Ադրբեջանն ավելի քան 30 տարի ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնորոշման իրավունքը պահպանել և սահմանել Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից ու տարածքային ամբողջականությունից դուրս։ Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»,- ասել է Աննա Նաղդալյանը։
Ղարաբաղյան հարցը պետք է դիտարկել մի քանի հարթությունում՝ տեղեկատվական, դիվանագիտական, ներքաղաքական, գեոպոլիտիկ և ռազմական:
Տեղեկատվական հարթությունում հայկական կողմերն արձագանքում են Բաքվի մաքսիմալիստական հայտարարություններին, որ Ղարաբաղը լայն ինքնավարություն է ունենալու Ադրբեջանի կազմում և ինքնորոշման իրավունքը չի կարող խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Տեղեկատվական պատերազմում կողմերից յուրաքանչյուրը թե՛ սեփական հանրությանը հանգստանցելու, թե՛ ավելի ուժեղ երևալու համար անում է մաքսիմալիստական հայտարարություններ, սակայն այդ մեսիջներն ունեն և՛ ներքին լսարան, և՛ արտաքին՝ միջազգային հանրությունն ու առաջին հերթին Մինսկի խումբը:
Դիվանագիտական հարթությունում տասնամյակներ շարունակ Երևանն ապացուցում էր աշխարհին, որ ՀՀ-ն հակամարտության կողմ չէ, հակամարտությունը ղարաբաղա-ադրբեջանական է, այն տարածքային վեճ չէ Հայաստան-Ադրբեջան հարթությունում, իսկ Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Իր հերթին, Բաքուն դիվանագիտական հարթությունում փորձում է ապացուցել, որ պատերազմում է ՀՀ հետ և ՀՀ-ն, որպես պետություն, «օկուպացրել է Ադրբեջանի տարածքները»:
Ներքաղաքական հարթությունում ղարաբաղյան հարցը միշտ օգտագործվել է թե՛ Երևանի, թե՛ Բաքվի կողմից՝ իշխանության պահպանման, հանրության ուշադրությունը դեպի ղարաբաղյան հերթական պատերազմ շեղելու, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի կողմից միմյանց հասցեին և հատկապես գործող իշխանություններին «Ղարաբաղը հանձնելու» մեջ մեղադրանքներ հնչեցնելու համար: Եվ սա հանրությանը մոբիլիզացնելու լավագույն լծակն է թե՛ ՀՀ-ում, թե՛ Ադրբեջանում:
Ինչ վերաբերվում է հարցի գեոպոլիտիկ և ռազմական իմաստներին, ապա դրանք ամենակարևորն են և դրանցից է իրականում կախված հարցի կա՛մ սառեցումը, կա՛մ արագ լուծումը:
Գեոպոլիտիկ առումով ղարաբաղյան հարցի ստատուս-քվոն ձեռնտու է Արևմուտքին, դրա շնորհիվ նրանք կկարողանան առանց որևէ խնդրի շահագործել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ-տրանսպորտային միջանցքը՝ ՌԴ-ն շրջանցելով դեպի ԵՄ արտահանելով կասպյան էներգակիրները: Ինչ վերաբերվում է ՌԴ-ին, ապա ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը կստիպի Մոսկվային կանգնել հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին՝ դրանով իսկ կորցնելով մյուս երկրի վստահությունն ու բազմաթիվ նախագծեր, որոնք առկա են: ՌԴ-ն պարտավոր կլինի պաշտպանել Հայաստանին, որպես ռազմավարական դաշնակից, ՀԱՊԿ անդամ, եթե պատերազմը տեղափոխվի ՀՀ-ի տարածք:
Այս պարագայում ՌԴ-ն ընդմիշտ կկորցնի Ադրբեջանն ու այդ երկրի հետ կապված բազմաթիվ էներգետիկ-տրանսպորտային նախագծեր կսառեցվեն:
Պատերազմը նաև ձեռնտու չէ հարևան Իրանին, քանի որ դա կարող է սեպարատիստական ալիք բարձրացնել Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջաններում, իսկ ապագայում խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում նույնպես չի բխում Իրանի շահերից, որն իր հյուսիսային սահմանների երկայքնով ունենալու է միջազգային զորքեր:
Ղարաբաղյան հարցում ամենաառանցքային հարցը ռազմական ներուժն է: Ադրբեջանը տարիներ շարունակ գնում է նորագույն զինատեսակներ ու պատրաստվում պատերազմի, այսինքն, Բաքուն չի տեսնում հարցի դիվանագիտական այնպիսի լուծում, որը կխբի իր շահերից ՝ ՀՀ-ն ու Արցախը չեն գնալու այդպիսի զիջումների, որոնք բավարարեր Ադրբեջանին: ՀՀ-ն ու Արցախը նույնպես՝հատկապես 2016թ.-ի ապրիլյան քառօրյայից դասեր քաղելով սկսել են ամրապնդել թե առաջնագիծը, թե գնել նոր զինատեսակներ՝այդ թվում ՌԴ-ից:
ՌԴ-ի շնորհիվ է, որ ՀՀ-ն կարողանում է պահպանել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ ու Բաքուն չի դիմում ռազմական գործողությունների՝ հասկանալով, թե ինչ կորուստներ կկրի թե՛ մարդկային, թե՛ տնտեսական:
Հարցի լուծումը ռազմական ճանապարհով բարդ է, հաշվի առնելով Ղարաբաղի լեռնային տեղանքն ու պաշտպանական համակարգը, նաև այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը: Սա նույնպես զսպող գործոն է Բաքվի համար և նրանք զգուշանում են ռուսական արձագանքից:
Ամենակարևորը ռազմական գործողությունները Ադրբեջանի տնտեսությանը կբերեն այնպիսի անդառնալի կորուստներ, որ դրանից հետո տնտեսության վերականգնումը կարող է տասնամյակներ տևել: Ադրբեջանն ունի նավթագազամուղեր, լոգիստիկա, որոնք անցնում են հայկական դիրքերի մերձակայքով ու կարող են պատերազմի դեպքում դառնալ հեշտ թիրախ, իսկ Ադրբեջանի տնտեսության հիմքն ու բյուջեի եկամուտների մեծ մասը գալիս է էներգակիրների վաճառքից:
Այսպիսով, ղարաբաղյան հարցի լուծման բանալին գտնվում է գեոպոլիտիկ և ռազմական հարթություններում, որտեղ հայկական կողմի դիրքերը բավականին ամուր են, այդ թվում ՌԴ-ի հետ ռազմական դաշինքի շնորհիվ, իսկ Ղարաբաղը հանձնելու մասին հայտարարությունները հիմնականում կրում են տեղեկատվական բնույթ և հաճախ օգտագործվում, որպես ներքաղաքական ազդեցիկ զենք: