24.11.2024
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիները» դադարեցնում են դեպի Իրան չվերթները
prev Նախորդ նորություն

Իրանը նահանջում է և սա լավ նորություն է աշխարհի համար. Թրամփի պատասխանը

Իրանը նահանջում է և սա լավ նորություն է աշխարհի համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների վրա հարձակմանն ու իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, տեղեկացնում է CNN–ը:


Թրամփը չի խոսել Իրանին ռազմական հակահարված հասցնելու մասին, սակայն նշել է. «Քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Իրանը տարիներ շարունակ աջակցել է ահաբեկչությանը:


«Իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի ժամկետը շուտով կսպառվի, ինչն էլ հնարավորություն կտա Իրանին միջուկային առաջնընթաց գրանցել: Իրանը պետք է մոռանա միջուկային զենքի շուրջ իր հավակնությունները և վերջ դնի ահաբեկչությանն աջակցելուն: Մենք պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ, որն աշխարհն ավելի անվտանգ և խաղաղ կդարձնի»,- ասել է Թրամփը:


Անդրադառնալով այսօր ավելի վաղ ամերիկյան ավիաբազաների ռմբակոծմանը՝ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ոչ մի ամերիկացի չի զոհվել, քանի որ ամերիկյան նախազգուշացման համակարգերըը շատ լավ են աշխատել: Հիշեցնենք, որ իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Էրբիլ և Անբար նահանգներում իրականացված ավիահարվածների հետևանքով 80 մարդ էր զոհվել:


ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։ «Միացյալ Նահանգներն անմիջապես հավելյալ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ»,- հայտարարել է Թրամփը:


Խոսելով «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մասին՝ Թրամփը հայտարարել է, որ «նա ահաբեկիչ էր և նոր հարձակումներ էր ծրագրում ամերիկյան ուժերի ուղղությամբ»:


«Նա ահաբեկիչների բանակ էր վարժեցնում, այդ թվում և «Հեզբոլլահը»: Նա արյունալի քաղաքացիական պատերազմներ է հրահրել ողջ տարածաշրջանում: Նա վիրավորել և սպանել է հազարավոր ամերիկացի զինվորականների»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:


Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Միջին Արևելքի նավթի կարիքը չունի: «Մենք այժմ նավթի և բնական գազի թիվ մեկ արտադրողն ենք աշխարհում: Մենք անկախ ենք և Միջին Արևելքի նավթի կարիքը չունենք»,- հավելել է Թրամփը:


Խոսքն ավարտելուն պես վերջինս հեռացել է՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: