24.11.2024
Երևանում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև
prev Նախորդ նորություն

Մոսկվան միշտ կարող է ապավինել Հայաստանին. ՌԴ դեսպան

Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի կարևորագույն գործընկերը, որին Մոսկվան միշտ կարող է ապավինել: Այս մասին ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:  


Նրա խոսքով, դրան նպաստել է նաև միջազգային հարթակներում համագործակցությունը. «Ռուսաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի քվեարկության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանը մնում է առանցքային, վստահելի գործընկեր, որին Մոսկվան միշտ կարող է ապավինել բարդ հարցերում: Եվ առկա են բոլոր նախադրյալները խորացնելու երկխոսությունը արտաքին քաղաքական թեմատիկայով»,- շեշտել է նա: 


Շարունակելով հայ-ռուսական հարաբերությունների թեման, Կոպիրկինը նշել է, որ 2019 թվականը նշանավորվեց տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների եթե ոչ աննախադեպ, ապա շատ ինտենսիվ զարգացմամբ, հատկապես քաղաքական երկխոսության գծով.


«Մեր հարաբերությունները զարգանում են ամենատարբեր ոլորտներում։ Մեզ միավորում են շատ լուրջ ընդհանուր շահեր, իսկ որ ամենակարևորն է՝ դա արտացոլում է քաղաքական կամքի առկայությունը երկու կողմում, որպեսզի պահպանվի ու էլ ավելի բարձրացվի մեր հարաբերությունների որակն ու դաշնակցային մակարդակը»,- ընդգծել է Սերգեյ Կոպիրկինը։


Դեսպանը նաև նշել է, որ Ռուսաստանում բարձր են գնահատում ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները, որոնք արտացոլում են Հայաստանի ղեկավարության հետաքրքրված և պատասխանատու մոտեցումը ինտեգրացիայի զարգացմանն ու մասնակից երկրների համար ինտեգրացիոն ձևաչափերի արդյունավետության բարձրացմանը:


Ըստ նրա, Հայաստանը լուրջ ու պատասխանատու մոտեցում է ցուցաբերել նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցության տեսանկյունից՝ քննարկումների շրջանակում խնդրահարույց հարցերը բարձրացնելով, ինչը գնահատել է, որպես շատ օգտակար: