Վինոգրադովի գործողությունները կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության․ ՀՀ դեսպանություն
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը դատապարտել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները մեր կողմից դիտարկվում են որպես բարբարոսություն Հայ առաքելական եկեղեցու տարածքում (ՀԱԵ) և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական կարգին: Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական հարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության
Ընդգծում ենք, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը սահմանված կարգով կտեղեկացնի Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին՝ Արմավիրի հայկական տաճարի տարածքում տեղի ունեցած բարբարոսության մասին», - ասված է դեսպանության մեկնաբանության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է ՀԱԵ-ի տարածք և Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով:
Ավելի ուշ նա այս քայլը հիմնավորել է նրանով, որ նոյեմբերի 11-ին լրացել է երկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում մարզային և տեղական իշխանությունները, նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչները, խոստացել էին ապամոնտաժել Նժդեհի հուշատախտակը: