26.07.2025
Ավելի քան 22 մլն դրամ՝ ՀՀ ֆինանսների նախարարի քրոջը․ ԲՏԱ պայմանագրերի հետքերով
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու Չեռնոգորիան կշարունակեն համագործակցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցերում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 21-23-ն աշխատանքային այցով գտնվել է Չեռնոգորիայում։ Պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ անվտանգության խորհրդի և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։


 ՀՀ ԱԳ նախարարությանից հայտնում են, որ Գերատեսչության փոխանցմամբ՝ հայկական պատվիրակության այցի նպատակն էր ծանոթանալ Չեռնոգորիայի կողմից ԵՄ անդամակցության ուղղությամբ իրականացվող քայլերին, Չեռնոգորիայի օրենսդրական ներդաշնակեցմանը ԵՄ օրենսդրությանը, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցմանը և Հայաստանում դրանց տեղայնացման և կիրառման հնարավորություններին: 


Նշվում է, որ այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Չեռնոգորիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ գլխավոր բանակցող Պրեդրագ Զենովիչի, գործընթացում ներգրավված առանցքային շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների՝ Ներքին գործերի նախարարության պետական նախարար Պետար Կոպրիվիցայի, Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության և միջազգային իրավական օգնության տնօրինության գլխավոր տնօրեն Բլագոյ Գլեդովիչի, Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի, Չեռնոգորիայի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Իվան Վուկովիչի և Չեռնոգորիայի Պանեվրոպական միության նախագահ Գորդանա Ջուրովիչի հետ: 


«Չեռնոգորական կողմին են ներկայացվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները, Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային հիմք հանդիսացող փաստաթղթում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում ներառված ոլորտներում ԵՄ օրենսդրությանն ու չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև քննարկվել է Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը»,-ասված է հաղորդագրության մեջ: ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները: 


ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ կայացած հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շրջանակներում Չեռնոգորիայի վարած քաղաքականությանը և իրականացված բարեփոխումներին: ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի, Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի ու Եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ: «Հաշվի առնելով Չեռնոգորիայի զգալի փորձն ու գրանցած հաջողությունները ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը ԵՄ հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորվածն ազատ է արձակվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին