24.11.2024
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Կարագ, միս, ձեթ. ո՞ր ապրանքները կթանկանան 2020-ից ու որքա՞ն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, թե ո՞ր ապրանքատեսակներն են 2020 թվականի հունվարից թանկանալու:


«Հայաստանը, 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև միասնական մաքսային սակագներին:


Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:


❖ Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020թ հունվարի 1-ից մաքսատուրքերը կբարձրանան մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, դրանցից 293-ը տրանսպորտային միջոցներն են:


❖ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացման արդյունքում փոփոխության ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա։ Ստացված գնահատականը համահունչ է Կենտրոնական բանկի կողմից իրականացված գնահատման արդյունքին։ Համաձայն «Գնաճի հաշվետվության»՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված ապրանքների մաքսային և ակցիզային դրույքաչափերի փոփոխության ազդեցությունը գնաճի վրա կկազմի 0.5 տոկոսային կետ։


Ներկայացնում ենք սպառողական զամբյուղում ներառված այն առավել զգայուն ապրանքները, որոնց համար 2020 թվականի հունվարի 1-ից կգործի մաքսատուրքերի նոր դրույքաչափ՝ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում․


Ընտանի թռչնի միս. նշված ապրանքատեսակի մասով, սկսած 2017 թվականից, յուրաքանչյուր տարի արդեն իսկ գրանցվել է մաքսատուրքի դրույքաչափի 4%-ի չափով բարձրացում (10% դրույքաչափը գործել է 2015-2016 թվականներին, 2017 թվականին՝ 14%, 2018-ին՝ 18%, 2019-ին՝ 22% և 2020-ին՝ 25%), սակայն վերջինիս մասով նախորդ տարիներին զգալի գնաճ չի գրանցվել:


Մաքսատուրքի բարձրացման շրջանում հնարավոր է գնաճի զսպում նաև տեղական թռչնամսի արտադրության ծավալների աճի հնարավորության դեպքում։


Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի ներմուծման դեպքում 2020 թվականից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2.5 տոկոսային կետով (12.5%-ից 15%).


Բրնձի մասով 2020 թվականին երրորդ երկրներից ներմուծման ժամանակ նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 3 տոկոսային կետով (3%-ից 6%).


Արևածաղկի ձեթի ներկրման համար հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2 տոկոսային կետով (13%-ից 15%).


Կաթնամթերքի համար 2020 թվականին երրորդ երկրներից ներմուծման ժամանակ նախատեսվում է մաքսատուրքի բարձրացում 2 տոկոսային կետով (13%-ից 15%).


Կարագի մաքսատուրքի բարձրացումը կլինի 2 տոկոսային կետով (13%-ից 15%):


Այս հղումով կարող եք ծանոթանալ 2020 թվականի հունվարի մեկից փոփոխվող բոլոր ապրանքների մաքսային դրույքաչափերին»: