ՀՀ վարչապետի աշխատակազմը ճշտում է տեղեկատվությունն առ այն, արդյոք Միլանում հայկական եկեղեցի ներխուժած և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցի բլոգերը անվտանգության աշխատակից է: Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նոյեմբերի 20-ին հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ միջադեպ էր գրանցվել: Եկեղեցի էր մտել մի ադրբեջանցի, որը ներկայացել էր որպես բլոգեր և հայտարարել էր՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է, նրանից խնդրում է դադարեցնել պատերազմը:
Այնուհետև լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանին Իտալիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հարց տված ադրբեջանցի «բլոգերը»՝ Աթա Աբդուլաևը, իրականում Ադրբեջանի ոստիկաններին սպասարկող անձ է: Աբդուլաևը հայտնի է եղել նախկինում որպես ՆԳՆ հասարակական կարգի պահպանման բաժանմունքի բաժնի վարիչ, իսկ այժմ կատարում է Բաքվի Նասիմի շրջանի բաժնի պետի կարգադրությունները: Նա հայտնի է որպես սադրիչ:
Վաչապետի մամոլի խոսնակը նշել է, որ երկրի ղեկավարին ուղղվող հարցերը նախապես չի որոշվում: «Դա ինչպե՞ս է կանոնակարգվել, մուտքն արդյոք ազատ է եղել», - ասել է Վլադիմիր Կարապետյանը Թերթի հետ զրույցում: «Եկեղեցին հայտարարությունը հրապարակային է արել, մասնակցությունը ազատ էր, այսինքն՝ ցուցակագրում չի եղել: Պարզապես անվտանգության ծառայությունների կողմից համապատասխան ստուգումներ են անցկացվել: Մուտքը ազատ է եղել նախօրոք հրապարակված հայտարարության հիման վրա»,- ասաց նա:
Ադրբեջանցի «բլոգերը» վարչապետին ասել էր. «Մեզ պատերազմ պետք չէ, ազատեք մեր հողը»:
«Փաստ է, որ Դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Իմացեք, որ հայը հնարավորություն չէր ունենա մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը»,- պատասխանել էր Նիկոլ Փաշինյանը:
Ավելի ուշ «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտարարեց, որ Միլանում հայկական եկեղեցում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղված ադբրեջանցին իրականում անվտանգության ծառայող է։