Կառավարությունը 2019 թ. հավանություն է տվել 212 մլրդ դրամի 57 ներդրումային ծրագրի
Կառավարության այսօրվա նիստում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել 2019 թվականի ընթացքում կառավարության որոշումներով ընկերություններին տրված արտոնությունների վերաբերյալ:
Այդպիսով, անցած տարվա ընթացքում կառավարության հավանությանն է արժանացել 57 ծրագիր: Ընդհանուր ներդրումային արժեքը կազմել 212 մլրդ դրամ:
«Տրամադրել ենք 14,8 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3 320 աշխատատեղ: Այդ ծրագրերից որոշները շարունակական են, այսինքն՝ ոչ միայն իրականացվել են 2019-ին, այլև շարունակվելու են 2020թ., երբեմն նաև 2021 թ. ընթացքում: Այս ծրագրերից շատերի մասով տրվել են նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություններ: Եղել է այդպիսի 13 ծրագիր, իսկ ԱԱՀ-ի հետաձգման գումարը կազմել է 10,1 մլրդ դրամ»,- ասել է նախարարը: