Այս պայմաններում չենք աշխատի. ԲՀԿ-ն բոյկոտեց ԱԺ նիստը
Ազգային ժողովում այսօր թեժ էր: Բանավեճը ԲՀԿ-ի ու Իմ քայլը խմբակցության միջև հասավ այն աստիճանի, որ ԲՀԿ-ն բոյկոտեց խորհրդարանի աշխատանքներն ու լքեց նիստերի դահլիճը:
«Երկու օր է Գագիկ Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձրել են մառազմի և մազոխիզմի փառատոն»,- իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Պատգամավորի խոսքով, ներդրումների թեման չի հաջողվի փոշիացնել. «Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել: Մենք լքում ենք խորհրդարանը, և դուք եք պատասխան տալու, թե ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերը ուղղել: Մենք քաղաքական բոյկոտ ենք անում»,- ասաց նա ու գործընկերների հետ դուրս եկավ դահլիճից:
Ավելի վաղ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարել էր, որ նողկանք է ապրում.
«Որպես 12 տարվա խորհրդարանական՝ երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ, այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել: Ձեր հիմնական գործիքը մանիպուլյացիան է»:
Նա նաև շեշտեց, որ որևէ մեկն իրավունք չունի վիրավորելու Գագիկ Ծառուկյանին. «Եթե չեք հասկացել իր որևէ հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք ձեր մեջ»,- հավելեց Զոհրաբյանը: