Պատվերով համերգ չի. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին
Ոմանք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների հայտերով: Այս մասին «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի շուրջ քննարկումներին:
Նա նշեց, որ իրեն զարմացրեցին մեղադրանքի հետ կապված արձագանքները.
«Շատերը նշում են, թե ինչ զավեշտ է՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի հետ կապված մեղադրանք է առաջադրվել: Հայտ է ներկայացվում՝ խնդրում եմ մեկ քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 մլն դրամի սահմաններում: Հետո դրանից բխում է հաջորդ հարցը, թե ինչու ես պատվիրել 400 մլն դրամանոց գործ, այլ ոչ թե 4 մլրդ դրամանոց: Այնպիսի տպավորություն է, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է: Այսինքն, ըստ էության, գործ ունենք նույն ծագման հետ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: