24.11.2024
Հայաստանի ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
prev Նախորդ նորություն

Հայաստանի պետական միջոցները հարյուր տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում. Փաշինյան

Նախարարների աշխատավարձերի բարձրացումը չի արվել  կոռուպցիան կանխարգելելու իմաստով, որովհետև կոռուպցիոները 1,5 միլիոն դրամով, ինչպես ցույց է տալիս փորձը, չի բավարարվելու: Դա արվել է բոլորովին ուրիշ իմաստով։ Այս մասին «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա բացատրեց. «Երբ հնարավոր այդպիսի մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար մենք ձերբակալենք, կալանավորենք ու դատապարտենք, այդ ժամանակ խղճի խայթ չենք ունենա ու չենք ասի, թե մենք այդ մարդուն այնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան գնալ տարբեր կոռուպցիոն գործարքներ փնտրել», - ասաց վարչապետը։


Նա կրկնեց, որ արդարացված է համարում աշխատավարձերի բարձրացումը հենց այս տրամաբանությամբ, որ խղճի խայթ, մեղավորության զգացում չունենան բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կներքաշվեն կոռուպցիոն գործարքների մեջ։


Վարչապետը շեշտեց՝ իրեն համարում է կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ, մարդ, անհատ։ Ու թեև միշտ պետք է հաշվի առնել, որ տեսականորեն կարող են լինել համակարգեր, որոնք անընդհատ ուզում են քեզ ներքաշել այդ գենետիկ մուտացիաների մեջ, բայց դա տեղի չի ունենա:


Հայաստանի վարչապետն անդրադարձավ նաև օրերս Ազգային ժողովում իր՝ «Ես պետական բյուջեից ոչ մի կոպեկ չեմ գողանում» արած արտահայտությանը։ Նրա խոսքով, այդ հայտարարությունից հետո իրեն որոշակիորեն դիսկոմֆորտ է զգում, քանի որ այդ հայտարարությունը կիսատության որոշակի էլեմենտ ունի իր մեջ.


«Լրացնեմ այդ հայտարարությունը. այո, ես պետբյուջեից ոչ մի կոպեկ չեմ գողանում, բայց գիտեմ, որ, ցավոք սրտի, Հայաստանի պետական միջոցները հարյուր տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում։ Սա շատ կարևոր արձանագրում է այս հայտարարությունը ամբողջացնելու համար։ Ներառյալ նաև վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը ես չեմ կարող հարյուր տոկոս արդյունավետ համարել, ցավոք սրտի», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, թե այդ հարցն իր օրակարգում է, բայց միշտ չէ, որ ինքը դրանով զբաղվել է բավարար ինտենսիվությամբ։


«Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիների առաջ ասել, որ ընդհուպ, հազար դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակագի հարց է այլևս», - հավաստիացրեց ՀՀ վարչապետը։


Փաշինյանը նաև ասաց, թե վերջերս արձանագրել է, որ վարչապետին բարևելը կոռուպիցոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է։ Այսինքն, կարելի է վարչապետին բարևել ու հաջորդ քայլով շտապել, այսպես ասած, տարադրամի փոխանակման շուկա ու հնարավորինս արագ այդ բարևը կանխիկացնել.


«Եթե հանկարծ նկատեք, որ ես բարևների ու ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք, թե մեծամտացել եմ, պարզապես ես այս գործունեության մեկուկես տարվա ընթացքում հասկացել եմ, որ նույնիսկ բարևի ու ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել»,- ավելացրեց նա։