։