Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Էդգար Էլբակյանն անդրադարձել է Ադրբեջան կատարած հայ լրագրողների խմբի այցին, որի կազմում եղել է նաև ինքը:
««… ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պատասխանատվություն չի կրում մասնակիցների անվտանգության համար։ Անվտանգությունն ապահովելու են կողմերը…»։ Ստորագրելով սույն դրույթը պարունակող կանոնակարգի տակ՝ նոյեմբերի 17-ին լրագրողների փոխանակման այցով մեկնել եմ Ադրբեջան։ Մնացյալ 4 օրերին իմ և գործընկերներիս (Դավիթ Ալավերդյան, Արտյոմ Երկանյան) անվտանգությունը հոգալու էր մի երկիր, որի հետ հայկական պետություններն ունեն տասնամյակներ շարունակվող անվտանգային հակամարտություն։
• Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ ՀՀ, ԱՀ և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ՝ հիմքում ունենալով դեռ 2019 թ․ մարտին ՀՀ և ԱՀ ղեկավարների ձեռք բերած համաձայնությունը։ Ես ներկայացնում էի արցախյան կողմը՝ որպես Արցախի հանրային հեռուստատեսության հեռուստամեկնաբան։
• Այցելության ընթացքում եղանք Բաքու, Ղուբա և Գանձակ (Գյանջա) քաղաքներում, հանդիպեցինք մամուլի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, եղանք ամենատարբեր դիտարժան և ուշագրավ վայրերում։ Խիստ տպավորիչ էր վերադարձի ճանապարհը՝ Բաքվից գնացքով դեպի Գանձակ, իսկ այնտեղից՝ մեքենայով Ղազախով դեպի վրացական սահման․ թե՛ ուղևորության այս հատվածը, թե՛ առհասարակ ամբողջ քառօրյակը հետազոտական և քննական տեսանկյուններից ահռելի նյութ են տվել՝ ինչպես մարդաբանական-ազգագրական, այնպես էլ սոսկ ճանաչողական առումով։ Մոտակա օրերին հանդես կգամ ավելի մանրամասն մամուլի հրապարակումներով՝ անդրադառնալով այցի մանրամասներին։
•Այս լուսանկարում Բաքվի հին քաղաքում եմ (İçəri şəhər)՝ հայտնի «Աղջկա բերդ» աշտարակի առաջ (12-րդ դար)։
Հ․Գ․ Հավատացնում եմ ձեզ՝ հայոց պետությունը տեղ ու գոյության հեռանկար չէր ունենա տարածաշրջանային քարտեզի վրա, եթե մենք տանուլ տայինք 1990-ականների պատերազմը։ Խիստ դրական, արդյունավետ ու ջերմ մթնոլորտում անցած մեր ուղևորությունը մի վերջնական անգամ համոզեց ինձ դրանում», - ասված է նրա գրառման մեջ։
Հայաստանի ԱԳՆ մաուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ևս մեկնաբանել է վերջերս տեղի ունեցած հայ և ադրբեջանցի լրագրողների փոխանակման ծրագրի մասին լուրերը:
Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության, ինչպես նաև ադրբեջանցի լրագորղների Հայաստան այցելության մասին, որը ԱԳՆ-ն ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց:
«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ», - ասված է Նաղդալյանի հայտարարության մեջ: