Հայաստանը պատարաստ է օգնելու, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի. ԱԽ քարտուղար
Մեր գնահատականով իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում և հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում... ընդհանուր առմամբ շատ լայնածավալ աշխատանք է կատարվել և՛ Սիրիայի, և՛ Իրանի ճգնաժամի ընթացքում՝ մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել: Մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման պլան, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը շատ կարևոր առաջընթաց է եղել մեր կառավարման համակարգի համար: Ընդհանուր առմամբ, այս երկու ճգնաժամերից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել և մենք ավելի հստակ գիտենք, թե ինչ ենք կատարելու»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ ակնկալվում է, որ մոտակա ժամանակաշրջանում ավելի շատ կայունություն է լինելու:
Անդրադառնալով այն հարցին, թե, հաշվի առնելով, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ հետ, հնարավոր համարում է, որ Երևանը փորձի իր միջնորդությունն առաջարկել, Գրիգորյանն ասաց, որ նման տարբերակ դեռևս չի քննարկվել.
«Մենք ցանկանում ենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի և մենք ավելի շատ մեր դերակատարությունը տեսնում ենք, որպեսզի երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը: Եթե դրա անհրաժեշտությունը լինի մենք պատարաստ ենք օգնելու, որպեսզի կոնֆլիկտը հնարավորինս մեղմվի»:
Ավնտանգության խորհրդի քարտուղարը նաև հավաստիացրեց, որ տնտեսական անվտանգության առումով էլ Հայաստանն այս պահին խնդիրներ չունի: