Ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել միայն միասնական. Էնֆիաջյանի ելույթը Մոսկվայում
Մոսկվայում նոյեմբերի 19-ին կայացել է «Խորհրդարանական խմբակցությունների փոխգործակցության դերը քաղաքական կուսակցություններում եւ դաշինքներում՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ» թեմայով միջազգային խորհրդաժողովը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, աշխատանքային քննարկումները միտված են եղել միջկուսակցական եւ միջխորհրդարանական փոխգործակցության ամրապանդմանը:
Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, ով նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են սերտ դաշնակցային, միջկուսակցական եւ միջխորհրդարանական հարաբերություններ, որոնք բնութագրվում են փոխադարձ այցելությունների եւ հանդիպումների մեծ ինտենսիվությամբ՝ ամենաբարձր մակարդակներում:
«Երկու բարեկամ երկրների միջեւ կնքվել են ավելի քան 250 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրեր եւ համաձայնագրեր՝ ներառյալ Բարեկամության պայմանագիրը: Մեր համագործակցությունն առաջնային է եւ ռազմավարական մոտեցում ունի: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 12-ին՝ պարոն Նեւերովի գլխավորությամբ պաշտոնական այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ստեղծելու աշխատանքային խումբ, որը կզբաղվի միջխմբակային եւ միջկուսակցական կապերի, երիտասարդական ծրագրերի, ինչպես նաեւ միջազգային վայրերում գործընկերության խնդիրների լուծմամբ:
Աշխարհը զարգանում է, եւ այն խնդիրները, որոնց առջեւ մենք կանգնած ենք, նույնպես զարգանում են: Եվ ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել միայն միասնական եւ գրագետ աշխատանքի շնորհիվ: Աշխարհաքաղաքական զարգացումները մեզ ասում են, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած տեսակի փոփոխության»,- ասել է Էնֆիաջյանը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ պետք է ամրապնդվի երկու երկրների ժողովուրդների միջեւ բարեկամությունը՝ դաշնակցային լայն փոխգործակցության, բոլոր ոլորտներում հարաբերությունների ինտենսիվ խորացման, կայուն խաղաղության, երաշխավորված անվտանգության ապահովման միջոցով, ինչպես Կովկասի տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: