24.11.2024
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հին ավանդույթներ. ՊԵԿ-ը պայմանագիր է կնքել Միքայել Մինասյանի ընկերության հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ում հին ու «լավագույն» ավանդույթները շարունակվում են։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը սեպտեմբերի 30-ին 12 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերության հետ իր կարիքների համար տեսանյութերի տարածման համար։ Ուշագրավ է, որ հայտարարված մրցույթին մասնակցել են մի քանի այլ ընկերություններ, որոնց մեջ եղել են ավելի ցածր գին առաջարկողներ, սակայն ընտրվել է հենց ամենաբարձր՝ 12 միլիոն առաջարկած «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ-ն»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պաշտպանական ոլորտում երեկ արտառոց նշանակում եղավ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով աշխատանքից ազատված գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, անցնում է մի քրգործով եւ մեղադրյալի կարգավիճակ ունի, երեկ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գնդապետ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել, որովհետեւ լինելով զորամասի հրամանատար՝ զանցառել է պաշտոնեական լիազորությունները՝ մայոր Արուսիկ Պետրոսյանին պատճառելով 905 հազար 203 դրամի վնաս: Բացի այդ, գնդապետի՝ ծառայության նկատմամբ դրսեւորած անփույթ վերաբերմունքով պետությանը պատճառել է 9 միլիոն 740 հազար 630.8 ՀՀ դրամի վնաս: Երեկ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն էլ նշանակվեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, իսկ գեներալ-մայոր Կամո Քոչունցը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր նեղ շրջապատում հայտարարել է, որ բոլոր այն ուսանողները, որոնք արդեն երկու շաբաթից ավել է դասապրոցեսին, միջանկյալ քննություններին չեն մասնակցում, հետին պլան են մղում կրթական ծրագրով նախատեսված դասաժամերը, չեն ավարտելու համալսարանը: Ավելի կոնկրետ՝ նույն կուրսում են մնալու: Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Հարությունյանն ասել է՝ թե լավ կրթություն եք ուզում, ուրեմն կտեսնեք՝ լավ կրթությունը որն է: Նախարարն անդրադարձել է նաեւ դասախոսներին՝ նշելով, որ նրանք եւս չեն աշխատում այս օրերին, հետեւաբար աշխատավարձ չեն ստանա, կամ կստանան այնքան, որքան աշխատել են»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը այժմ էլ որոշել է զբաղվել ֆիզիկական կուլտուրայով, սպորտով և երիտասարդությամբ՝ ներկայացնելով այս ոլորտների զարգացմանը վերաբերող ռազմավարության նախագիծ: Պետք է ասել, որ ռազմավարությունը բավական խոստումնալից է, քանի որ դրանով նախատեսվում է Երևանում լողի պետական մարզադպրոցի կառուցում, մարզկենտրոններում լողի փակ մարզադպրոցների կառուցում, փակ և բաց հրաձգարանների կառուցում և այլ բազմաթիվ միջոցառումներ: Միայն թե այս ռազմավարությամբ անհայտ է մնում, թե այդ ամենը երբ պետք է իրականացվի՝ 2050թ. առա՞ջ, թե՞ հետո»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով նույնիսկ օրինագծերի քվեարկություններ են տապալվում: Օրերս պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Գործուղված պատգամավորները նույնիսկ իրենց քվեարկության մասին գրավոր տեղեկություն չէին թողել: Նոյեմբերի 12-ից մեկնարկած նստաշրջանն անցնում է գրեթե դատարկ դահլիճում: Նոյեմբերի 11-16-ը Վաշինգթոն են գնացել Լիլիթ Մակունցը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանն ու Տաթևիկ Հայրապետյանը: Գրեթե նույն օրերին` նոյեմբերի 11-15-ը, Նայրոբի են գործուղվել Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը: Այս օրերին ԱՄՆ-ում են նաև Անի Սամսոնյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանն ու Լիլիթ Ստեփանյանը: Տարեվերջյան «ռելաքս» կվայելեն նաև կաբինետում: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը արձակուրդում կլինի ՊՆ Դավիթ Տոնոյանը, դեկտեմբերի 2-4-ը` Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, իսկ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ն էլ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ՊԵԿ՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարար, Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկեր Ֆեդերիկո Պոլիդորին, ով «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական «Իթելիան սթոունվեյր հոլդինգի» փոխնախագահն է: Ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանում բացվեց այս ընկերության եւ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» համատեղ բիզնես-պրոյեկտը՝ կերամիկայի գործարանը, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Ծառուկյանի իտալացի գործընկերը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, շեշտեցին՝ հարցաքննությունը չի վերաբերել կերամիկայի գործարանին: Նույնը կրկնեց Պոլիդորիի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել, թե որ գործով է իր վստահորդը հարցաքննվել: Ասաց, որ համաձայնություն չունի նրանից մանրամասներ հայտնելու, իսկ Պոլիդորին հարցաքննությունից հետո մեկնել է Հայաստանից: Հիշեցնենք, որ դեռեւս 2014-ին իտալացի այս գործարարին ընդունել էր նաեւ այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկվում էր Հայաստանում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու նախագիծը։ Հիշեցնենք նաեւ, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է գործարանի բացման, ապա տանտիրոջ հանդեպ քրեական գործ է հարուցվում։ Այդպես եղավ նաեւ «Սպայկայի» դեպքում՝ պանրի գործարանի բացումից օրեր անց տնօրենը կալանավորվեց, ապա մեծ գումար վճարելով՝ ազատ արձակվեց, եւ սկսվեց «Սպայկայի» սնանկացումը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Իմ քայլը» խմբակցությունում լուրջ տարաձայնություններ կան «Դեղերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների առնչությամբ: Պատգամավորներից շատերը պնդում են, որ ամենեւին էլ անհրաժեշտություն չկա, որ օրենքում բնակչությանը դեղատոմսով տրվող դեղերի գովազդ զետեղվի: Իսկ, ահա, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակառակ տեսակետն ունի ու զիջումների դարձյալ չի գնում: Այստեղ ամենաուշագրավն այն է, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, «Իմ քայլ»-ից շատերին ապսպրել են, թե նախագծի հեղինակը վարչապետ Փաշինյանն է, որը վերջերս դեղագործների հետ հանդիպմանը խոստացել է, որ այսպիսի օրենք կլինի: Այնինչ Նիկոլ Փաշինյանի խոստումը դեղերի շուկայի՝ օրենքով կարգավորմանն է վերաբերել, իսկ նախարար Թորոսյանը պարզապես իր համար նախընտրելի դրույթ է նախագիծ խցկել: Գլխադասային հանձնաժողովը կառավարության՝ հրատապ ռեժիմով քննարկման ուղարկած այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել: «Իմ քայլ»-ում էլ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այսօրվա քվեարկության խայտաբղետ պատկեր կլինի:


«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը պարզաբանել է, որ նախագծին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախարարությանը վերապահված հանրային իրազեկում, ըստ էության, հենց գովազդ ներառող այդ դրույթի պատճառով: «Անհասկանալի է նպատակը, որովհետեւ պետական նպատակային ծրագրերում դեղատոմսով տրամադրվող դեղերը հանրային իրազեկման կարիք չունեն, որովհետեւ այդ դեղերն արդեն պետությունը գնել է, ու այդ դեղերը, դեղատոմսով դուրս գրվելով, տրվում են բնակչությանը»,- ասել է Զեյնալյանը` շեշտելով, որ անառողջ մրցակցային դաշտ կստեղծվի, դեղորայքը, որ պետությունն է գնում, այլ ներկրող էլ է այն ներկրում, եւ արդյունքում այդ գովազդը կխթանի ներկրողի բիզնեսը: Որ ներկրողների շահերին է ծառայեցնում նախարար Թորոսյանը այս օրինագիծը` դեռ պարզ չէ: Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովից Լուսինե Բադալյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Նախագիծն ինքը շատ կարեւոր նախագիծ է, բայց քանի որ հենց նախագծի մեջ է հենց այս կետը զետեղված… Հասկանո՞ւմ եք, մտցված է նախագծում, որ անցնի դա. սա է խնդիրը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեզ մի կողմից զգուշացվեց` դաս քաղել եւ «օրենքով գողերի» օրինագծի քննարկման ժամանակ համապատասխան պահվածք ու դիրքորոշում որդեգրել, հակառակ դեպքում ձեզ ցույց կտան, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները», դաս քաղե՞լ եք՝ հարցրինք ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին։ «Ո՞վ է ասել, որ պետք է դաս քաղենք»: Օրինակ՝ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը։ «Ճիշտն ասած` մի քիչ զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են իրենց համար երեւակայական աշխարհ ստեղծել, ապրել այդ աշխարհի մեջ․ ի՞նչ է նշանակում «դաս քաղել»։ Թույլ տվեք չմեկնաբանեմ որեւէ արտահայտություն. կարող եմ ասել, որ մենք պարկեշտ քաղաքական ուժ ենք, շատ լավ գիտենք ինչ ենք անում, ինչպես ենք անում»: Իսկ ի՞նչ եք կարծում՝ «Իմ քայլը»-ԲՀԿ սագան ինչո՞վ կավարտվի` դուելո՞վ, թե՞ համերաշխությամբ։ «Ո՛չ դուելով, ո՛չ համերաշխությամբ։ Սա քաղաքական ընթացք է, եւ ժամանակը ցույց կտա` ով է սխալ, ով` ճիշտ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերնատունը» մտադիր է համաժողով անցկացնել Արցախում: «Վերնատան» նախաձեռնող խմբի անդամները մտադիր են առաջիկայում այցելել Արցախ եւ այնտեղ կազմակերպել կլոր սեղան, որի հիմնական թեման լինելու է Արցախի հարցի միջազգային կարգավորումը եւ ՀՀ իշխանությունների ոչ կոմպետենտությունն այդ հարցում: Իրականում այդ միջացառման նպատակը լինելու է հայաստանյան ընդդիմադիր ուժերի աջակցությունը նախագահ թեկնածու Վիտալի Բալասանյանին, քանի որ «Վերնատան» ներկայացուցիչների արցախյան գործընկերը Վիտալի Բալասանյանն է: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ այս կառույցը իրականում ստեղծվել է նեղ կուսակցական եւ անձնական խնդիրներ լուծելու համար, մի խոսքով՝ սա քարոզչական կազմակերպություն է եւ ոչ ավելին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` հայ-բրիտանական հարաբերություններում ինչ-որ բան այն չէ. նախորդ օրը ԱԳ նախարարն ընդունել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին։ Սա նշանակում է, որ Միացյալ Թագավորությունն իր ներկայացվածության մակարդակը Հայաստանում դեսպանից իջեցնում է հավատարմատարի մակարդակի։ «Դիվանագիտության մեջ սա անչափ լուրջ ժեստ է»,- ասաց ԱԳՆ աղբյուրը: Հիշեցնենք, որ դրանից առաջ ՀՀ-ում ՄԹ դեսպան էր նշանակվել հայազգի Ալեն Գոգբաշյանը, ապա ՄԹ-ն չեղարկեց հաստատված թեկնածությունը: Փորձագետները պնդում են, որ Բրիտանիայի հետ ստեղծված վիճակը մի քանի շերտ ունի` սկսած Ամուլսարից մինչեւ Ռուսաստանի հետ ՀՀ իշխանությունների «սիրախաղ» ու նախագահ Արմեն Սարգսյան, ով ՄԹ-ում, կարելի է ասել, Հայաստանի վերջին դեսպանն էր․ երջանկահիշատակ Արման Կիրակոսյանը հազիվ մի 4-5 ամիս մնաց այդ պաշտոնում եւ չհասցրեց հավատարմագրերը հանձնել թագուհուն։ «Իմանալով հանդերձ, որ մարդը լուրջ հիվանդ է, ուղարկեցին ՄԹ, արդեն մեկուկես տարի է, փաստացի, մենք այնտեղ դեսպան չունենք։ Իսկ Ադրբեջանի հետ փայլուն հարաբերություններ ունեցող կարեւորագույն երկրի հետ այս վիճակն անլուրջ է, եթե չասենք՝ դիվանագիտական նոնսենս»: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեցինք ճշտել` Մեծ Բրիտանիան դեսպան կունենա՞ Հայաստանում։ Նա ասաց, որ այդ հարցերը բրիտանական կողմի տիրույթում են, իսկ ինչ վերաբերում է ՄԹ-ում ՀՀ դեսպանին, ապա մեզ 2 օր չհաջողվեց պատասխան ստանալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի հարցով իմքայլական պատգամավորների եւ ջերմուկցիների փակ հանդիպման նախաձեռնողը եղել է վարչապետը: Նա պատգամավորներին հորդորել է, որ պարբերական հանդիպումներ կազմակերպեն ու համոզեն ջերմուկցիներին: Եվ սա վերջին հավաքը չի լինելու: Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ փակ հանդիպմանը չմասնակցեն բնապահպանները եւ քննարկումը չսրեն: Բայց այս քննարկումները հուսադրող չեն։ Չնայած ջերմուկցիներին խոստացել են, որ լավ կլինի՝ աշխատատեղեր կունենան, եւ ռիսկերի մասին խոսակցություններն էլ միֆ են, այլապես Հայաստանում ոչ մի հանք չէր շահագործվի, այդուհանդերձ, քննարկման որոշ մասնակիցներ անդրդվելի են մնացել եւ ասել են, որ չեն ապաշրջափակելու հանքի ճանապարհը: Համոզել են, որ գոնե թույլ տան տեխնիկան մտնի տարածք, տեսչական մարմիններն աշխատեն, ձյունը գալուն պես դա անհնար կլինի։ Ապարդյուն»:


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը շարունակում է հանգիստ չտալ որոշ ուժերի։ Ռուսական հեռուստաընկերությունների՝ հայկական մուլտիպլեքսում ներառված լինելու թեմայի առնչությամբ ՀՀ իշխանությունների առաջ քանիցս իրենց անհանգստությունն են բարձրաձայնել արևմտյան գործընկերները, հատկապես ԱՄՆ-ի դեսպանատունը։ Թերթն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ռուսական հեռուստաընկերությունների հարցն այն աստիճան է հետաքրքրում արևմտյան սեկտորին, որ մասնավորաբար «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին պատվիրել են իրականացնել ՀՀ մեդիայի սպառման և ապատեղեկատվության մակարդակի ուսումնասիրության տվյալներ։ Ըստ հարցման արդյունքների, Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում բնակչության 35,7 տոկոսի համար հեռուստատեսությունը հանդիսանում է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը։ Հարցման արդյունքների համաձայն, հարցվածների համապատասխանաբար 6,1 և 5,1 տոկոսը նախընտրում է ռուսական РТР և «1-ին ալիք» հեռուստաընկերությունները։ Այս ցուցանիշն ինքնին արտառոց չէ, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, խնդիր է դրված, որպեսզի ռուսական հեռուստաալիքները հանրության շրջանում ներկայացվեն որպես «անվստահություն» և «ապատեղեկատվություն» տարածող լրատվամիջոցներ։ Ըստ լուրերի, ռուսական ալիքների հարցը ներկայումս գտնվում է ՀՀ գործող իշխանությունների օրակարգում, սակայն խնդիրը «լուծելու» ուղիները դեռևս չեն գտնվում, որպեսզի հնարավոր լինի գոհացնել թե՛ արևմտյան գործընկերներին, թե՛ ռուսներին»:


«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Նոյեմբերի սկզբին, երբ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր Ռուսաստանի կողմից Հայաստանի ատոմակայանի վերազինմանն ուղղված միջպետական վարկի երկարաձգման հնարավորությունների հարցը, լսումներին մասնակցող «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն ասաց, թե Հայկական ԱԷԿ-ը մտադիր է իրականացնել աշխատած միջուկային վառելիքի կառավարման իր ծրագիրը: Անդրադառնալով այդ կառավարմանը՝ նա շեշտել էր, որ կայանում առկա շինությունները թույլ են տալիս պահեստավորել դրանցում աշխատած միջուկային վառելիքը (ԱՄՎ): Բացի միջին ակտիվության ԱՄՎ-ից, ՀԱԷԿ-ը պահման և պահեստավորման հետ կապված խնդիրներ չունի: Իսկ ինչ վերաբերում է միջին ակտիվության ԱՄՎ-ին, ապա մոտ ժամանակներս կսկսվի աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունը, որը թույլ կտա առնվազն մինչև 2036 թ. լուծել այդ խնդիրը: Ի դեպ, այդ պահեստներում վառելիքը կարող է պահվել առնվազն 50 տարի, իսկ առավելագույնը՝ 300 տարի (այնուամենայնիվ, ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում հայկական ԱԷԿ-ից ԱՄՎ-ի՝ ՌԴ տարածք դուրս բերելու հնարավորության շուրջ): Տևեկացնենք, որ կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց, որ կոմիտեն 2000 թ. ՀԱԷԿ-ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, և արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը: Բայց այդ լիցենզիան կերկարաձգվի ևս 30 տարով: Ինչու՞ է այսպես արվել»