24.11.2024
ՀՅԴ ԳՄ-ն հայտարարությամբ կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին «սթափվել»
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ոչ մի Եվրոպա ու Ռուսաստան՝ Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված էր ոչ միայն ղարաբաղյան գործընթացով, այլեւ վերջին շրջանում երրորդ նախագահի ակտիվության, զագրեբյան այցին եւ ելույթին հաջորդած արտաքաղաքական սեգմենտով»,- ասաց մեզ ՀՀԿ-ական աղբյուրը։ Պարզվում է՝ առաջիկայում պլանավորված էին Սերժ Սարգսյանի եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ եւ Ռուսաստան։ Դրանք պետք է լինեին Զագրեբ այցի շարունակությունը, եւ ՀՀԿ-ում կարեւորում էին դրանք։ Բանն այն է, որ այն անձանցից, ում նկատմամբ մեղադրանք է հարուցվում, եւ խափանման միջոց է ընտրվում, նախաքննական մարմինը վերցնում է անձնագիրը, եւ նրանք այլեւս չեն կարող հանրապետությունից մեկնել։ Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի անձնագիրը նույնպես վերցրել են»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, երբ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ Սերժ Սարգսյանին կանչել են ՀՔԾ, ինչին հաջորդեց այն լուրը, թե հնարավոր է նրան նաեւ մեղադրանք առաջադրվի, միանգամից ՀՀԿ կենտրոնական գրասենյակում սկսել են տասնյակ մարդիկ հավաքվել, որոնք բավականին անհանգիստ են եղել, սակայն, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, առանձնապես «դուխից» ընկած չեն եղել։ ՀՀԿ-ականներն այնտեղ սպասել են Սերժ Սարգսյանին։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ, երբ Սարգսյանը վերադարձել է գրասենյակ եւ տեսել է՝ ինչքան մարդ է հավաքվել, ժպտացել է ու կատակել, թե՝ «ի՞նչ եք խառնվել, ես դեռ էստեղ եմ, չեմ պատրաստվում տեղ գնալ»։ Երրորդ նախագահը բավականին մարտական տրամադրություն է ունեցել եւ ամենեւին ընկճված չի եղել։ Տեղեկություններ ունենք նաեւ, որ ընդհուպ մինչեւ ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր՝ եւ՛ մարդկանց աժիոտաժով, եւ՛ ընդհանուր աշխատանքային մթնոլորտով։ Մեր աղբյուրի պնդմամբ, ՀՀԿ-ականները մինչեւ ուշ երեկո գտնվում էին գրասենյակում, ինչի հետ կապված Սերժ Սարգսյանը զայրացել է՝ ասելով՝ «ինչի՞ չեք տուն գնում, ամենքդ գնացեք ձեր գործին»։ Սակայն ՀՀԿ-ականները շարունակել են մնալ Մելիք-Ադամյանում։ Այդ ժամանակ Սարգսյանը հայտարարել է, թե՝ «այդ դեպքում առաջինը ես կգնամ», եւ առաջինն է լքել ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, որից հետո մնացածները նույնպես ցրվել են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դիվանագիտական ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Պաշտոնաթողություն է սպասվում Իտալիայում դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին, որը նշանակվել էր 2016-ին։ Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողումը «կոտրել» են դեսպանի վրա։ Նրա փոխարեն, մեր տվյալներով, կնշանակվի ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը, ով ՀՀ նախագահի աշխատակազմում է աշխատել 1995 թ․-ից։ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնի ռեալ հավակնորդ է հայտնվել՝ 2005-2014 թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով 2014-ից Բելգիայում ՀՀ դեսպանն է եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչը։ Նրա փոխարեն Բրյուսել կմեկնի, ըստ ամենայնի, Աննա Աղաջանյանը, ով 2013-2018թթ․ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն էր եւ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ հրաժարվել էր պաշտոնից եւ խնդրել իրեն տեղափոխել Եվրոպա»:


«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ 2020 թվականի փետրվարին կառավարության կողմից նախատեսվում է ստեղծել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով՝ Սահմանադրության հնարավոր փոփոխություն կազմակերպելու, ինչպես նաեւ համապատասխան հանրաքվեն կազմակերպելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են նաեւ իշխանությունները: Այս թեմայով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, ըստ որի՝ ձեւավորվելիք այդ հանձնաժողովի կազմում իշխանությունները նախատեսում են ընդգրկել բացառապես իրենց հավատարիմ սահմանադրագետների ու իրավաբանների։ Տեղեկություններ կան, որ նոր Սահմանադրությամբ իշխանություններն ուզում են վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի։ Բանն այն է, որ Փաշինյանն ինքն էլ գիտակցում է, որ խորհրդարանական նման մեծամասնության վրա հույս չի կարող դնել։ Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ համապատասխան փոփոխությունների հանրաքվեն այնքան էլ շուտ չի անցկացվի։ Ըստ նույն աղբյուրների, նախապատրաստական աշխատանքները բավականին ձգձգվելու են, իսկ հանրաքվեն տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամկետի վերջին մոտ»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյան-ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյան առճակատումը ոչ միայն եռանկյուն, այլեւ քառանկյուն է եւ պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ Նարեկ Զեյնալյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քավոր-սանիկ են, եւ այդպես էլ Անվտանգության խորհրդի անդամ չդարձած Միրզոյանը ցանկանում է ամեն գնով նախարար դարձնել յուր սանիկին, ինչի համար գործարկման մեջ է դրել «Իմ քայլի» կին-«բետեէռներին» (Քրիստինե Պողոսյան, Արփի Դավոյան, Լուլու): Խաղի չորրորդ կողմն էլ Աննա Հակոբյանն է (Նիկոլի տիկին), որը մի շարք պրագմատիկ հարցերով «լիչնիյ ներպրիյազն» ունի Արսեն Թորոսյանի նկատմամբ: Պայքարի հմայքն այլ տեղ է. թե՛ խորհրդարանում առանց հենարան մնացած կառավարության անդամները, թե՛ բուն խորհրդարանի էլիտարները հասկացել են` իրենց շատ չի մնացել եւ «նախկինների» հետ բանակցային գործընթացների մեջ են` իշխանափոխության ժամանակ «երեսատեղի» հույսով»:


«Իրատես» թերթը գրում է. «Այս շաբաթ խորհրդարանում ԲՀԿ-«Իմ քայլը» հակամարտությունը բացահայտ առճակատման վերածվեց։ ԲՀԿ-ն հեգնում էր իմքայլականներին ու սովորեցնում, որ «փոքրերը» պետք է լսեն «մեծերին», «Իմ քայլն» էլ «տակը չէր մնում»։ Մեծի ու փոքրի այս «մարտում» ամեն մեկը սեփական ողբերգությունն ունի։ Նախ՝ «մեծերը» պետք է հստակ ասելիք ունենան, որ «փոքրերը» նրանց լսեն։ Իսկ ի՞նչ է հուշում ԲՀԿ-ի անցած ճանապարհը։ Նրա ստեղծման պատմությունն իր «Կյանք ու ազատություն» գրքում շատ հանգամանորեն ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանը, ինչից հստակ պատկերացում ես կազմում, թե ինչի եւ ում համար է այն ստեղծվել։ Իսկ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նրան մշտապես «նախագահ ջանով» դիմող Գագիկ Ծառուկյանը հանկարծ 2015-ին ընդդիմացավ, բայց ՀՀԿ-ն հայտարարեց, թե կրկեսի վերածելու հայրենիք չունի։ Ծառուկյանը «հեռացվեց» քաղաքականությունից ու հետո էլի նույն ՀՀԿ-ի ջանքերով վերադարձավ։ Այլ խոսքով, սա մի կուսակցություն է, որը հիմնված է մեկ մարդու ու նրա բիզնես շահերը սպասարկելու վրա։


Ըստ այդմ, թելադրվում է նաեւ այս ուժի քաղաքականությունը։ Բայց երբ բիզնես շահեր ունեցող Գագիկ Ծառուկյանը սկսում է իրական քաղաքականության մեջ լուրջ նկրտումներ ունենալ, ամեն ինչ ավարտվում է, ինչպես ինքն է ճիշտ ձեւակերպել, իր բիզնեսները «հա էլ ստուգելով»։ Բայց եթե ԲՀԿ-ն լավ, թե վատ «պատմելու բան» ունի, «Իմ քայլն» ընդհանրապես խոսելու տեղ չունի։ Այստեղ կա ընդամենը 1 տարվա անհասկանալի պատմություն, ոչինչ չասող, ապաքաղաքական դեմքեր, ԱԺ ամբիոնը վիրավորանքներով ու ցինիկությամբ ծածկող մասսա, ինքնահավանության ու գոռոզության դրսեւորումներ, իրենց կարգավիճակը չգիտակցող անձինք, 88-հոգանոց խմբակցություն, բայց 88 տարբեր հոսանքներ, քաղաքականությունը նախորդների սխալների վրա կառուցող, բայց նույն սխալները կրկնող, իրարից «բեխաբար» ուժ։ Չգիտեմ՝ այս քաղաքական «պաշարով» իմքայլականները որքան են «փոքր», կամ որքան է «մեծ» նրան դասեր տվող ուժը, բայց հստակ է մեկ բան՝ առանց «մեծերի» ժամանակին «փոքրերը» չէին կարող ոչ վարչապետ ընտրել, ոչ էլ խորհրդարանում հայտնվել։ Այնպես որ, քանի կան, իրար պարտական են»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները` Արցախի ադրբեջանական եւ հայկական համայնքների հարաբերություններում բացը լրացնելու եւ Փաշինյանին «գասպադին պրեզիդենտ»-ով դիմելու մասով` հանուն Ղարաբաղում զիջումների,- հարցրինք ԱԳՆ աղբյուրին։ «Բացարձակապես ո՛չ։ Լավրովի մոտ պարզապես շփոթմունք էր, ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք իսկապես կարելի է համարել աննախադեպ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի` Սիրիա սակրավորներ ուղարկելու փաստը՝ Ռուսաստանին ուղղված մնացյալ քայլերին զուգընթաց»: Դրանց թվում է նաեւ ուժայիններին առնչվող նախագծի հետկանչո՞ւմը։ «Մեկնաբանության խնդիր է, Ձեր ուշադրությունը կհրավիրեի գազի խնդրի վրա։ Նկատեք` ի տարբերություն Ուկրաինայի, որը ձմռան այս ցրտաշունչ օրերին գազ չի ստանում (մինչ այս պահը պայմանագիր չունի Ռուսաստանի, այդ թվում եւ դեպի Եվրոպա տրանզիտին վերաբերող), իսկ Հայաստանի գազի գնի խնդրի քննարկումը տեղափոխեց մինչեւ գարուն՝ գումարած, որ Ղարաբաղը շատ լավ վիճակում է, ավելին` Լավրովն էլ իր հերթին հայտարարեց` Արցախը եւս պետք է բանակցային կողմ դառնա։ Մի նրբություն էլ՝ Ռոբերտ Քոչարյանի հարցը Ռուսաստանն այլեւս շատ կտրուկ չի դնում, նկատեք` ինչ հայտարարեց նույն Լավրովը բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու մասին»: Իսկ ՀԱՊԿ-ից Յուրի Խաչատուրովի հետ կանչելու սկանդա՞լը։ «Դա եւս Ձեր կարծածի չափ բացթողում չէր։ Բոլոր դեպքերում միանշանակ է` Ռուսաստանի հետ հարաբերություններում մեծ սխալներ թույլ չեն տրվել»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն, ըստ էության, գոյություն չունի: Այս ակումբի անդամ կուսակցությունները խոստացել էին աջակցել ՀՅԴ երիտասարդների բողոքի գործողություններին, բայց ոչ մի էական աջակցություն ցույց չեն տվել: Այդ կուսակցությունները պետք է իրենց անդամներին ուղարկեին միանալու ՀՅԴ ուսանողների բողոքի ցույցերին: Հնարավոր է, որ դա ոչ թե միտումնավոր է արվել, այլ ուղղակի այդ կուսակցությունները անդամներ չունեն»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեն հույս ունի, որ մինչեւ տարեվերջ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նոր սեփականատեր կունենա: Չնայած հյուրանոցի աճուրդին մնացել է 12 օր, բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն: Իսկ աճուրդի են հանվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ: Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Դրսից 1 ընկերություն, որ դիմել է, հիմա փաստաթղթերի հետ կապված հարցերն ենք կարգավորում, որպեսզի դրամական փոխանցումն իրականացվի, որովհետեւ մեծ ծավալի գումարի մասին է խոսքը. գնահատված արժեքի 5 տոկոսի չափի մասին է խոսքը, որը պետք է փոխանցվի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ԱԺ-ի վավերացման է ներկայացրել միանգամից 4 վարկային համաձայնագիր: Առաջինը ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրն է, որը նախատեսում է 36,5 մլն եվրոյի վարկի ստացում, երկրորդը ՀՀ-ի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն – BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրն է, որը նախատեսում է 40 մլն եվրոյի վարկի ստացում, երրորդը ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կնքված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրն է, որով ՀՀ-ին տրամադրվում է 9,1 մլն եվրոյի վարկ: Իսկ չորրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև և կոչվում է «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ»: Այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել 45,8 մլն եվրոյի վարկ: Չորս վարկերն էլ բյուջետային աջակցության վարկեր են, այսինքն՝ ուղղվելու են 2019թ. բյուջեի պակասուրդը լրացնելուն և բյուջեով նախատեսված ծախսերը իրականացնելուն: Դրանց ընդհանուր գումարը ավելի քան 130 մլն եվրո է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտահոգված է կլիմայի գլոբալ փոփոխություններով, որոնց հետևանքով ՀՀ ջրային ռեսուրսներն անընդհատ նվազում են: Կառավարությունը դրա դեմ պայքարելու ձևը համարում է ջրային հոսքակորուստների նվազեցման նպատակով միջոցառումների իրականացումը և համապատասխան որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ: Բայց ՀՀ ջրային ռեսուրսները խնայելու և արդյունավետ օգտագործելու երկու հիմնական միջոց կա. փակել Հայաստանում վերջին 15 տարիներին կառուցված փոքր ՀԷԿ-երի մեծ մասը և արգելել Արարատյան դաշտավայրում արդյունաբերական ձկնաբուծությունը: Քանի դեռ այս արմատական քայլերը չեն արվել, Հայաստանը տարեցտարի ավելի մեծ չափով է ենթարկվելու անապատացման»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Հայաստան են ժամանել մեծ թվով «օրենքով գողեր» եւ գողականներ, որոնց մեծ մասին, մեր տեղեկություններով, դիմավորել-տեղավորել է հանցաշխարհում ճանաչված Արտյոմ Կանեւսկոյը՝ Արթուր Հարությունյանը։ Պատրաստվում են շաբաթվա վերջին մեծ հավաք անել Ծաղկաձորում եւ քննարկել հետագա անելիքները։ Բանն այն է, որ վերջերս Հայաստանի խորհրդարանն ընդունեց «գողականների» մասին հայտնի օրենքը, որի հետ ժամանած գողականները որոշել են սինխրոնիզացնել նաեւ իրենց օրենքները։ Մեզ պատմեցին, որ նրանք արդեն մի քանի կետ փոխել են իրենց «ներքին օրենսդրությունում», օրինակ՝ այլեւս պարտադիր չի լինելու «գո՞ղ ես» հարցին դրական պատասխանելը։ Մինչդեռ նախկինում անգամ իրավապահների նման հարցադրմանը «օրենքով գողերը» պարտավոր էին դրական պատասխանել, հակառակ դեպքում նրանք «կփչանային»։ Հիմա «ստրախովկաներ» են գործելու»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին փոխարինելու եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին վերապահված է նաեւ դատավորների բարեվարքության ստուգումը, սակայն չափորոշիչները դեռ հստակ չեն: Վերջին օրերին շատ դատավորներ ներքին քննարկումներում դժգոհել են, թե ում է վստահված 3-րդ իշխանության զտումը. մի հանձնաժողովի, որի նախագահը աշխատել է դրամաշնորհներով, այսինքն` վարձատրվել է ոչ թե իր կատարած աշխատանքի դիմաց, այլ նախապես ստացել է դրամաշնորհ եւ իրականացրել է այն տրամադրողի քաղաքական գիծը: Բացի այդ, դատավորները վստահ են, որ խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման, որը կխաթարի 3-րդ իշխանության անխափան գործունեությունը: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ, որը հակադարձեց. «Դրամաշնորհ ստացել է նաեւ ՀՀ կառավարությունը, նախկինում էլ Արդարադատության խորհուրդը, ԲԴԽ-ն… ուրեմն դատական իշխանությունը դա իրենց վերաբերելի համարո՞ւմ է»: Նա հիշեցրեց, որ իրենք ընդամենը հայտարարագրերի ուսումնասիրությամբ են զբաղվելու»:


«Իրատես» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ այս իշխանության աքիլեսյան գարշապարը կադրային քաղաքականությունն է, իսկ կադրերը, ինչպես հայտնի է, շատ բան են որոշում։ Այսօր, երբ այս կամ այն ոլորտի անհաջող ղեկավարի մասին ենք խոսում, ինքներս մեզ հարց տվե՞լ ենք` այդ տեղում հայտնված մարդու ճանապարհն ինչպե՞ս ենք հարթել, դրանում չկա՞ մեր մեղքի բաժինը։ Մեր իրականությունում չի եղել այնպիսի ընտրություն, երբ որեւէ քաղաքական ուժ, իշխանության գալու հայտ ներկայացնելով, հայտարարի, թե իրեն ընտրելու դեպքում ովքեր են լինելու իր կառավարության անդամները, մասնավորապես կարեւոր ոլորտներ ղեկավարող անձինք։ Քաղաքացիները միշտ ընտրել են մեկ հոգու, ոչ թե թիմ, իսկ այդ մեկ անձը սեփական քիմքին ու նախասիրություններին հարիր ձեւավորել է իր կառավարությունը։ Այս հարցում միայն քաղաքական ուժերը չեն մեղավոր, հասարակությունը եւս երբեք քաղաքական ուժի առաջ պահանջ չի դրել, թե իշխանության գալով, ովքեր են լինելու նրա առանցքային դերակատարները։ Այսինքն երկկողմանի անհաջող «գործարք» է եղել։ Դրա համար հիմա պետք չէ այս կամ այն նախարարի հրաժարականը պահանջել՝ առանց նրա այնտեղ հայտնվելու համար սեփական մեղավորության չափը գնահատելու։


Ի դեպ, երբ քաղաքական ուժը մինչ ընտրություններ առնվազն ռազմավարական կարեւոր ոլորտների ղեկավարների իր թեկնածուներին է ներկայացնում հանրությանը, ընտրվելուց հետո իշխանության պատասխանատվությունը կադրերի հարցում կիսվում է։ Այդ պարագայում իշխանությունը լիովին իրավունք ունի ասելու հանրությանը. «Դուք գիտեիք՝ ում եք ընտրում, ինչու՞ եք հիմա դժգոհում»։ Իսկ կադրերը, ինչպես միշտ, այս իշխանության օրոք էլ ընտրվել են բարեկամ-խնամի-ծանոթ սկզբունքով, տվյալ դեպքում` քայլե՞լ է, թե՞ ոչ։ Այս սկզբունքով կառավարման օղակում էին եւ են հայտնվել մարդիկ, որոնք պետք է կիլոմետրերով հեռու լինեին այդ պաշտոններից։ Անշուշտ, անգամ ժողովրդի ուղիղ ընտրությամբ դժվար է կանխորոշել` այս կամ այն մարդը կարո՞ղ է լավ նախարար, ԱԱԾ պետ լինել, թե՞ ոչ, բայց առնվազն նրա քայլերի համար հասարակությունը սեփական մեղավորությունը կզգա»: