25.11.2024
ՔԿՀ-ից փախուստի դիմաց դատապարտյալ «Մաուգլին» հայտնաբերվել է. ԱԱԾ
prev Նախորդ նորություն

Մարաթոններին պետք է փոխարինեն Սփյուռքի ուղիղ ներդրումները ՀՀ ու Արցախ

«Հայաստան» համահայկական հիմնադրամն անցկացրեց ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնը: Ըստ նախնական տվյալների նվիրաբերվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար։


«Հեռուստամարաթոն-2019»-ի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն խմելու ջրի մատակարարման եւ արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաեւ Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի եւ Շիրակ։


Ամեն տարի անցկացվող մարաթոնն իհարկե կարևոր իրադարձություն է, որը նպաստում է Արցախի և ՀՀ-ի մի շարք մարզերի զարգացմանն կամ առկա խնդիրների լուծմանը, սակայն անհրաժեշտ է, որ Սփյուռքն իր ահռելի ֆինանսական ռեսուրսներով ուղիղ ներդրումներ իրականացնի ՀՀ-ում ու Արցախում՝նվիրատվություններով անհնար է լուծել սոցիալ-տնտեսական հազարավոր խնդիրներ, որոնք առկա են թե ՀՀ-ում, թե Արցախում:


Նվիրատվությունների չնչին գումարով անհնար է լուծել աշխատատեղերի ստեղծման առանցքային խնդիրը, որպեսզի դադարի ՀՀ-ի համար արդեն ազգային անվտանգության խնդիր հանդիսացող արտագաղթի խնդիրը:


ՀՀ նոր իշխանությունները խոսում են, որ բարելավել են ՀՀ-ի ներդրումային գրավչությունը, սակայն թավշյա հեղափոխությունից հետո նույն Սփյուռքը, որն ոգևորությամբ էր ընդունում այդ հեղափոխությունը չի շտապում վերադառնալ ՀՀ ու այստեղ բնակվել, ոչ էլ Սփյուռքի միլիարդատեր ու միլիոնատեր բազմաթիվ հայեր ուղիղ ներդրումներ չեն իրականացնում երկրում: Եթե ՀՀ ներդրումներ չեն անում ազգությամբ հայերը, ապա ինչպես կարող են ներդրումներ անել օտարերկրացիները, որոնք, որպես բիզնեսմեններ հաշվարկում են ՀՀ-ի հետ կապված բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ՝ծերացող ու աղքատ բնակչություն, բարձր արտագաղթ, փոքր շուկա, փակ սահմաններ, կիսապատերազմական վիճակ, լոգիստիկ խնդիրներ, Իրանի հետ կապված պատժամիջոցներ և այլն


ՀՀ-ն պետք է դառնա ներդրումների համար լավ պայմաններ ունեցող երկիր՝շեշտը դնելով առաջին հերթին Սփյուռքի ֆինանսական մեծ ներուժի վրա, որի անգամ 10 տոկոսը չի օգտագործվում, եթե հաշվի առնենք թե ինչքան միլիոնատեր հայեր կան թե ԱՄՆ-ում, թե Ֆրանսիայում, թե Լատինական Ամերիկայում ու առաջին հերթին ՌԴ-ում:


Մարաթոններով անհնար է խրախուսել տնտեսական աճ, ապահովել աշխատատեղեր և բարձրացնել ՀՆԱ-ն՝մարաթոնի միջոցով կարելի է որոշ չափով իրականացնել կոսմետիկ բարեփոխումներ և լուծել միկրո հարցեր մարզերում, սակայն տնտեսական հեղափոխությունը, ինչի մասին այդքան խոսում են նոր իշխանությունները, այդպես էլ կմնա թղթի վրա, եթե ներդրումային հոսք չապահովվի ՀՀ-ի տնտեսության մեջ: