24.11.2024
ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Խնամիների հարցում բախտս չբերեց. Ծառուկյան-Սուքիասյան հարաբերությունները լարվել են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին գործարար Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ հիմա Հայաստանում չկան բավարար պայմաններ ներդրումների համար, պատասխանել է, թե չի կիսում Ծառուկյանի կարծիքը։ Երեկ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է խնամու ասածին․ «Ես դոկումենտալ եմ ասում, ոչ թե հաճոյանում եմ»։ Այդպիսով ակնարկելով, որ Սուքիասյանը հաճոյանում է Նիկոլ Փաշինյանին։ Մենք տեղեկացանք, որ այս հրապարակային վեճը լուրջ կոնֆլիկտի միայն երեւացող մասն է։ Խնամիների հարաբերությունները խիստ լարվել են Սուքիասյանի նախօրեի հարցազրույցից հետո, եւ երբ վերջինս փորձել է հարթել իրավիճակը, Գագիկ Ծառուկյանն անգամ հեռախոսին չի պատասխանել եւ մերձավոր շրջապատում ասել է՝ բախտս չբերեց, էլի, խնամիների հարցում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը դադարեցրել է Աբովյանում նորաստեղծ ընտանիքների համար նախատեսված 13 բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքը: Այդ 900 բնակարանները ինքնարժեքով պետք է հատկացվեին նորաստեղծ ընտանիքներին: Պատճառը Ծառուկյանի և իշխանության հակասություններն են: Քաղաքաշինական մարմինները ցանկացել են շինարարին տուգանել 700 մլն դրամով՝ նախագծից մանր շեղումներ թույլ տալու համար: Ծառուկյանը ցանկություն է հայտնել այդ գումարով նորաստեղծ թաղամասի համար կառուցել դպրոց և մանկապարտեզ, սակայն իշխանությունը մերժել է նաև այս առաջարկը, ինչից հետո շինարարությունը դադարեցվել է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 21-ին Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, հայտնի է, որ սկանդալային միջադեպ եղավ. եկեղեցի մուտք գործեց ադրբեջանցի վիդեոբլոգեր Աթա Աբդուլաեւն ու հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզաբանումներ է խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը ապահովող ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Գեւորգ Մովսիսյանից  մասնավորապես, հետաքրքրվելով՝ ինչով է պայմանավորված, որ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների կազմը գրեթե հիմնովին փոխվել է, եւ նրանց թիվն օրըստօրե ավելանում է: Դատելով այս փոփոխություններից` արդյոք վարչապետին որեւէ վտանգ է սպառնում եւ, ընդհանրապես, ինչ երաշխիք կա, որ առաջիկայում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նման դեպքերը չեն կրկնվի: Ելնելով ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գ. Մովսիսյանի՝ «Ժողովուրդ» օրաթերթին տված պարզաբանումից` այստեղ անհանգստանալու, կասկածներ ունենալու առիթ չկա: «Հայտնում եմ, որ Պետական պահպանության ծառայությունը լիարժեք իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները` մասնավորապես, ապահովելով ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ անձանց անվտանգությունը»,- ասել է Գ.Մովսիսյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ևս կապ ունի «պարկուճների փոփոխության» գործի հետ: Սարգսյանը ոստիկանապետ է նշանակվել մարտի 1-ի ոճրագործությունից անմիջապես հետո, և հենց նրա ղեկավարության ներքո են ոստիկանության աշխատակիցները վերացրել հանցանշանները: Ըստ մեր աղբյուրի՝ բավական պրոֆեսիոնալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայկ Մարությանը «խառը» վիճակների մեջ է ոչ միայն «ԿամԱԶ»-ների մասով, այլեւ իր արձակուրդի. քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանն ինչ-որ կեղծիք է կատարել արձակուրդի փաստաթղթերում: Այս խնդրո՞վ եք դիմել դատախազություն՝ հարցրինք «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանին։ «Այո»: Դա առնչվում է հոկտեմբերի 17-ին քաղաքապետի` արձակուրդ գնալու կարգադրությա՞նը։ «Բանն այն է, որ Հայկ Մարությանի մամլո քարտուղարը լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մարությանը, ըստ այդ կարգադրության, արձակուրդից պետք է վերադառնա նոյեմբերի 4-ին, սակայն արձակուրդը դե ֆակտո երկարացվել էր, նախկին կարգադրությունը, փաստացի, դրվել էր մի կողմ (իրականում վերացվել էր), եւ ստեղծվել էր նոր կարգադրություն` հետին թվով»: Մարությանի ստորագրությա՞մբ։ «Այո, այդ փաստաթղթի տակ նրա ստորագրությունն է․ տպավորություն են ստեղծում իբրեւ քաղաքապետը չի երկարաձգել արձակուրդը, այլ հրամանն ի սկզբանե հենց այդպիսին է եղել․ «Քաղաքապետ Հայկ Մարությանին հատկացնել 14 աշխատանքային օր` հոկտեմբերի 22-ից հոկտեմբերի 8-ը ներառյալ»։ Կարգադրության մյուս մասում էլ․ «Հանձնարարել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին` գործուղում մեկնելու անհրաժեշտության կամ այլ չնախատեսված դեպքերում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին»։ Սա 2 քրեական գործի հիմք է. նախ, որ քաղաքապետն իրավասու չէ փոխանցել լիազորությունները Հայկ Սարգսյանին, եւ ապա այս փաստաթուղթը կեղծ է, որովհետեւ քաղաքապետն այդ օրը գտնվել է արձակուրդում, սակայն որոշման տակ դրված է իր ստորագրությունը»: Դուք հույս ունեք, որ դատախազությունն ընթա՞ցք կտա գործին։ «Անշուշտ, դատախազությունն արդեն իսկ արձագանքել է»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործող իշխանությունները տոտալ գործընթաց սկսեցին նախկին պաշտոնյաներին ձերբակալելու, կալանավորելու կամ հետախուզում հայտարարելու հարցում։ Խոսքը ոչ միայն Մարտի 1-ի գործի, այլ նաեւ ուրիշ քրեական գործերի հետ կապված հարցերի մասին է: Ներկայումս ՌԴ տարածքում են գտնվում մի շարք նախկին պաշտոնյաներ, որոնք խուսափում են վերադառնալ Հայաստան, ոմանց պարագայում էլ ռուսական կողմը պարզապես չի արտահանձնում նրանց։ Խոսքը մասնավորաբար ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի, ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի եւ էլի մի քանի պաշտոնյաների մասին է։ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ ռուսական շրջանակների հետ շփումներում հիշյալ անձանց «տանիքն» առաջին հերթին հայազգի գործարար Կամո Ավագումյանն է, ու նաեւ նրա ջանքերի արդյունքում է, որ նման վիճակ է այդ պաշտոնյաների հետ կապված»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելու վերաբերյալ օրինագծին, իսկ արդեն երեկ ԱԺ քառօրյայի մեկնարկին բացասական եզրակացություն ստացած օրինագծի վերաբերյալ իրենց բացասական դիրքորոշումը վերահաստատեցին իշխանական պատգամավորները: Ի դեպ՝ սա այն դեպքում, երբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանի կողմից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս թեմայի վերաբերյալ իշխանության ներսում լուրջ «բազարներ» են ընթացել, մասնավորապես, տեղեկությունների համաձայն՝ իրականում Նիկոլ Փաշինյանին խորքային ու ամբողջական չի ներկայացվել, թե ինչ հնարավոր ռիսկեր է պարունակում այս պաշտոնները քաղաքական դարձնելը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳՄՍ նախարարություն գնացած երիտասարդները, որոնք նախապես ընդամենը նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում էին պահանջել, բախվելով պատին՝ սկսեցին պահանջել նախարարի հրաժարականը։ Սակայն մայրաքաղաքի կենտրոնը բերվել էր արտակարգ վիճակի, եւ ամեն քայլափոխի ոստիկաններ էին կանգնեցվել։ Նրանք նախ երիտասարդներին հանեցին նախարարության մուտքի մոտից, ապա, երբ ցուցարարները փակեցին փողոցը, սկսեցին նրանց բերման ենթարկել ոստիկանություն եւ ուժ գործադրել։ Երբ ոստիկաններից մեկը հայտարարեց, որ փողոց փակելով խախտում են այլոց իրավունքները՝ «20 հոգով հսկա փողոց եք փակել», ցուցարարները հիշեցրին․ «Առաջ կարելի էր փողոց փակել, հիմա` ո՞չ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու հրաժարականի պահանջ կա այսօր օդում կախված՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և կրթության, գիտության, մշակույթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ Երկուսն էլ այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինյանի աջ ու ձախ ձեռքերը, և նա, ինչպես նաև ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։ «Պաշտպանել» ասվածը մեղմ է՝ ամեն ինչի պատրաստ են նրանց «չհանձնելու» համար։ Երեկ, կարելի է ասել, անգամ ռուբիկոնը հատեցին՝ ուժ գործադրելով և բերման ենթարկելով երիտասարդ ցուցարարներին, որոնք ընդամենը պահանջում են բուհերից չհանել «Հայոց լեզվի» և «Պատմության» դասավանդումը։ Թվում է՝ մենք՝ մեծահասակներս, պետք է միայն հպարտանայինք, որ նման սերունդ է աճում մեր երկրում։ Սերունդ, որը պայքարում է ոչ թե, ասենք, ուսման վարձը նվազեցնելու, բանակ չգնալու, ասպիրանտուրայում ուսման քվոտաները մեծացնելու և այլ մերկանտիլ պահանջների համար, այլ «Հայոց լեզվի» ու «Պատմության» դասավանդման։ Ի՞նչ խնդիր կա այդ պայծառ, հայրենասեր, պահանջատեր երիտասարդներին ընդունելու հարցում։ Եվ ինչո՞վ է զբաղված նախարարը, որ ավելի կարևոր է, քան այս երիտասարդներին հանդիպելը, լսելը։ Ի վերջո, 2018 թվականին նրանց իշխանության բերած ամենամեծ ուժը հենց ուսանողությունն էր, որի աջակցությամբ միայն հնարավոր եղավ հեղափոխությունը։ Նիկոլ Փաշինյանի քայլարշավն այդպես էլ քայլարշավ կմնար, եթե նա չմտներ բուհեր, և բուհերը չմիանային նրան։ Հիմա, փաստորեն, այդ երիտասարդների դեմ իշխանությունները կիրառում են այն նույն մեթոդները, որոնք կիրառվում էին իրենց դեմ նախկին՝ մերժված իշխանությունների կողմից։ Շատ կարճ չէ՞ր ժամանակը՝ անցյալը մոռանալու և նախկին համախոհներին ուրանալու համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ բուհական համակարգի նպատակներից մեկն էլ ազգային ինքնության և համամարդկային արժեքների, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության արմատավորումն է։ Օրենքով նախատեսվում է երկու տեսակի բուհերի գոյություն՝ մասնավոր և հանրային: Հանրային են այն բուհերը, որտեղ պետությունը հանդես է գալիս կա՛մ հիմնադրի, կա՛մ մասնակցի դերում: Չնայած հանրային բուհ հասկացության ներդրմանը, բուհական կրթությունը նաև հանրային բուհերում հիմնականում լինելու է վճարովի, այսինքն՝ կրթությունը Հայաստանում շարունակելու է մնալ ապրանք և ոչ թե իրավունք»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՀՀ առողջապահության նախա­րար Արսեն Թորոսյանը դրոշակ է սարքել իր առաջարկած նախագիծը, ըստ որի, նախատեսվում է ներդնել առողջապահության համապարփակ ապահովագրություն՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով, և հանրային քննադա­տության է ենթարկել ԱԺ «Լուսավոր Հա­յաստան» խմբակցությանը, թե իրենք դեմ են առողջության համապարփակ ապահովագրությանը, և սա վերածվել է փոխադարձ մեղադրանքների ու լեզվակռվի, պարզվում է՝ բանից անտե­ղյակ է ոլորտի պատասխանատու ԱԺ հանձնաժողովը: Վերոնշյալ նախագծի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանու­թյուն ստանալ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանից, սակայն ապարդյուն: Նա, մասնավորապես, նշեց, որ տեղյակ չէ նախագծի «պարունակությունից», քա­նի որ չի հասցրել կարդալ նախագիծը: Այդուհանդերձ, նա խոստացավ պա­տասխանել բոլոր հարցերին՝ այն ըն­թերցելուց հետո»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք վերաբերվում Հայ առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին։ «Միայն կողմ եմ»: Ինչո՞ւ։ «Որովհետեւ հայ եկեղեցու պատմությունը չի կարելի դիտարկել հայոց պատմությունից զատ, եւ եթե հայ եկեղեցու պատմությունը հանում են ու ներառում հայոց պատմության մեջ, լրիվ նորմալ է»: Իսկ Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ կետն է խախտվում այդ դեպքում, որովհետեւ այն ամրագրում է` Հայ առաքելական եկեղեցին ունի բացառիկ առաքելություն հոգեւոր-մշակութային կյանքում՝ հայ ինքնության հարցում։ Կա նաեւ 2007թ․ ընդունված օրենքը` Հայաստանի Հանրապետության եւ եկեղեցու հարաբերությունների մասին, ուր հոդված 8-ով գրված է` եկեղեցին կարող է մասնակցել Հայ առաքելական եկեղեցու պատմության բովանդակային` կրթական ծրագրերի մշակմանը։ «Չկա օրենսդրություն, որը համընդհանուր կդարձներ Հայ առաքելական եկեղեցու դասավանդման առարկան։ Նաեւ կարծում եմ, որ այն պետք է դասավանդվի հայոց պատմության շրջանակներում»: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ընտրությունների ժամանակ «Իմ քայլն» այդ մասին չտեղեկացրեց, որովհետեւ ժողովուրդը նման մանդատ ձեզ չի տվել` հայոց լեզուն եւ հայոց պատմությունը բուհերի «ինքնավարությանը հանձնելու», եկեղեցու պատմությունը հանելու։ «Նախ` ցանկացած պետության համար պետությունն ու կրոնն անջատ են»: Բա ինչո՞ւ եք միացնում պատմությանը, չէ որ պատմությունը հայոց պետության մասին է։ «Ո՛չ, այդպես չէ, մենք մեր նախընտրական ծրագրում շեշտադրել ենք, թե ինչպիսին են մեր մոտեցումները՝ չի դասավանդվում նաեւ հայոց պետականության պատմությունը, չէ՞, ինչո՞ւ պետք է պետությունը ստորադասել առաքելական եկեղեցու պատմությանը»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զբոսաշրջությունը գերակա ճյուղ հռչակած Հայաստանի հյուրանոցներում մի քանի տոնական օրվա հանգիստը առանձին դեպքերում գերազանցում է 1 մլն դրամը: Օրինակ՝ Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը 2 անձը Նոր տարին կարող են դիմավորել 900 հազար դրամով: Ջերմուկի «Արմենիա» հյուրանոցում Ամանորյա փաթեթը չորս հոգու համար, դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը, արժե 1 մլն 600 հազար դրամ: Իսկ Թբիլիսիի «Vaki» հյուրանոցն, օրինակ, 4 գիշերվա համար առաջարկում է 47 հազար դրամից 55 հազար դրամ՝ երկու անձի համար: Բայց շատ են այն քաղաքացիները, որոնք պարզապես բնակարան են վարձում` օրը 5000-6000 դրամով: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չի համաձայնել, որ Վրաստանում գներն ավելի մատչելի ու մրցունակ են: «Բացառություն կարող է կազմել միայն Ամանորյա փաթեթների առումով, որովհետեւ մեզ մոտ` բոլոր զբոսաշրջավայրերում` կլինի Ծաղկաձորը, Դիլիջանը, Ջերմուկը, ավադույթ է ձեւավորվել՝ Ամանորին հանդես են գալիս հիմնականում փաթեթային առաջարկներով»,- ասել է Ապրեսյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրենսդիրը վաղը՝ խմբակցությունների առաջարկները քննարկելու «թայմ աութի» կարճ շրջանից հետո, կշարունակի Բյուջե – 2020-ի քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ խմբակցությունների գրեթե բոլոր առաջարկները մերժվել են: Դրական եզրակացություն են ստացել միայն «Իմ քայլ»-ի հատուկենտ առաջարկները: 3 խմբակցություններից 225 առաջարկ է եղել՝ 28-ը` «Իմ քայլ»-ից, 46-ը` ԲՀԿ-ից, 115-ը` «Լուսավոր Հայաստան»-ից: Մերժվել է, օրինակ, ԲՀԿ առաջարկը՝ նվազագույն 25 հազար 500 դրամ ծերության կենսաթոշակը դարձնել 36 հազ. դրամ: «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկների գերակշիռ մասը մարզային մշակութային կենտրոնների ու այլ նորոգումների մասին է: «Իմ քայլ»-ից Նարեկ Զեյնալյանի 5 առաջարկներից միայն 2-ն են ընդունվել: Բայց, օրինակ, նրա եւ Արփի Դավոյանի համատեղ 2 առաջարկները, որոնցով շտապ օգնության բժշկական անձնակազմի աշխատավարձերի ավելացում է նախատեսվում, դրական արձագանք են ստացել: 3-ական առաջարկություն են ներկայացրել նաեւ Վարազդատ Կարապետյանն ու Վիկտոր Ենգիբարյանը, որոնք եւս մերժվել են: Հիշեցնենք, որ ընդդիմադիրները չեն պաշտպանում նախագիծը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նշենք, որ այն ստեղծվել էր վեց ամիս ժամկետով եւ պետք է ուսումնասիրության ենթարկեր ու համապատասխան քննություն անցկացներ Ապրիլ յան քառօրյայի վերաբերյալ։ Բնականաբար, վեցամսյա ժամկետը լրացել է, ու երեկ հայտնի դարձավ, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը եւս վեց ամսով երկարաձգելու հարցը ընդգրկված է ԱԺ ընթացիկ քառօրյայում։ Ըստ էության, ստացվում է այնպես, որ անցած վեց ամիսների ընթացքում հանձնաժողովն այդպես էլ ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրել ու որեւէ «սենսացիոն» բացահայտման չի հանգել։ Այս առումով «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ հանձնաժողովի աշխատանքները երկարացնելու հարցը պարզապես քաղաքական նպատակներ է հետապնդում, քանի որ սա արվում է, որպեսզի իմիտացիա ստեղծվի, թե գերկարեւոր աշխատանքով են զբաղված եւ լուրջ բացահայտումներ են պատրաստվում անել։ Տեղեկատվության համաձայն, դա արվում է գլխավորապես քաղաքական օրակարգում Ապրիլյանի ու ռազմական ոլորտում ուսումնասիրության թեման հանրային ուշադրության կենտրոնում պահելու համար։ Եթե հավելենք, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված իր կարծիքը հայտնել եւ բաց տեքստով հստակ պարզաբանումներ է ներկայացրել նաեւ Պնախարար Դավիթ Տոնոյանը, պատկերը դառնում է ընդհանրական»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Կիրակի՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ 6 մարզի 12 համայնքում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Բացի դրանից, ևս 4 համայնքում արտահերթ ընտրություններ են։ Արագածոտնի մարզի Ավան և Արարատի մարզի Տափերական համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են, իսկ Արարատի մարզի Նորաշեն ու Արմավիրի մարզի Ծիածան համայնքում՝ ավագանու արտահերթ ընտրություններ։Ուշագրավ է, որ նախորդ ՏԻՄ ընտրությունների օրինակով այս անգամ էլ կարելի է ասել, որ քաղաքական ուժերը ներկայացված չեն ՏԻՄ ընտրություններում։ 14 համայնքից միայն Արմավիրի մարզի Ծիածան և Շիրակի մարզի Անուշավան համայնքներում են առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական։ Սակայն նրանց էլ կուսակցությունը չի առաջադրել, այլ ինքնաառաջադրվել են։ Առաջադրված մնացած բոլոր թեկնածուները անկուսակցական են»։


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ ամենաձնառատ ձմռանն էլ մայրաքաղաքը պատրաստ է: Բայց մինչև պատրաստվածության մասին մանրամասնելը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանը թերթի հետ զրույցում ընդգծել է, որ ձմռան մասով աշխատանքները միայն ձյունը մաքրելուն չեն վերաբերում: Դրանք ավելի ընդգրկուն են՝ հաստ տանիքներից մինչև վերելակային տանիքների նորոգում ու ջերմամեկուսացում: Հ. Խաչատրյանն արված գործերը թվերով է ներկայացրել: Նա նաև տեղեկացրել է, որ համապատասխան տեխնիկան, աղն ու ավազը ևս տեղում են՝ կազմ ու պատրաստ»: