25.11.2024
Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն արդարացվեց
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ

Նոյեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ:


Ինչպես ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում, դեսպան Լին Թրեյսիին ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբելլը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացնում էին ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:


«Շնորհակալություն հայտնելով դեսպանին հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաև շնորհավորելով նրան Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրեց իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված քաղաքական իրողությունները: Նա մասնավորապես հնչեցրեց ՀՅԴ Հայաստանի կառույցի գնահատականներն ու մի շարք մտահոգություններ բարձրաձայնեց երկրում ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ:


Հանդիպմանը մասնակից՝ ՀՅԴ ԳՄ մյուս անդամները շեշտադրեցին հանրապետությունում իրական, բովանդակային և համակարգված բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, միաժամանակ իրենց անհանգստությունն արտահայտեցին երկրում սահմանադրական և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ նկատվող անառողջ գործընթացների կապակցությամբ:


Դեսպան Թրեյսին իր խոսքում մասնավորապես նշեց. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»,- ասված է ՀՅԴ-ի հաղորդագրությունում։