Մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն արդարացվեց
Մարտիմեկյան իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանն այսօր արդարացվել է։
Ինչպես հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ որոշել է արդարացնել նրան՝ ճանաչելով և հռչակելով Սաղաթելյանի անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով:
2008թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով ճանաչվել էր մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։
Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին` առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկաննության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար: Դատավճիռը 2008թ. դեկտեմբերի 10-ին Մ. Սաղաթելյանի պաշտպանի կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը մերժվել էր։ Իսկ 2009թ. մարտի 10-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը առանց քննության էր թողել պաշտպանական կողմի ներկայացրած վճռաբեկ բողոքը:
2018թ. սեպտեմբերի 20-ին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերոնշյալ քրեական գործով ներկայացված գանգատի քննության արդյունքում կայացված վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված (խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների և միավորման ազատության) իրավունքների խախտում: ՄԻԵԴ այս որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը որպես նոր հանգամանք, հիմք ընդունեով ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել էր վճռաբեկ բողոք:
ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի բողոքի բավարարման որոշումը պատճառաբանական մասում հիմնավորելիս, ի թիվս այլնի՝ վկայակորչել է Մուշեղ Սաղաթելյանի՝ հավաքների ազատության իրավունքի խախտման վերաբերյալ «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները: