ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներին
Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ՝ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումն ինչպես իրականացված համատեղ աշխատանքն ամփոփելու, այնպես էլ՝ հետագա անելիքները նախանշելու առումով:
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԼՂ կարգավորման գործընթացում առկա զարգացումների շուրջ:
Վարչապետն առանձնահատուկ կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների ներգրավումը խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես վերջինիս արդյունավետության բարձրացման գործուն միջոց:
Անդրադարձ է կատարվել նաև Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումներին և հանդիպումներին: