VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ անցած տարեվերջին «Հարսնաքարում» ՀՀԿ-ականների ամանորյա միջոցառման ժամանակ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը բավական ոգևորել է կուսակիցներին: Խոսելով առաջիկայում սպասվող ներքաղաքական զարգացումների մասին՝ Սարգսյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հազիվ երեք տարի դիմանա, և այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե նա որտեղ կհայտնվի: ՀՀԿ-ականների այն մասին, որոնք համարում են, որ իշխանափոխության հարցը պետք է լուծել հենց այս տարի, նման կանխատեսումը այնքան էլ դուր չի եկել»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Մետրոպոլիտենում ՊՎԾ-ի կողմից իրականացված ստուգումների հետքերով առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում, իսկ դա հնարավոր է դառնում միայն ՊԵԿ-ին չեզոքացնելու շնորհիվ։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՊՎԾ-ի կողմից Մետրոպոլիտենում իրականացված ստուգումների ժամանակ գործընթացին չի մասնակցել և ոչ մի ՊԵԿ «ծագում» ունեցող ՊՎԾ աշխատակից (ՊՎԾ աշխատակիցների մեծ մասը ՊԵԿ նախկին աշխատողներ են)։ Ստուգումները գլխավորել է հենց Ադյանը։ Հիշեցնենք, որ ժամանակին Մետրոպոլիտենը պարբերաբար «ստուգողը» ՊԵԿ խոշոր հարկ վճարողների վարչությունն էր, որի փաստացի ղեկավարը՝ վարչության պետը, Էդիկ Գսպոյանն է, իսկ վերջինիս դուստրը՝ Անի Գսպոյանը, Մետրոպոլիտենի գնումների պատասխանատուն է»։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն մտել է ՀՀ փաստաբանների գրասենյակներ եւ ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել, ում շահերն են պաշտպանել եւ այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից մանրամասներ պարզել՝ այս տեղեկության հետ կապված: «Մեր երկրում փաստաբանական գործունեությունն ընդհանուր առմամբ համարվում է ձեռնարկատիրական գործունեություն: Փաստաբանական գործունեության արդյունքում, բնականաբար, ձեւավորվում են հարկեր, որոնք պետք է հաշվարկվեն եւ վճարվեն պետությանը: Եթե Պետական եկամուտների կոմիտեն հարկային ընդհանուր վերահսկողական գործընթաց է իրականացնում, դա նորմալ է: Նորմալ չի լինի, եթե արձանագրենք ուղղորդված վերահսկողություն կոնկրետ փաստաբանների նկատմամբ՝ կապված նրանց մասնագիտական գործունեության հետ»: Նրա խոսքով՝ եթե փաստաբանը գումար է ստանում եւ հարկ չի վճարում, բնականաբար, հարկային մարմինը չի կարող անտեսել այդ փաստը: «Մենք 2018-2019 թվականների համար որեւէ փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ ստուգում անցկացնելու մասին ՊԵԿ-ից գրություն չենք ստացել: Եթե նման դեպքեր եղել են, ապա փաստաբանների պալատին այդ դեպքերը շատ են հետաքրքրում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 30-ին ԱԱԾ-ն տեղեկացրեց առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու գործով ՊԵԿ աշխատակիցների ձերբակալության մասին, սակայն նրանց ինքնությունը չէր նշել։ «Ժամանակ»-ի տեղեկություներով՝ ձերբակալված ՊԵԿ աշխատակիցները Արմավիրի հարկայինի աշխատողներ են եղել, որոնք Արմավիրի հարկայինի պետ Մարատ Մարգարյանի աշխատակիցներն են։ Մարատ Մարգարյանը հայտնի է որպես Տրամվի պարկի Գոջիի տղա։ Նա նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մտերիմն է և ունենալով Մաշադյանի «պրախոդը»՝ համակարգում ազատորեն վարում-ցանում է։ Անցած տարվա հոկտեմբերին ԱԱԾ-ն կրկին բացահայտել էր ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք։ Արմավիրի մարզում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա, հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Առաքելյանը կոնկրետ ընկերությունում թույլ տրված խախտումները չարձանագրելու, ստուգումներ չիրականացնելու համար միլիոն դրամի կաշառք էր ստացել: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել, երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, նրանք ձերբակալվել էին, սակայն այդ գործը «ջրվեց», ձերբակալվածները ազատ արձակվեցին։ Իսկ քրեական գործը «ջրելու» և տեղակալին ազատելու գործին, մեր տեղեկություններով, խառնվել էր հենց Գոջիի տղա Մարատ Մարգարյանը»։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Բաղդադում Իրանի ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո իրավիճակը առավելագույնս լարված է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Տասնյակ երկրներ առանց հայտարարության կողմերի են բաժանվում՝ մեծ բախման սպասումով, որտեղ յուրաքանչյուրն իր շահն է փորձում դիտարկել այդ համապատկերում: Իհարկե, կան նաև չեզոք երկրներ, որոնց մի մասը համաշխարհային փոփոխությունների հետ կապված որևէ խնդիր չի տեսնում իր տարածքին ու ներքին կյանքին առնչվող, ուստի անտարբեր է, իսկ մի մասն էլ չեզոք է՝ ԱՄՆ-ԻԻՀ հակամարտ կողմերից յուրաքանչյուրի հետ ունենալով գործընկերային հարաբերություններ և տարաբնույթ շահեր: Իրավիճակը շատ վտանգավոր է, և մենք էլ համամիտ ենք այն վերլուծաբանների տեսակետին, որոնք պնդում են, թե ԱՄՆ-ն այսօր Իրանի հետ ավելի մոտ է պատերազմին, քան վերջին 40 տարիներին: Այս մասին խոսել է նաև ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ նախկին տնօրեն Լեոն Պանետան։ Հակաիրանական քաղաքականության հարցում ԱՄՆ-ին միանշանակ աջակցություն են հայտնել միայն Իսրայելն ու Մեծ Բրիտանիան: Խոստացել են աջակցել Իրանի դեմ պատերազմում: Սակայն, երբ ԱՄՆ նախագահը սպառնացել էր անհապաղ և կոշտ հարվածներ հասցնել Իրանի ու իրանական մշակույթի համար մեծ կարևորություն ունեցող 52 թիրախներին (52 թիվը խորհրդանշում է տարիներ առաջ Իրանի կողմից պատանդ վերցված 52 ամերիկացիներին), պաշտոնական Լոնդոնը հրաժարվեց այս գործողությանը սատարելուց: Հիշեցնենք, որ այդպիսի փորձ կա՝ նման հարվածներ արդեն հասցվել են Իրաքին ու Սիրիային: ԱՄՆ-ին չի աջակցում նաև ԵՄ-ն, ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է եվրոպացիներին՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործողությանը բավարար չափով աջակցություն չցուցաբերելու համար: Այսօր էլ ԵՄ-ն համամիտ չէ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, առավել ևս՝ պատերազմելուն: ԵՄ-ԱՄՆ հակասությունները սկսվել են դեռ Թուրքիայի՝ Սիրիայի տարածք ներխուժումից հետո»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս պահի դրությամբ դեռևս որևէ վտանգ չկա, որ Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է օգտագործվել Իրանի կամ ԱՄՆ-ի դեմ որևէ գործողության իրականացման համար: Ավելի շատ նման վտանգի տակ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունը»: Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր էսկալացիային՝ այսօր մեր զրույցում նման կանխատեսում արեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Ինչպես հայտնի է՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտներ: Իրանական պետական հեռուստատեսությունը հայտնել է, թե հրթիռային հարվածների հետևանքով առնվազն 80 ԱՄՆ զինվորներ են զոհվել, ամերիկյան աղբյուրները հերքում են զոհերի մասին տեղեկությունները: Հատուկ հայտարարության մեջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացնում է հնարավոր հետագա հարձակումների մասին այն երկրների տարածքներում, որոնք, Միացյալ Նահանգների կողմից Իրանին ուղղված ագրեսիայի հարթակ կդառնան: ՀՀ վարչապետն այսօր կրկին հայտարարել է, թե Հայաստանը չի ներքաշվելու ոչ հակաիրանական, ոչ հակաամերիկյան գործողությունների մեջ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 7-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացած Կարեն Ծաղիկյանի եղբայրը՝ Դավիթ Ծաղիկյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է, որ եղբայրը բազմաթիվ հիվանդություններ ուներ, որոնք անհամատեղելի էին կալանքի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ծանր հանցագործության մեջ է մեղադրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ դատական ողջ համակարգին: «Գլխավոր դատախազին եւ արդարադատության, դատական համակարգին միայն այս գործով չէ, նրանց մեղադրում եմ ծանր հանցագործության մեջ. եթե այս երկրում կա նամուսով տղամարդ, թող նյութեր նախապատրաստի, ես դա փաստերով հիմնավորեմ, թե ինչու եմ իրենց հանցագործության մեջ մեղադրում: Այս դեպքը վերքիս վրա աղ լցրեց, եւ իմ այս հայտարարությունը ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին», - մեզ հետ զրույցում նշեց նա: Ստացվում է՝ գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը եւ հսկող դատախազ Արտակ Կարապետյանը, աչքի առաջ ունենալով Հաց բերող Արթուր Սարգսյանի դժբախտ օրինակը, դասեր չեն քաղել եւ ունենալով կալանավոր, որը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի՝ խափանման միջոցը չեն փոխել: Եվ ստացվում է, որ հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում դեռևս անցած տարեվերջից խնդիրներ են առաջացել մեքենաների տեխստուգման կտրոնների բացակայության հետ կապված: Կտրոնները տրամադրում են բանկերը, սակայն նրանց աշխատակիցները արդարանում են, որ իրենք այդ կտրոնները ստանում են Ճանապարհային ոստիկանությունից: Արդյունքում առաջացել է տեխստուգման կտրոնների սև շուկա, և դրանք հնարավոր է ձեռք բերել միայն լրացուցիչ վճարի դեպքում: Տեխզննման կտրոնի բացակայությունը համարվում է վարչական իրավախախտում և տուգանվում է 50 հազար դրամով: Այս խնդիրը գոյություն ունի տարիներ շարունակ»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգ: Տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարելու իրավունքից։ Եվ մեծ աժիոտաժ են առաջացրել բալային միավորներն այլ վարորդներին բաժանելու եւ վաճառելու մասին տեղեկությունները: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ: «Վարորդական իրավունք, որը չի գործածվում, 200 հազարի է հասնում: Բալային միավորները ուրիշին տալու եւ 9 միավորները սպառվելուց հետո նրանք հաջորդ տարի զրկվում են վարորդական վկայականից: Եվ այդ մարդիկ արդյոք պատրա՞ստ են դրան, որ իրենց միավորները «նվիրեն» ուրիշին և զրկվեն վարորդական վկայականից: Պատրա՞ստ են արդյոք նոր վկայական ձեռք բերելու համար զրոյից սկսել բոլոր գործընթացները»,- նշեց նա:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերն ամանորյա մեծ հավաքույթներ են ունեցել: Օրաթերթը փորձել է պարզել, թե որքան գումար են ծախսել այդ նախատոնական հավաքույթների ժամանակ քաղաքական ուժերը: Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն իր խնջույքը կազմակերպել է նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանին պատկանող «Լիաննա» ռեստորանային համալիրում, որտեղ յուրաքանչյուր անձ ինքն է վճարել իր «աթոռի» համար մոտ 11.000 դրամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամանորյա «փարթին» անցկացրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում, սակայն վերջիններս խուսափում են գումարի մասին տեղեկություն տրամադրել: Ըստ ամենայնի, Ծառուկյանի հյուրասիրությունն է եղել։ Իսկ, ահա, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իրենց հավաքույթն անցկացրել է «Վենեցիա» ռեստորանային համալիրում, որին ներկա են գտնվել խմբակցության պատգամավորներն ու իրենց օգնականները, եւ յուրաքանչյուր պատգամավոր վճարել է 50 հազար դրամ, որպեսզի հոգան ընդհանուր ծախսը: ՀՀ ամենահին կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, իր տոնական միջոցառումն անցկացրել է «Փարավոն» ռեստորանային համալիրում, յուրաքանչյուրն իր համար է վճարել, ու այն կազմել է 10-12 հազար դրամ: ՀՀԿ-ն էլ իր ամանորյա հավաքույթը անցկացրել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որին մասնակցել է նաեւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ մոտ 800 հոգի ներկա են գտնվել միջոցառմանը»: