VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքից հետո ակտիվացել են ՀՀԿ-ի քնած բջիջները: Տարբեր մարզերում այս օրերին տեղի են ունենում հավաքներ, որոնք հիմնականում կազմակերպվում են ՀՀԿ-ական համայնքապետերի կողից: Այս հավաքների ժամանակ քննարկվում են գործող իշխանության դեմ հնարավոր հրապարակային գործողությունների հնարավորությունները, քանի որ նախկին իշխանության ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ հետապնդումների ալիքը կարող է հասնել նաև իրենց»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ղարաբաղյան խնդրում Ռուսաստանը լուրջ շտապողականություն է դրսևորում, և որ արտգործնախարարների «նոնստոպ» հանդիպումների շարքը հատկապես այդ հանգամանքով է պայմանավորված: Դրանով է պայմանավորված նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ գործի հարուցումը, այն «նոր» տարրերով «հագեցնելու» իշխանական տարփողումը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը մի նեղ միջավայրում ասել է` ինչ Նիկոլն անում է «իմ, մնացյալի, անգամ Հայաստանի նկատմամբ, այնքան էլ չի մտահոգում ինձ, որքան մտահոգում են Ղարաբաղի խնդրում նրա արածները։ Ժամանակի ընթացքում որևէ կերպ հնարավոր կլինի վերականգնել թե՛ Հայաստանի, թե՛ մնացյալ խնդիրների հետ կապված կազուսները, անվերականգնելին Ղարաբաղն է»: Թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել երրորդ նախագահը, չի ասվում, սակայն տեսակետ կա, որ «չխոսկան» նախագահը երբեք նման բան չէր ասի առանց լուրջ հիմքերի»:
«168 ժամ» թերթը գրում է. «2018 թ. թավշյա իրադարձությունները և իշխանափոխությունը որոշ գործարարների կյանքում մեծ փոփոխություններ են բերել։ Դա է պատճառը, որ նրանք ժամանակ առ ժամանակ առիթը բաց չեն թողնում Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության, առհասարակ՝ նոր իշխանությունների գովքն անելու՝ չնկատելու տալով բազմաթիվ բացթողումներն ու արատավոր, կոռուպցիա պարունակող երևույթները։ Վերջերս գործարար Խաչատուր Սուքիասյանը քննադատում էր նախկին իշխանություններին և, մասնավորապես, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Մամուլը հիշեցրեց, թե ինչպես էր նա ամեն կերպ փորձում սերտ հարաբերություններ, շփումներ ունենալ Սերժ Սարգսյանի հետ՝ նրան հրավիրելով իր այս կամ այն բիզնես նախաձեռնության միջոցառումներին, ինչպես, օրինակ, 2016թ. «Ռոսիա Մոլ» կենտրոնի բացմանը։ Բայց սա մի կողմ թողնենք, ինչպես նաև մի կողմ թողնենք այն, որ Սուքիասյանները դեռևս 90-ականներից ամեն կերպ օգտվել են իշխանությունների հետ ունեցած մտերիմ հարաբերություններից, մասնավորապես՝ Վանո Սիրադեղյանի հետ ունեցած բարեկամական հարաբերություններից։ Խնդիրն այն է, որ գործարարը, որն իրեն մշտապես թույլ է տալիս տնտեսական վերլուծություններ անել, չի տեսնում այն լրջագույն խնդիրները, որոնց առջև կանգնած է երկիրը և ՀՀ քաղաքացին։ Իսկ ինչո՞ւ չի տեսնում այդ խնդիրները։ Պատճառը շատ պարզ է՝ անձնական շահը։
Եվ այսպես, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 3 միլիոն դրամից ավելի պայմանագիր է կնքել գործարար Խաչատուր Սուքիասյանին և նրա ընտանիքին պատկանող «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացրել է հենց Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը։ Ըստ էության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 87 տրանսպորտային միջոցների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ-Ինշուրանսին»։ Արդեն հունիս ամսին երկկողմանի համաձայնագրով տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի։ Մամուլում հրապարակում էր եղել նաև այն մասին, որ վարչապետի աշխատակազմի տրանսպորտային միջոցների զգալի մասի ապահովագրությունն էլ է պատվիրակվել «Սիլ-Ինշուրանսին»: Եվ ահա երեկ «168 Ժամը» տեղեկացավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական ապահովագրությունն էլ է կատարում գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանսը», մի բան, որ նախկինում չի եղել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում «Հայ արարման հավաք» շարժման նախաձեռնողները պատրաստվում են շարժումը կուսակցություն դարձնել։ Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամներն են ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, կապի և տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանը, սահմանադրագետ Վարդան Այվազյանը, Վահան Հովհաննիսյանն ու Սուրեն Օքմինյանը։ Վերջինս ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան է։ 2020-ի սկզբին կուսակցությունը կձևավորվի, քննարկվում է կուսակցության ղեկավար չունենալու գաղափարը․ կստեղծվի գերագույն մարմին, որը, հավանաբար, կգլխավորի Արթուր Առաքելյանը։ Բայց նոր ուժը կղեկավարվի կոլեգիալ որոշումներով»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդդիմության հակահեղափոխական հատվածում կարծում են, որ Հայաստանում լուրջ ընդդիմադիր շարժում պետք է ձևավորել, և դա պետք է անել մինչև 2020թ. մարտի 31-ը, այսինքն՝ մինչև Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Այս շրջանակներում մտահոգություն կա, որ եթե Արցախում ևս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացնի իր ուզած թեկնածուին, ապա գործող իշխանության դիրքերը էլ ավելի կամրապնդվեն»:
«Իրատես» թերթը գրում է. «Նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանը թիմ, որպես այդպիսին, չունի։ Նրա շուրջը կա մի քանի մարդ, որոնց նա վստահում է և որոնց հետ է խոսում իր քաղաքական քայլերից, իսկ մնացածը իշխանության կերակրատաշտի մոտ հայտնվածներն են, որոնք այսօր փառաբանում են Փաշինյանին, վաղը նույն հաջողությամբ երկինք կհանեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող մեկ այլ ղեկավարի։ Եթե նախկինում Փաշինյանը կարողանում էր վերահսկողության լծակներն օգտագործել և մի «տանիքի» տակ պահել իր խորհրդարանական մեծամասնությանը, այսօր արդեն հասկացել է, որ դա անիմաստ զբաղմունք է, քանի որ տարբեր հոսանքների հարող անձինք են հայտնվել իր շուրջը, որոնց իրական «ղեկավարները» բոլորովին այլ մարդիկ են, և սեփական խաղն են առաջ տանում։ Կար ժամանակ, որ շաբաթը մի քանի անգամ տեղի էին ունենում խմբակցության նիստեր, այսօր դրանց թիվը կտրուկ նվազել է, ասելիք չկա, ասողին լսող էլ չկա։ Սրան զուգահեռ 88-հոգանոց խմբակցությունում այսօր ուշագրավ «անջատողական» շարժումներ են սկսվել։ Մեր տեղեկություններով, շատ հետաքրքիր ընթացք ունեն այս խմորումները։ «Իմ քայլը» խմբակցության ձևավորման առաջին իսկ օրից այդ ուժի հետ չհամադրվող պատգամավորներն այսօր շատ ավելի են հեռացել ու սկսել են սեփական համախոհների թիվը մեծացնել։
Տարբեր քաղաքական քննարկումներից հետո նրանց հաջողվում է խմբակցությունից «պոկել» հերթական պատգամավորին։ Այս խումբը Փաշինյանի համար իսկական ական է՝ ներսից։ «Անջատողականների» մի մասն էլ, թեև հստակ ձևավորված «վտառ» չունի, բայց սկսել է Փաշինյանի գործողություններից դժգոհել, ի դեպ, նրանց ու նախկին իշխանությունների հետ կապի մասին էլ հաճախ են խոսում։ Ժամանակին սեփական թիմում «թևեր կտրել» խոստացող Նիկոլ Փաշինյանը հիմա ճիշտ է, սպառնում է բոլորի կեղտոտ թաթիկները կտրել, բայց հազիվ թե կարողանա, քանի որ դե յուրե չունի քաղաքական հենարան խորհրդարանում, ինչն էլ այսօրվա կառավարման համակարգում շատ բան է որոշում։ Բնականաբար, «պայթյունավտանգ» խմբակցության առկայությունը Փաշինյանը շատ լավ է գիտակցում, բայց ոչինչ անել չի կարող, իմա՝ արտահերթ ընտրությունների գնալը նշանակում է դե ֆակտո մեծամասնություն կորցնել (ակնհայտ է, որ նախկին վարկանիշի կեսն էլ չի մնացել)։ Մնում է ականազերծման լուրջ աշխատանքներ տանել, բայց դա էլ խիստ վտանգավոր է, քանի որ գիտի` փորձված «սակրավորն» էլ ականի հետ մի օր կարող է «պայթել»»:
«Փաստ» թերթը գրում է. «Քանիցս անդրադարձել ենք այն փաստին, որ ՀՀ իշխանությունները լուրջ ռազմավարություն են մշակել համայնքների ղեկավարների նկատմամբ: Մասնավորապես նշել էինք, որ, մեր տեղեկություններով, ներքին հանձնարարական է իջեցվել՝ ամեն կերպ ազատվել չենթարկվող, «թրի տակով չանցնող» համայնքապետներից։ Նշենք, որ գլխավորապես դրանք այն համայնքապետներն են, որոնք ընտրվել են նախկին իշխանությունների օրոք։ Օրերս Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը բացահայտ ի ցույց դրեց իր վերաբերմունքը Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի նկատմամբ։ Աշխատանքային այցով գտնվելով Ալավերդիում՝ մարզպետը մասնակցել է քաղաքում կատարվող ճանապարհաշինական աշխատանքներին և դրանք համարել անորակ՝ հավելելով, որ այն չի կարող ընդունվել որպես կատարված աշխատանք, ինչի արդյունքում չի լինի նաև համապատասխան շինաշխատանքների դիմաց վճարում։ Մարզպետը բացահայտ ակնարկել է, որ դժգոհ է քաղաքապետի աշխատանքից, նշել, թե նա նախկին իշխանությունների կողմից կաշկանդված անձնավորություն է և չի կարողանում պատշաճ կերպով ինքնուրույն գործունեություն ծավալել։ Ի դեպ, հավելենք, որ Խեչումյանը մինչև քաղաքապետ ընտրվելը Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի՝ Ալավերդու քաղաքապետ եղած տարիներին աշխատել է որպես քաղաքապետարանի իրավաբան, այնուհետև, Նալբանդյանի մարզպետ աշխատած տարիներին, տեղափոխվել և իր գործունեությունն է ծավալել մարզպետարանում. 2013 թվականից եղել է տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի անդամ, իսկ 2016-ից՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի անդամ։ Այս ամենը հաշվի առնելով՝ հասկանալի է, թե ում և ինչ կաշկանդվածության մասին է ակնարկել Ղուկասյանը»:
«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Երեկվա լրահոսում ես, կարծես, չհանդիպեցի որեւէ անդրադարձի այն բանին, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում ձեւավորվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը: Կարծում եմ, դա կարեւոր իրադարձություն էր, որովհետեւ Երրորդ հանրապետության պատմության մեջ քիչ են եղել ընտրություններ, որոնց արդյունքներին հանրությունն ամբողջապես վստահի, եւ որոնք չեն վիճարկվել ոչ մի քաղաքական ուժի կողմից: Դրանից առաջ այդպես էր եղել 1990-ին եւ մասամբ՝ 1999-ին: Հատկապես 90 թվականի ընտրությունների հետ զուգահեռը ակնհայտ է, որովհետեւ երկու դեպքում էլ ընտրություններին նախորդել էր փողոցային պայքարը, որն ուղղված էր փտած, լճացած, անարդյունավետ համակարգի դեմ: Բայց կան նաեւ տարբերություններ, որոնցից աչքի է զարնում այն, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրություններում մարդիկ քվեարկում էին ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի, այլեւ Վազգեն Մանուկյանի, Բաբկեն Արարքցյանի, Վանո Սիրեդեղյանի եւ մի շարք այլ ծանրակշիռ, ազդեցիկ գործիչների օգտին: 2018 թվականին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ձայն տվեց բացառապես Նիկոլ Փաշինյանին, որը կազմել էր 88 հոգանոց ցուցակ. այդ ցուցակում ընդգրկված մարդկանց հասարակությունը կա՛մ ընդհանրապես չէր ճանաչում, կա՛մ էլ՝ ճանաչում էր այնքանով, որքանով նրանք «Նիկոլի կողքին» էին: Ի թիվս այլ խնդիրների, դա, իհարկե, ծանրացնում է ներկայիս վարչապետի ուսերին ընկած բեռը:
Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ 90 թվականին մեր հասարակությունն ավելի կրթված էր ու զարգացած, քան այսօր. այսօրվա «միջին վիճակագրական» 20 տարեկան երիտասարդն ավելի քիչ գրքեր է կարդացել, քան այն ժամանակվա 20 տարեկանը: Որպես հետեւանք՝ այն 90-ի ընտրողն, իմ կարծիքով. ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը. վերջինս, որպես կանոն, գտնվում է «ֆեյսբուքային զոմբիականության» ազդեցության տակ, որը ծնում է միագիծ, կտրուկ, «քառակուսի», վերջնական ճշմարտությանը հավակնող դատողություններ: Բայց եթե համեմատենք այս՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի կազմը նախորդ 2-3 գումարումների հետ, ապա այն, ընդհանուր առմամբ, ունի նաեւ առավելություններ: Ի՞նչն է ավելի գերադասելի՝ անփորձությունը, ամբոխավարությունը, դիլետանտի՞զմը, թե՞ լկտի ցինիզմը եւ համատարած անհավատությունը: Կարծում եմ, այս հարցի պատասխանը բոլորի համար պարզ է: Առաջին տիպի թերությունները, գոնե տեսականորեն, հնարավոր է շտկել՝ լավ կլիներ, իհարկե, որ մենք այս առումով առաջընթաց զգայինք մեկ տարվա ընթացքում: Երկրորդ դեպքում ամեն ինչ անհույս է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանը շարունակում է Հայաստանից մեծ թվով միգրանտներ ընդունել: ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է միգրացիայի վերաբերյալ ցուցանիշներ, որոնք մտահոգիչ են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017-2018 թթ. միգրացիոն գործընթացներում ներգրավված տնային տնտեսության անդամների 61տոկոսը՝ շուրջ 137 հազար 700 մարդ,անցած տարվա դրությամբ դեռեւս բացակայել են եւ գտնվել են ՀՀ այլ մարզում, Երեւանում, տվյալ մարզի այլ բնակավայրում կամ այլ երկրում: Ի դեպ, 38 տոկոսը՝ շուրջ 86 հազար 700մարդ,վերադարձել են իրենցմեկնումներից, իսկ1 տոկոսն առաջին անգամ են ժամանել տվյալ բնակավայր՝ շուրջ 2400 մարդ: Պարզվում է, որ միգրացիոն գործընթացներում ներգրավված եւանցած տարվա դրությամբ մեկնումներից վերադարձած տնային տնտեսությունների անդամներից 87 տոկոսի բացակայության տեւողությունը կազմել է մինչեւ մեկ տարի, իսկ 13տոկոսինը` մեկ տարի եւ ավելի:
Բացի այս,ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2017-2018 թվականներին արտաքին եւներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների անդամների 10.9 տոկոսի տեղաշարժերի բնույթն անցած տարվա դրությամբ եղել է ներհանրապետական` Երեւանի, ՀՀ մարզերի միջեւ, 8.5 տոկոսինը` Արցախի հետ, իսկ մնացած 80.6տոկոսինը եղել է միջպետական, որիմեծամասնության` 86.2 տոկոսիտեղաշարժերն իրականացվել են Ռուսաստանի հետ: Անցած տարվա դրությամբ վերադարձած ընտանիքի անդամների 6.2տոկոսը վերադարձել են ներհանրապետական տեղաշարժերից, 3.5տոկոսը` Արցախից, 71.4տոկոսը` Ռուսաստանից, 3.4 տոկոսը` ԱՊՀ այլ երկրներից, 8տոկոսը` եվրոպական երկրներից: Այսինքն` ստացվում է, որ աշխատանքային միգրանտների 71.4 տոկոսը Ռուսաստանում է գտնվել եւ այնտեղից էվերադարձել: Օրինակ, եթե 2018 թվականի հունվար-ապրիլին Հայաստանից Ռուսաստան ժամանել է 4 900 միգրանտ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն ավելացել է ավելի քան 2.5 անգամ եւ կազմել 12 800 մարդ:Ըստ հետազոտության արդյունքների՝ 2017-2018թթ. 3 ամիս եւ ավելի ժամկետով իրենց մշտական բնակավայրից մեկնած եւ 2018 թվականի դրությամբ բացակայող տնային տնտեսությունների 15 եւ բարձր տարիքի անդամների 13.5տոկոսի տեղակայման վայրը եղել է ՀՀ տարածքում` Երեւանում, ՀՀ մարզերում, 12 տոկոսինը` Արցախում, իսկ 74.5տոկոսինը եղել է արտերկրում, որոնց գերակշիռ մեծամասնությունը` Ռուսաստանում: Ի դեպ, անցած տարի կատարված հետազոտություններից պարզ է դարձել, որ կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ տնային տնտեսության 16 եւբարձր տարիքի անդամներից նշել են հետեւյալը` ինձնիցոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով եւ լավ պայմաններով, պլաններ չունեմ, փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, իմ կենսամակարդակն ինձ համար ընդունելի է, չգիտեմ` ինչպես դուրս գալ այս իրավիճակից, փնտրում եմ եկամտաբեր աշխատանք Հայաստանից դուրս, սպասումներչունեմ ընդհանրապես, ստիպված եմ հեռանալ Հայաստանից»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Իմ քայլը» իշխանական ֆրակցիայում տրոհումներն այնքան ակնհայտ են, որ անգամ որոշ իմքայլականներ կարծում են, որ Փաշինյանը մտադրություն ունի պառլամենտը ցրել` սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ, որով կանցնենք կիսանախագահական կառավարման։ «Վարչապետը հանձնարարել է Համազասպ Դանիելյանին՝ արագ ռեժիմով, մինչև տարեվերջ, ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքները և ներկայացնել ԱԺ, ընդ որում՝ հանձնարարված է նաև վերանայել պառլամենտում որակյալ մեծամասնության թեզը, ինչը, եթե անկեղծ, չենք հասկանում, թե ինչու»,- ասաց «Իմ քայլի» մեր զրուցակիցը: Խորհրդարանում ՄԻՊ 10-ամյակի միջոցառումից հետո Արարատ Միրզոյանը հանդիպել է միջոցառմանը եկած միջազգայինների ներկայացուցիչների հետ, տեղեկացրել, որ կուսակցությունների, ԸՕ-ի մասին օրենքներում լուրջ փոփոխությունների են գնում, այդ թվում՝ ստեղծում են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով։ Միջազգայիններն ասել են, որ 6 ամսվա ժամկետի և հանրային քննարկումների պահանջը պետք է անպայման պահպանվի: Ի դեպ, «Իմ քայլը» կրկին բախվել է որակյալ մեծամասնություն ապահովելու խնդրին: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գզիրի նման ընկած դռնեդուռ` օրերս հատ-հատ համոզում էր իրենց ֆրակցիայի պատգամավորներին` խնդրում, բացատրում, որ անպայման ներկա լինեն ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու սահմանադրական օրինագծի (մոտ 80 ձայն է անհրաժեշտ) քվեարկությանը, որովհետև վախենում են, որ Միրզոյանի՝ ԱԽ անդամության օրենքի նման սա էլ կտապալեն։ Խնդիրն այլ էր` ինչու էր այս օրենքի քվորումի ապահովման հարցը դրվել այդ երիտասարդի վրա, երբ մինչ այդ նման հարցերը Հակոբ Սիմիդյանն էր կարգավորում, մտորելու առիթ է»,- ասաց իմքայլականը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու: Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը և այն ուժի մեջ է մտնում հենց հունվարի 1-ից: Այսպիսով, հունվարի 1-ից բոլոր աշխատավարձ ստացողները վճարելու են 23 տոկոս եկամտահարկ, սակայն յուրաքանչյուր տարի այն 1 տոկոսով էլ կնվազի, և 2023 թվականից կգործի 20 տոկոս եկամտահարկ: Դրան զուգահեռ փոփոխություններ են լինելու նաև կուտակային կենսաթոշակային համակարգում: Եթե այժմ քաղաքացին իր աշխատավարձից վճարում է 2.5 տոկոս պարտադիր վճար, իսկ պետությունը` 7.5 տոկոս, ապա աստիճանաբար 2023 թվականին այն կհավասարեցվի: Մասնավորապես, 2020 թվականից քաղաքացին կվճարի 3.5 տոկոս, հաջորդ տարի 4.5 տոկոս, իսկ արդեն 2023 թվականին` 5 տոկոս»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորներից ոչ ոք չի ցանկանում անսալ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի առաջարկած տարբերակին, որը վերաբերում է վաղաժամ կենսաթոշակի գնալու պայմանով աշխատավարձ ստանալուն։ Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանն այդ տարբերակն առաջարկել էր որպես ՍԴ ճգնաժամը լուծելու արագ և հեշտ ճանապարհ, որը կարող է լուծվել նաև իրավունքի գերակայությամբ։ Նախարարի կարծիքով՝ դա պատվով հեռանալու ինստիտուտ է։ Իշխանություններն էլ իրենց հերթին պնդում են, որ ոչ թե դատավորների հետևից են ընկել, այլ ինստիտուտն են ուզում բարեփոխել։ Մյուս տարբերակը մնում է 2020թ. հունվարին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումը, և իշխանությունները մտմտում են, որ միգուցե ՍԴ ճգնաժամի լուծումը փորձեն գտնել այդ հանձնաժողովի առաջարկած բարեփոխումների շրջանակում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական դատական հայցն է ներկայացվել նոր ձևավորված Բարձրագույն դատական խորհրդի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական բաժնի համալրման նպատակով 2019 թ. հոկտեմբերի 26-ին անցկացվել է որակավորման գրավոր քննություն, որի արդյունքով Հայկ Իսրայելյանը չի անցել քննության համապատասխան փուլերը: Արդյունքում վերջինս, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջում է, որ իր մասով որոշումը անվավեր ճանաչեն և իրեն Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլին մասնակցել թույլատրելուն պարտավորեցնեն: Այսպիսով, ուսումնասիրելով իրավիճակը` նկատենք, որ այսօրվա դրությամբ Բարձրագույն դատական խորհրդի դեմ հայցերի թիվը 21-ն է»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին դատախազներն ու քննիչները «իրար են ուտում»։ Պատճառը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի անհաջող արտահայտությունն է։ Նա Քննչական ծառայության ծառայողի օրվա տոնական միջոցառման ժամանակ դատախազներին կղանք է անվանել։ Մասնավորապես մի քիչ գինովցած Գրիգորյանն ասել է, որ ՊՆ-ն երկրի գլուխն է, քննչականը՝ երկրի սիրտը, իսկ դատախազները՝ կղանքը։ Գրիգորյանի այդ «հայտարարությունը» լսելի է եղել ներկաներին, որոնց թվում շատ դատախազներ են եղել, որոնք էլ վրդովվել են ՔԿ նախագահի ձևակերպումից»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը նշել էր, որ ոչնչացված նյութերը ուղիղ առնչություն ունեն Մարտի 1-ի գործին, սակայն այսքանով բացահայտումները չեն սահմանափակվում: Բարսեղյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը ոչնչացրել է ոչ միայն Մարտի 1-ին առնչվող փաստաթղթերը, այլ նաև պետությանը առնչվող շատ փաստաթղթեր: «Դրանք վերաբերում են Հայաստանում միջազգային կազմակերպությունների կողմից և, ընդհանրապես, դիվանագիտական կառույցների կողմից Հայաստանին վերաբերող օժանդակություններին, Արցախի հիմնախնդրի, տնտեսական հարցերի… Եթե դրանք կարող են օժանդակել, իսկ դրանք կարող են օժանդակել ներկայիս վարչապետին՝ իր քաղաքական գծով, ես պատրաստ եմ դրանց տեղերը ասել, որպեսզի իրենք հայտնաբերեն և հրապարակեն», – ասել է նա»:
«Առավոտ» թերթը գրում է. «Շվեդիայում և Դանիայում երեք հետխորհրդային երկրներից՝ Ուկրաինայից, Մոլդովայից և Հայաստանից ժամանած փորձագիտական խմբերը մոտ երեք շաբաթ ուսումնասիրում էին ինչպես այդ երկրների, այնպես էլ միմյանց փորձը՝ լրատվամիջոցների ինքնակարգավորման ոլորտում: Լրատվամիջոցների, մամուլի, ընդհանրապես՝ խոսքի ազատության հարցերում Սկանդինավյան երկրները մշտապես օրինակելի և առաջատար են եղել: Ու, բնական է, որ այս երկրներում մամուլի ինքնակարգավորումը նույնպես լուրջ ավանդույթներ ունի: Թեև, պետք է նկատել, որ այս երկու երկրներում էլ ինքնակարգավորումը «մաքուր» չէ, քանի որ պետությունը, թեև փոքր, բայց ինչ-որ դերակատարում ունի այդ համակարգի մեջ: Սակայն երկու երկրներում էլ պնդում են, որ իրենց մոտ կատարյալ ինքնակարգավորում է, քանի որ ոչ մի կոպեկ ֆինանսավորում այդ երկրների ինքնակարգավորման մարմինները պետությունից չեն ստանում»: